Մեր զինվորների եւ հրամանատարների հերոսությունը, որը կանգնեցրեց հակառակորդի արշավը, խեղդեց նրա ախորժակը ապրիլի սկզբներին, թվում էր՝ պետք է գնահատվի, ստանա իմաստ եւ ամրագրում՝ որպես պետականության ու անվտանգության ամրապնդման լրջագույն արժեք։ Խոսքը մեդալների ու շնորհակալագրերի մասին չէ ու ոչ էլ գործարարների անձնական PR-ի համար արված օգնությունների։ Թվում էր՝ իշխանությունը պետք է իրապես դասեր քաղեր տարիներ շարունակ իրականացրած ապաշնորհ քաղաքականությունից, ձեռք քաշեր անկշտության, պետական ռեսուրսները անհագուրդ խժռելու սովորությունից։
Թվում էր՝ պետությանը ծայրահեղ աղքատության, սպառման, գրեթե անկման շեմին հասցրած իշխանությունը կսթափվի, իր մեջ մի քիչ արժանապատվություն եւ ողջամտություն կգտնի ձեռնարկելու իրական քայլեր, ոչ թե հասարակական դժգոհությունն ու երկիրը շտկելու ժողովրդական արդարացի պահանջը մեղմելու համար՝ ցուցադրական ժեստեր։ Այդպես չեղավ։
Հայ զինվորն այսօր պետք է դառնար պետության խորհրդանիշը՝ որպես մեր ինքնիշխանությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը բարձր պահած հավաքական կերպար։ Իշխանությունը պետք է ցույց տար, որ գոնե որոշ չափով արժանի է նրա կերտած սխրանքին, որ դեռ չի սպառել իր մեջ արժանապատվության վերջին նշույլները եւ հետայսու այլ ձեւով է կառավարելու երկիրը։ Սերժ Սարգսյանը՝ որպես գլխավոր գերագույն հրամանատար, պետք է ոչ թե հայտարարեր, թե ինձանից կուլակաթափություն մի սպասեք, որովհետև երկիրը չեմ վերածելու 37 թվի, այլ իր շուրջն «համախմբվածներին» նախ պետք է բացատրեր. զինվորների կյանքի գնով ձեռք բերված խաղաղությունը որքան որ թշնամու տեսանկյունից գին ունի, նույնքան էլ՝ պետության ներկայացուցիչների։ Ուրեմն՝ «թարգում» ենք մեր արատավոր սովորությունները, ոչ թե մեր անձն ենք «բթում», այլ մեր տղաների սխրանքը դնում ենք պետության զարգացման ու ամրացման հիմքում։
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում