ԱՄՆ կոնգրեսական Թեդ Պոն, ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի նիստում, խոսել է Վրաստանի հետ հարաբերություններն էլ ավելի խորացնելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հաղորդում է Грузия Online լրատվական կայքը։
Պոյի խոսքերով՝ Վրաստանի անկախության 25 տարիների ընթացքում այդ երկիրը դարձել է տարածաշրջանի ամենաազատ պետությունը և որոշակիորեն հակակշռում է Պուտինի վարչակարգին։ Վրաստանի որդեգրած քաղաքականության արդյունքում ԱՄՆ մի շարք ընկերություններ սկսել են հետաքրքրություն դրսևորել Վրաստանի հանդեպ և ցանկանում են ներդրումներ կատարել այդ երկրում՝ հատկապես էներգետիկայի ոլորտում։
ԱՄՆ կոնգրեսականն ասել է նաև, որ Վրաստանը ԱՄՆ-ի լուրջ դաշնակիցն է՝ միջազգային ահաբեկչության դեմ ծավալված պայքարում, ինչպես նաև հիշեցրել է, որ մեր հարևան պետությունը, չլինելով ՆԱՏՕ-ի անդամ, խաղաղապահ առաքելություն իրականացնող ամենամեծ քանակությամբ զորք ապահովող երկիրն է։
Թեդ Պոյի խոսքերով՝ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պետք է վճռականություն ցուցաբերեն և աջակցեն Վրաստանին։ Պոյի կարծիքով. «Վրաստանը սուվերեն երկիր է և նրա սահմանները պետք է հարգեն բոլորը, նույնիսկ Պուտինը»։