Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի հետ համատեղ նախաձեռնել է ֆուտբոլի մրցաշար`առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 8 թիմերի շուրջ 100 երեխաների մասնակցությամբ: Մրցաշարին մասնակից թիմերը Երևանի հատուկ դպրոցների, գիշերօթիկ, խնամքի և պաշտպանության համար 2 հաստատության, « Սոս» մանկական գյուղի և հանրապետական համար 1 կրթահամալիրի սաներն են: Կրթօջախները գործում են Երևանի քաղաքապետարանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ ԿԳ նախարարության ենթակայությամբ: «Առանց սահմանափակումների` անսահման սիրով « խորագրով ֆուտբոլի մրցաշարի հիմնական նպատակն առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների շրջանում առողջ ապրելակերպի խթանումն ու նրանց հասարակության մեջ լիարժեք ինտեգրումն է: Նշենք, որ շրջանաձև մրցակարգով անցկացվող առաջնությունը կսպասարկի ՀՖՖ մրցավարական անձնակազմը:
Մրցանակային տեղեր գրաված թիմերի մարզիկներն ու մարզիչները կպարգևատրվեն համապատասխան կարգի դիպլոմներով և մեդալներով, իսկ մյուս մասնակիցները` մարզահագուստով և խրախուսական մրցանակներով: Մրցաշարի մեկնարկում մրցել են « Սիփան» և « Զեյթուն» թիմերը: Հաղթողները պարզ կդառնան մայիսի 13-ին:
Երևանի քաղաքապետարան