Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ Ռուսաստանը կշարունակի Ադրբեջանին զենք վաճառել, քանի որ նա հիմա բավականին քիչ լծակներ ունի Ադրբեջանի նկատմամբ, իսկ այդ լծակները Ռուսաստանի համար կարևոր են` անկախ նրանից` ինչ է ակնկալում նա Ադրբեջանից` Եվրասիական տնտեսական միությանը միանա՞լ, Մետաքսի ճանապարհի ուղղվածությունը համատեղ որոշե՞լ, թե՞ մեկ այլ բան:
«Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ Մետաքսի ճանապարհը ոչ թե արևելք-արևմուտք ուղղությամբ գնա, այլ մի քիչ շեղվի դեպի հյուսիս: Դա բավարար կարևոր նպատակ է Ռուսաստանի համար, որպեսզի Ադրբեջանի հետ շարունակի լուրջ համագործակցություն ծավալել: Ցավոք, համագործակցության շատ քիչ ոլորտներից է նաև սպառազինության վաճառքը, որը միայն բիզնես չէ: Եթե դու որևէ երկրի զենք ես վաճառում, նշանակում է, որ նաև որոշակի քաղաքական լծակներ ես ձեռք բերում նրա նկատմամբ»,- ասում է Բորիս Նավասարդյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ