Ռուսական Комсомольская правда պարբերականը ծավալուն հոդված է տպագրել, որտեղ անդրադարձ է կատարվում «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի շրջանակներում հայ-ադրբեջանական հակասություններին, որոնք, կարծես, դարձել են այս տարվա Եվրատեսիլի ամենաքննարկվող իրադարձությունը։
Ռուսական պարբերականում տեղ գտած հոդվածի սկզբում խոսվում է դեռևս 2016թ. ապրիլի 3-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացած «Pre-Party Eurovision 2016» համերգի մասին։ Նշվում է, որ այդ օրերին կազմակերպիչները ջանք չէին խնայում, որպեսզի միմյանցից հնարավորինս հեռու պահեին Հայաստանի և Ադրբեջանի մասնակիցներին։ Այնուամենայնիվ, մեր երկրի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը չգնաց մամուլի ասուլիսին, իմանալով, որ դրան ներկա է լինելու նաև Ադրբեջանը ներկայացնող Սամրան։
Комсомольская правда պարբերականը նշում է, որ արդեն Սթոքհոլմում կայացած երգի մրցույթի բացման պաշտոնական արարողության ժամանակ երկու երկրների ներկայացուցիչները անցել են կարմիր գորգի վրայով մեկ ժամ տարբերությամբ և չեն հանդիպել մեկը մյուսին։
Մթնոլորտը էլ ավելի շիկացավ, երբ մեր երկրի պատվիրակությունը մայիսի 11-ին կայացած առաջին կիսաեզրափակիչի ընթացքում՝ ուղիղ եթերում, ծածանեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը։ Այս կապակցությամբ КП-ն գրում է. «Որոշ երկրների համար ավելի կարևոր էր ուղիղ եթերի ընթացքում ցուցադրել իրենց դրոշը, նույնիսկ եթե հետագայում պետք է խնդիրներ ունենան «Եվրոպական հեռարձակողների միության» հետ և ստանան հնարավոր պատժամիջոցներ»։
Կարդացեք նաև
ԼՂՀ դրոշի ծածանումը ռուսական պարբերականը համեմատում է «ինչպես կարմիր դրոշը՝ ցուլի համար»։ Հոդվածում նշվում է, որ ելույթներից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչը հոգեբանական սթրեսի մեջ էր, կորցրել էր իրեն և կարծես աջակցություն էր փնտրում հանդիսատեսի շարքերից։ Ռուսական պարբերականի խոսքերով Ադրբեջանը ներկայացնող Սամրան մի քիչ ուշքի եկավ, երբ ադրբեջանցի լրագրողը հարց ուղղելու իրավունք ստացավ, բայց դրա փոխարեն բոցաշունչ ելույթ ունեցավ՝ ասելով, թե իբր Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է։