Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. «Առավելագույնը երեք շաբաթվա ընթացքում, վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները»

Մայիս 12,2016 11:37

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքը կառավարության նիստի ժամանակ

Հարգելի՛ գործընկերներ,

Քառօրյա պատերազմը ստիպեց բոլորիս վերաիմաստավորել մեր կատարած աշխատանքը և մեկ անգամ ևս անդրադառնալ Հանրապետության Նախագահի փետրվարի 12-ի ելույթին: Արդյոք մենք զարգանո՞ւմ ենք, արդյոք պայքարո՞ւմ ենք կոռուպցիայի դեմ, արդյոք ունե՞նք մարտունակ բանակ: Պատասխանը` այո: Բայց արդյոք այդ ամենը բավարա՞ր է, որպեսզի մենք դիմակայենք նորանոր մարտահրավերների: Կարծում եմ բոլորի կարծիքը կարտահայտեմ, եթե ասեմ` ոչ:

Մենք պետք է ավելի արդյունավետ պետություն դառնանք՝ կրկնապատկելով, եռապատկելով մեր ջանքերը: Այո, մեր ռեսուրսները սահմանափակ են, բայց իմ խորին համոզմամբ ռեսուրսների պակասը կարող է փոխհատուցվել երկու գործոնով՝ առաջինը արդյունավետ մոդելների կիրառումն է, իսկ երկրորդը՝ դրանց կյանքի կոչելու արագությունը:

Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ես նշեցի, որ պատրաստվում ենք նախաձեռնել քննարկումների շարք՝ ներգրավելով պատգամավորների, այդ թվում՝ ընդդիմադիր թևից, ինչպես նաև հասարակության այլ կարող ուժերի: Եվ խոսքը միայն քննարկումների մասին չէ: Լուծումները, որոշումները, որոնց մենք կհանգենք պետք է արագ կյանքի կոչվեն:

Իսկ հարցերը, որոնք պատրաստվում ենք դարձնել քննարկման առարկա` բազմապիսի են: Դրանց մեջ են թե՛ տնտեսության զարգացումը, թե՛ առողջապահության և կրթական ոլորտների արատների դեմ պայքարը և թե՛ բազում այլ հարցեր:

Այս ամսվա 14-ից մենք սկսում ենք պարբերական շաբաթական քննարկումներ: Քանի որ հնարավոր չի լինի բոլոր ցանկացողներին ներգրավել այդ գործընթացում, ուստի, խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր ունեն առաջարկություններ, դրանք համառոտ ներկայացնել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին: Նրա էլեկտրոնային փոստի հասցեն կա կառավարության պաշտոնական կայքում:
Հարկ եմ համարում նշել, որ Հայաստանի զարգացման ուղիների վերաբերյալ կան ուշագրավ հետազոտություններ նաև Սփյուռքում: Դրա վառ օրինակն է Գյուլբենկյանի հիմնադրամի կողմից վերջերս հրապարակված «Հայերը 2115-ին» զեկույցը: Նման հետազոտությունները ևս պետք է դառնան խորը ուսումնասիրության առարկա:
Քննարկումներն, անշուշտ, ինքնանպատակ չեն: Յուրաքանչյուր քննարկման արդյունք կարճ ժամկետում վերածվելու է կոնկրետ գործողությունների, կառավարության որոշումների կամ օրենսդրական նախաձեռնությունների:

Սակայն մինչև նշված քննարկումների մեկնարկը արդեն իսկ վեր են հանվել մի շարք տեսանելի խնդիրներ և մշակվել դրանց լուծման ուղիները, որոնց վերաբերյալ ցանկանում եմ այսօր հնչեցնել որոշ մոտեցումներ:

Առաջինը: Թեև մենք ունենք հաստատված բյուջե, սակայն պետք է անցնենք խնայողության առավել խիստ ռեժիմի: Պետք է ձևավորենք առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ:

Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ` գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները և այլն: Որոշ քայլեր մենք կձեռնարկենք արդեն այսօր: Այս կապակցությամբ հանձնարարում եմ ֆինանսների նախարարությանը և կառավարության աշխատակազմին մինչև կառավարության հաջորդ նիստը ներկայացնելու լրացուցիչ առաջարկություններ: Իսկ միջոցները, որոնք կառաջանան այդ խնայողություններից, կուղղվեն առաջնահերթ խնդիրների լուծմանը:

Երկրորդ: Պետական կառավարման ապարատը պետք է դառնա ավելի կոմպակտ: Դա, իհարկե, մեկ օրվա խնդիր չէ, սակայն մենք օպտիմալացման նպատակով պետք է մինչև 2017 թվականի բյուջետային քննարկումների մեկնարկը ունենանք մանրամասն վերլուծություն: Խոսքը ոչ միայն նախարարությունների աշխատակազմերի մասին է, այլ նաև տարբեր ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի, առընթեր մարմինների, առանձնացված ստորաբաժանումների: Ակնկալում եմ պետական մարմինների սթափ և նշված հանգամանքներով պայմանավորված իրատեսական և էական առաջարկություններ: Որպեսզի այդ աշխատանքները կրեն համատարած և համակարգված բնույթ, առաջարկում եմ փոխվարչապետին ներկայացնել վարչապետի որոշման նախագիծ՝ իր ղեկավարությամբ համապատասխան աշխատանքային խումբ ձևավորելու մասին:
Կարծում եմ, որ այս մոտեցումը կորդեգրեն նաև իշխանության այլ ճյուղերի մեր գործընկերները:

Հարգելի՛ գործընկերներ,

Ամբողջությամբ գիտակցում եմ այն հանգամանքը, որ իմ հնչեցրած առնվազն այս երկու մոտեցումների արդյունքում կարող է առաջանալ որոշակի սոցիալական լարվածություն՝ պայմանավորված պետական համակարգում աշխատատեղերի կրճատմամբ: Բայց լինենք անկեղծ, երկար տարիներ մենք նման քայլերի չէինք գնում հենց սոցիալական լարվածություն չստեղծելու պատճառով: Բայց այսօր Արցախի և Մայր Հայրենիքի առջև ծառացած անվտանգության խնդիրներն այլ են: Ստեղծված իրավիճակն, իսկապես, ոչ ստանդարտ է, և մենք չպետք է խուսափենք ոչ ստանդարտ քայլեր կատարելուց ու որոշումներ կայացնելուց:

Երրորդ ուղղությունը, որտեղ ես տեսնում եմ հնարավորություն արագ շոշափելի արդյունքներ գրանցելու համար` կոռուպցիայի դեմ պայքարն է: Նախ և առաջ, մենք պետք է սահմանենք երկու կարևոր սկզբունք:

Առաջինը` կոռուպցիոն երևույթներն ըստ մարմինների պետք է դառնան առանձին չափման առարկա, այդ թվում՝ սոցիոլոգիական հարցումների միջոցով: Թե՛ մարմինների ղեկավարները և թե՛ կոռուպցիայի դեմ պայքարող իրավապահները պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն այդ ցուցանիշների դինամիկայի հետ կապված: Վատթարացող կամ անփոփոխ վիճակի պարագայում մենք հետևություններ կանենք, այդ թվում՝ կադրային հարցերում:

Այս կապակցությամբ հանրության ակնկալիքները, ինչպես նաև մեր կողմից առաջարկվող լուծումների իրականացման մանրամասները ենթադրում ենք քննարկել առաջիկա հանդիպումների ժամանակ: Երկրորդ սկզբունքը վերաբերում է շահերի բախման երևույթին: Համարում եմ, որ մենք պետք է շատ արագ կոշտ մեխանիզմներ ներդնենք, որոնք կբացառեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց հետ փոխկապակցված ազգականների մասնակցությունը պետական գնումներին և պետական միջոցներով իրականացվող ծրագրերին:

Հարգելի՛ գործընկերներ,

Որպես գործադիր իշխանության ղեկավար ես ամբողջությամբ գիտակցում և հասկանում եմ, որ վերը հնչեցված բոլոր լուծումները արդյունավետ չեն լինի, եթե մեր երկրում չկարողանանք ապահովել կայուն և երկարատև տնտեսական աճ: Այն պետք է բերի լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ներգրավմանը, ստեղծի նոր աշխատատեղեր և մեղմի սոցիալական լարվածությունը: Վերջին երկու տարիներին բազմիցս բախվել եմ հանրային քննադատության, թե պետությունը չի պայքարում ձևավորված մենաշնորհների դեմ: Միևնույն ժամանակ ընդունում եմ, որ կառավարությունը բավարար հետևողական չի եղել այդ խնդրի էության ամբողջական բացահայտման հարցում և ժամանակին չի նախաձեռնել բաց հանրային երկխոսություն: Թերությունը ուղղելու ժամանակն է:

Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարին և առաջարկում եմ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, Հայաստանում գործող տարբեր միջազգային կառույցների ներգրավմամբ, ամենասեղմ ժամկետում՝ առավելագույնը երեք շաբաթվա ընթացքում, վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունը ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա և առաջարկել արդյունավետ լուծումները, որոնք կարող են շտկել ստեղծված իրավիճակը, իսկ նոր վերակազմավորված Պետական եկամուտների կոմիտեին՝ շարունակել ակտիվ և հետևողական աշխատանքներ իրականացնել՝ ուղղված բյուջեի հարկային եկամուտների ապահովմանը, ՓՄՁ-ների նկատմամբ մեղմ վարչարարության իրականացմանը, մաքսային և հարկային ոլորտներում ռիսկերի արդյունավետ կառավարմանը, տնտեսվարող սուբյեկտների գործունեության անհարկի միջամտության երևույթների վերացմանը, տնտեսվարման հավասար պայմանների ապահովմանը:

Վստահեցնում եմ, որ այս հարցում բացի տնտեսական նպատակահարմարությունից մենք որևէ այլ չափորոշիչով չենք առաջնորդվելու:

Առայժմ այսքանը:

Եվ վերջում, մեկ անգամ ևս ընդգծեմ. կառավարությունը ունի բավական քաղաքական կամք՝ կյանքի կոչելու բոլոր անհրաժեշտ քայլերը: Այսուհետ պարբերաբար խոսելու ենք կատարված քայլերի մասին և գնահատելու ենք միայն դրանց շատ կոնկրետ արդյունքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սեդրակ says:

    Հովիկ Աբրահամյանի խոսքը կառավարության նիստի ժամանակ, կրկնվում է, տարիներ առաջ նույնանման նիստին, Ս.Սարգսյանը հորդորում էր նախկին վարչապետին, ներկաիս անպատիժ մնացած հանցավոր հանցաավոր խմբին, իրենց գործում թերանալու մեջ.
    Ինչպես կարող են պայքարել կոռուպցիայի դեմ? Աշխաատանքից ազատել այս կամ այն վոչ այնքան աղդեցիկ կոռումպացված պաշտոնյաին? Անպատիժ թողելով անգամ նրա չնչին թալանը, կամթալանածի 10%-ի վերադարձ, աչքկապոցու համար. Ոչ պրոֆեսիոնալ դերանասանական խաղ իշխանությունների կողմից. ՀՀԿ-ի կառավարման համակարգը նման է մողեսի, փորձանքի ժամանակ կտրում են պոչը, իսկ մարմին փախչում է թաքստոց, կարճ ժամանակ անց պոչը կչկին աճում է.
    Պարոն վարչապետ, ձեր կողմից հնչեցված հարցերի կյանքի կոչելու միակ ճանապարհը, սեփական “ախորժակի” 90% պակասացնելու դեպքում կյանքի կկոչվեն, հակառակ դեպքում, այն կլինի, հերթական անիմաստ ասված ինչ որ բան.
    Իհարկե ողջյունելի է, այն հարցերը որոնք դոք փորձում եք “կյանքի” կոչել, սակայն ԵՍ(հասարակ Հայ հասարակությունը) վստահ եմ, մողեսը կրկին թաքստոց կմտնի, թողնելով կտրված պոչը.

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031