2016թ. մայիսի 12-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անունից Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նոր հայտարարություն է տարածվել։ Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական կայքից։
Տարածված հայտարարությունում նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ի դեմս համանախագահներ Ջեյմս Ուորլիքի, Իգոր Պոպովի և Պիեռ Անդրեի, լիովին հավատարիմ է Լեռնային Ղարաբաղում տևական կարգավորում ապահովելու համար միջնորդական առաքելության իրականացմանը։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ հաշվի առնելով վերջին զարգացումները, ժամանակն է, որպեսզի հանդիպում կազմակերպվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշում են, որ իրենց երկրների արտաքին գործերի նախարարները պատրաստ են աջակցել, որպեսզի այդ հանդիպումը տեղի ունենա հաջորդ շաբաթ՝ Վիեննայում։
Ըստ տարածված հայտարարության` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների հիմնական նպատակը հրադադարի ռեժիմի ամրապնդումն է, կողմերի միջև վստահության ամրապնդումը, ինչը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել բանակցությունները վերսկսելու համար։
Կարդացեք նաև
ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարության համաձայն՝ բանակցություններում չեն կարող հաջողություններ գրանցվել, եթե բռնությունները շարունակվեն, և չի կարող հաստատվել խաղաղություն՝ առանց բանակցային գործընթացի։ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերահաստատել է, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։