Այսօր ԱԺ նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Պրոբացիայի մասին» նախագիծը, որտեղ առաջին ընթերցումից հետո որոշ փոփոխություններ են եղել:
Այս նախագծով նախատեսվում է զգալիորեն բեռնաթափել քրեակատարողական հիմնարկները եւ դատապարտյալներին օգնել՝ ինտեգրվելու հասարակությանը վերականգնողական արդարադատության միջոցով: Շատ զարգացած երկրներ կիրառում են սա՝ ազատազրկման փոխարեն անձին պահելով ազատության եւ հասարակության մեջ:
Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ չափազանց կարեւորում է հաշտարարության վերաբերող դրույթների նախատեսումը: Նա ասաց, որ նախագծի հետ կապված առաջարկներ են ներկայացրել Էդմոն Մարուքյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Էլինար Վարդանյանը, Թեւան Պողոսյանը, Հովհաննես Մարգարյանը եւ նրանց առաջարկությունների հիման վրա բազմաթիվ փոփոխություններ են կատարվել նախագծում: Օրինակ, առանձին գլուխ է նախատեսվել հաշտարարության մասին:
Նախարարն ասաց, որ Պրոբացիայի ծառայությունը կսկսի իրականացնել այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են պատժից պայմանական վաղաժամկետ ազատումը, մինչեւ 3 տարեկան երեխա ունեցող դատապարտյալների, հանրային աշխատանքի տուգանքի դեպքում. «Այն գործառույթները, որոնք հին են,պետք է նոր հոգեբանությամբ իրականացվեն: Պրոբացիայի պետական ծառայողները այլեւս համարվելու են ոչ թե քրեակատարողական ծառայողներ, ոչ թե զինվորականության գաղափարախոսությունը կրող հատուկ ծառայողներ, այլ քաղաքացիական ծառայողներ: Լինելու են ոչ համազգեստավորներ, որոնք դատապարտյալի հետ պիտի կարողանան համապատասխան աշխատանք տանել՝ նրան հասարակություն վերաինտեգրելու համար: Պրոբացիայի գաղափարախոսությունն այն է, որ իրականացվի սոցիալականացում, հաշտարարություն, վերաինտեգրում»:
Կարդացեք նաև
Թեւան Պողոսյանը հարցրեց՝ Պրոբացիայի ծառայությունը ներդնելով՝ քրեակատարողական հիմնարկներում եղած խնդիրները ինչքանո՞վ կլուծվեն:
Նախարարը պատասխանեց, որ մի քանի խնդիրներ կլուծվեն, առաջին հերթին՝ քրեակատարողականների գերբեռնվածության խնդիրը. «Քրեական նոր օրենսգրքով մենք այլընտրանքային խափանման միջոցներ ենք նախատեսում ներմուծել՝ տնային կալանք եւ վարչական հսկողություն: Մենք այն ժամանակ կկարողանանք վերաինտեգրումն իրականացնել, այսօր լուրջ քայլ ենք կատարում, յուրաքանչյուրս պիտի փորձենք օգնել, այս ծառայությանը, որ կենսունակ դառնա»: Նա ասաց, որ էլեկտրոնային հսկողության տարբերակներ կան, դատապարտյալին կարող են ազատության մեջ հանգիստ վերահսկել:
Թեւան Պողոսյանն իր ելույթում ողջունեց՝ սա նոր մշակույթ է քրեակատարողականների աշխատանքում. «Միշտ չէ, որ քրեակատարողական հիմնարկները նպաստում են դաստիարակչական որեւէ աշխատանքի: Շատ ժամանակ թեթեւ խախտումներ կատարած մարդիկ որ ընկնում են քրեակատարողական, այնտեղից դուրս գալիս շատ ավելի ռիսկով են գնում երկրորդ անգամ խախտում անելու, քան ավելի դաստիարակվում են: Այս միջազգային մշակույթը կնպաստի, որ այդ մարդիկ կարողանան ավելի ընկալել մարդասիրական այս մոտեցումը եւ ապագայում չեն կրկնի իրենց խախտումները:
Էդմոն Մարուքյանն էլ պատգամավորներին կոչ արեց կողմ քվեարկել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ