ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի հավաստմամբ` ԼՂՀ վերամիավորման հարց այս պահին օրակարգում չկա: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը նա նշեց, որ այս պահին ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման, հարակից խնդիրները լուծելու խնդիրներ կան այժմ:
Հարցին` ակնկալվո՞ւմ է բանակցությունների վերականգնում, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նկատեց, թե բանակցություններն այժմ վարվում են առաջնագծում. «Այնտեղի բանակցությունները ստիպելու են, որ մարդիկ մտնեն բանակցային սեղան: Հիմա բանակցությունները տարվում են առաջնագծում»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն այս առիթով շեշտեց. «Եթե նույնիսկ մենք համոզված լինենք լայնամասշտաբ մարտական գործողություններում մեր հաղթանակի վրա, մենք պետք է ամեն ինչ անենք բանակցային գործընթացին վերսկսելու համար, մենք պետք է հասնենք խաղաղ ճանապարհով հարցի հանգուցալուծմանը»:
Դառնալով ապրիլյան քառօրյա պատերազմի առիթով միջազգային հանրության արձագանքին` պարոն Արզումանյանը նշեց, թե ի վերջո, պետք էր պատրաստ լինել, որ որևէ միջնորդ ուղղորդված ու թիրախային չէր դատապարտելու այս կամ այն կողմին: Դա այդպես է, սովորական պրակտիկա. «Ի՞նչ արձագանք, կա պատերազմական վիճակ. պետք է կարողանանք հակահարված տալ և աշխարհին բացատրել, որ վտանգված է ԼՂՀ ժողովրդի գոյատևումը, այստեղ ցեղասպանությունը կանխելու խնդիր կա: Թե չէ ճանաչման հարցը մաստակ ենք դարձրել, խոսում-խոսում ենք և դիվիդենտ ենք փորձում հավաքել այդ հարցի վրա»:
Կարդացեք նաև
Խոսրով Հարությունյանը չբացառեց, որ Ադրբեջանի կողմից հնարավոր է կրկին հարձակում. «Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն իր քաղաքական դեմքը փրկելու խնդիր ունի, ուստի նա չի հանդարտվի: Չգիտեմ` «Ֆորմուլա 1»-ից հետո կարո՞ղ է սկսվեն լայնամասշտաբ գործողություններ, թե ոչ, բայց մեր խնդիրը պետք է լինի ինչպես ասում են « отбить охоту», նրա մոտ վերացնել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու ցանկությունը»:
Թևան Պողոսյանի համար կանխատեսելի էր միջազգային հանրության նման արձագանքը. «Այստեղ կա շահերի խնդիր: Այն վայրկյանին, որտեղ ՌԴ-ի շահերից է բխելու ճանաչել ԼՂՀ անկախությունը, մի վայրկյան էլ չի սպասելու, որ ՀՀ-ն ճանաչի: Կամ նույն վայրկյանին, երբ պետք էր, ԱՄՆ-ն դարձավ Կոսովոյի անկախության ճանաչման ջատագովը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի