Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «ԼՂՀ անկախությունը պիտի ճանաչվեր ապրիլի 3-ին»

Մայիս 12,2016 13:02

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով` ՀՀ-ն ԼՂՀ անկախությունը պիտի ճանաչեր ապրիլի 3-ին: «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկմանը պարոն Արզումանյանը, անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մա­սին» ՀՀ օրեն­ք­ի նա­խա­­գծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը, նշեց. «Կառավարությունը դրական եզրակացություն չի տվել, բայց բացասական էլ չի տվել: Բոլորս փորձում ենք հասկանալ` ի վերջո ի՞նչ եզրակացություն է տվել: Համամիտ եմ` դա եղել է բոլոր երեք նախագահների օրոք, որ այն պահին, երբ ԼՂՀ-ն հարձակման ենթարկվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի ճանաչել ԼՂՀ անկախությունը: Ինքս գտնում եմ, որ եթե մեր ընկալման մեջ այս քառօրյա պատերազմն իրոք պատերազմ էր, ապա պետք էր ճանաչել ԼՂՀ անկախությունը ապրիլի 3-ին և հնարավորություն տալ իշխանությանը շարունակել ռազմական գործողությունները: Եթե այդ պահին դա չարեցինք, հիմա արդեն անիմաստ է դառնում և արժեզրկվում ճանաչման գաղափարը»:

Պարոն Արզումանյանը հայտնեց, որ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն կտա ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը, այն կմտնի ԱԺ մեծ օրակարգ և կպահվի այնքան ժամանակ, որքան պետք է:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշեց, որ ԼՂՀ ճանաչման խնդիրը օրակարգում չէ, բայց դա չի նշանակում, որ հարցը ընդհանրապես քննարկման ենթակա չէ:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նոր է վերադարձել Արցախից: Փոխանցելով այնտեղ գոյություն ունեցող տրամադրությունները այս հարցի վերաբերյալ` նշեց. «Այնտեղ չեն կարող հասկանալ, որ այդ նախաձեռնության հեղինակները 131 պատգամավորները չեն: Բոլորի համար Արցախում անհասկանալի է այսքան երկար այդ հարցի քննարկումը»: Պարոն Պողոսյանը կարևորեց այն, թե արդյոք ունե՞նք այն հաշվարկները` ինչպես ենք մենք օգտագործելու այդ գործիքը, ինչպես Ադրբեջանը և միջազգային հանրությունը:

Հիշեցնելով Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանի հայտարարությունը,  թե ճանաչման մասին առաջինը կլսենք Սերժ Սարգսյանի շուրթերից, պարոն Պողոսյանը նշեց, որ ապրիլի 3-4-ին ՀՀ նախագահը հանձնարարական էր տվել ռազմաքաղաքական համագործակցության մասին պայմանագիր պատրաստել ԼՂՀ-ի հետ, սակայն մեկ ամսից ավելի է անցել, բայց չգիտենք` այդ քննարկումն ու գործընթացը ուր է հասել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031