Այսօր ԱԺ արտահերթ նիստում քվեարկության դրվեցին մոտ մեկ տասնյակ օրենսդրական նախաձեռնություններ:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ քվեարկությունից հետո քննարկելու են եւս 3 նախագիծ, իսկ դրանց քվեարկությունը տեղի կունենա քառօրյայի մեկնարկին՝ երկուշաբթի:
ԱԺ նիստում շտապողականություն կար, իրար հետեւից արագ-արագ ընդունվեցին բոլոր նախագծերը: Պատգամավորները արագացնում էին անգամ կոճակ սեղմելը, հարցնում էին Շարմազանովին՝ շա՞տ կա, էլի՞ կա, քի՞չ մնաց:
Կառավարության ներկայացրած «Դեղերի մասին» օրենքն ընդունվեց 83 կողմ, 1 դեմ, 17 ձեռնպահ քվեարկության արդյունքներով: Կառավարությունը խոստացել է,որ այս նախագծով պետք է կարգավորվի դեղերի շուկան, ավելի որակյալ դեղ կհասնի սպառողներին, այլեւս «կավիճ» չի լինի:
Կարդացեք նաև
«Հրազդան ցեմենտ» գործարանին հարկային եւ սոցիալական ապահովագրության վճարների տույժերից ազատելու մասին աղմուկ բարձրացրած նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 80 կողմ, դեմ 12, ձեռնպահ 7 ձայների հարաբերակցությամբ:
«Կուտակային կենսաթոշակի մասին» նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր կուտակային կենսաթոշակների վճարումները հետաձգել եւս մեկ տարով, ընդունվեց 94 կողմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
ՀՀ նախագահի ներկայացրած ՀՀ-ի եւ Եվրոպական բանկի միջեւ ստորագրված Երեւանի կոշտ թափոնների առաջին ֆինանսական պայմանագիրը վավերացնելու հարցն էլ ընդունվեց 87 կողմ, 1 դեմ եւ 15 ձեռնպահ արդյունքներով:
Քվեարկությունից հետո պատգամավորներից շատերն այնպես արագ դուրս եկան, որ Շարմազանովը կարծես դիտողություն արեց. «Դահլիճը լքող եւ կարեւոր տեղ շտապող պատգամավորներին խնդրում եմ արագ լքել դահլիճը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ