Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ լռեցնելու միակ ձեւը ֆիզիկապես լռեցնելն է»

Մայիս 12,2016 18:00

Տիգրան Ուրիխանյանն իր հետ կատարվածը համարում է «սեւ,
կեղտոտ» քաղաքական հետապնդում

«Իրավիճակը շատ պարզ է. ես ձգտում եմ ապրել այնպիսի պետության մեջ, որտեղ բոլոր հարցերն ու խնդիրները կլուծվեն իրավական հարթության մեջ, բացառապես իրավապահ մարմինների, օրենք պահպանողների եւ արդար դատարանների միջոցով: Եվ դրա համար անում եմ ամեն ինչ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով մի քանի օր առաջ տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք. մայիսի 3-ին ձերբակալվել, ապա օրեր անց կալանավորվել էին «Անալիտիկ» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանը, կայքի տնօրենի օգնականը եւ համանուն մամուլի ակումբի ղեկավարը` շորթման մեղադրանքով: Ըստ պատգամավորի` ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն ներկայացրած հաղորդման, «Analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկություններ, զրպարտություններ եւ վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու եւ հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 000 դրամ:

Տեղի ունեցածը Տիգրան Ուրիխանյանը համարում է չափազանց օրինաչափ, հատկապես, երբ փորձում են սեւացնել, վատաբանել, վարկաբեկել ու պղծել անբիծ մարդու կենսագրությունը, երբ փորձում են պեղել անձնական տվյալներ եւ հրապարակել: «Պատվիրատուների սխալը, իսկ ես վստահ եմ, որ կան պատվիրատուներ, նրանում էր, որ ընտրված էր իրենց ուժերի համար անհաղթահարելի թիրախ, ինչի արդյունքում սկսեցին պատժվել մեղավորները: Ուզում եմ հուսալ, որ քննության արդյունքում կբացահայտվեն նրանք, ովքեր դրդել են այդ կանանց: Կարծում եմ՝ կքանդվի լուրջ կծիկ: Կարծում եմ՝ վտանգի սլաքն արդեն ուղղված է իշխանության շրջանակներում ծվարած որոշ մակաբույծների ուղղությամբ, որոք իրենց հսկողության տակ գտնվող բարոյականությունից զուրկ որոշ կայքերի շրջանակներում փորձում են հանրության մեջ քարոզչություն իրականացնել, թե դատելը, իրավապահներին դիմելը, դատարան հայց ներկայացնելն, ինչպես ասում են իրենք`գործ տալը, լավ չէ, ընդունված չէ: Հարց եմ տալիս` բա ի՞նչ եք ուզում. քրեակա՞ն, ֆինանսակա՞ն, ուժայի՞ն մեթոդներով հարցերի լուծում: Բա ինչո՞ւ եք ոռնում, երբ տեղի են ունենում նման երեւույթներ: Բա ե՞րբ եք վերջը օրենքի եւ իրավունքի երկիր դարձնելու Հայաստանը»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով՝ ովքեր մտածում են, թե նման խնդիրները պետք է լուծվեն իրավապահներից եւ դատարանից հեռու, ապա նրանք երկրի ու պետության դավաճան են, ովքեր մտածում են, որ նման հարցերը պետք է լուծվեն թիկնազորի, բռունցքի, զենքի, փողի եւ այլ լծակի միջոցով, նրանց պետք է պատժել եւ պատասխանատվության ենթարկել, քանզի հանրությունն այլեւս դուրս է եկել «կեղծ, Խորհրդային Միության իրավապահների հսկողության տակ եղող գողականների» տիրույթից: «Երկրում պետք է գործի կարգ եւ օրենք: Ես այս գաղափարին հավատացող անձնավորություն եմ: Ով սա չի ընդունում, ուրեմն նա ինձ հետ ունի գաղափարական հակասություն: Ուզում եմ հուսալ, որ մեր ողջ քաղաքակիրթ հանրությունն այս մտքի կողմնակից է»,- ասում է պատգամավորը:

Այս օրերի ընթացքում մամուլով կամ այլ կերպ իր քայլը մեկնաբանողներին էլ մեր զրուցակիցն ասում է. «Դատարան կամ իրավապահներին կարողանում է դիմել նա, ում կատարած քայլերի եւ կենսագրության մեջ չկան կրիմինալ, քրեական, վարկաբեկիչ զանազան դրսեւորումներ: Ես չեմ հանդուրժել եւ չեմ էլ հանդուրժելու ոչ մի սուտ, կեղծ, վարկաբեկիչ ոչ մի տեղեկություն, հրապարակում, հատկապես դրանց չլինելու դիմաց գումարների վճարում: Ուստիեւ տեղի ունեցած օպերատիվ-հետախուզական միջոցառումները, նախապես հավաքված փաստական տվյալները բավականին հիմք են հանդիսանում, որպեսզի քրեական գործն իր հունով գնա»: Դեպքից մի քանի ժամ անց պատգամավորի գրասենյակը հաղորդագրություն տարածեց` տեղեկացնելով, որ Տիգրան Ուրիխանյանը հրաժարվում է ցուցմունքից: Իր այս քայլը պատգամավորն այսպես է մեկնաբանում. «Հաշվի առնելով, որ պատվիրատուների դրդմամբ սույն կանայք հայտնվեցին խայտառակ վիճակում, որ կայքի խմբագրի լկտի ու հանդուգն դրդման արդյունքում նաեւ քաշվեց իր օգնականը, որը մանկահասակ երեխա ունի, ես հրաժարվեցի ցուցմունքից` էլ ավելի չծանրաբեռնելու համար նրանց վիճակը: Հույս ունեմ, որ քննությունն ամեն բան կբացահայտի: Բայց կանանց այդ հանցագործությունն իրականացնելու, ձերբակալվելու, մեղադրվելու, երեխային ժամանակավորապես մորից հեռու պահելու, ինչը շահարկվում է, պատասխանատուները նրանք են, ովքեր նրանց դրդել են այդ հանցագործությանը, երկար ժամանակ տարբեր քաղաքական ու պետական գործիչների նկատմամբ արել են սա, ինչի մասին խոսեցին այդ գործիչները, ովքեր փոխկապակցվել են միմյանց հետ` իշխանության ներսում կամ դրանից դուրս հարցեր ու խնդիրներ լուծել, ովքեր պատվիրել են կեղտոտ նյութեր, հակաօրինական բաներ են արել»: «Առավոտի» դիտարկմանը` ցուցմունք տալուց հրաժարվելը, իր կարծիքով, ավելի չի՞ բարդացնի քննության ընթացքը՝ մանավանդ որ պատգամավորն ինքն էլ հստակ հայտարարում է պատվիրատուների մասին, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Ոչ, քանի որ տեղի ունեցած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում արձանագրվել է այն, ինչը տեսավ ողջ հասարակությունը»:

Տիգրան Ուրիխանյանը կարծում է, որ ինքն իբրեւ թիրախ ընտրված էր մեկ պատճառով. «Ես խորհրդարանի ան գործիչներից եմ, ով խոսում է կոնկրետ թվերի եւ կոնկրետ հասցեատիրոջ մասին` առանց վերացական, չձեւակերպված վայնասունի, իշխանափոխական կոչերի: Ասենք, այսինչ հիմնարկն այնինչի տնօրինությամբ բյուջեից փոշիացրեց 800 000 դոլար, մյուսը` 391 միլիոն դրամ խլեց մարդկանց գրպանից, այնինչը թերացավ եւ պատասխանատվություն պիտի կրի: Դա քրեական պատասխանատվություն է, շատ հասցեական վտանգ, եւ, բնականաբար, շահագրգիռ ուժերը, սկզբում տեղեկատվական բլոկադայի ենթարկելով, ենթադրում էին, որ ձայնս լսելի չի լինի: Հետո, իրենց հաշվարկներից դուրս մնալով, նկատելով, որ վարկանիշս աճում է, մարդիկ համակրում են, քաղաքական ուժը համալրվում է, ձայնը լսելի է դառնում, սկսեցին օգտագործել կեղտոտ մեթոդաբանություն` լռեցնելու համար: Պաշտոնապես հայտարարում եմ` ինձ լռեցնելու միակ ձեւը ֆիզիկապես լռեցնելն է»:

Իր եզրակացությունը սա է` քաղաքական հետապնդում` սեւ, կեղտոտ, վարկաբեկիչ գործունեության տեսքով, որի հետ մեկտեղ նաեւ գումար վաստակելու հնարավորություն. «Ես այն մարդը չեմ, որը դա կների»:

 
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Դուք իմ կարծիքով խելացի, ուժեղ անձնավորություն եք, բայց ,,Ալյանս,,-ից, այլ գործիչ ճիշտն ասած չեմ ճանաչում: Լավ կլիներ, որ դուք, Վահանը, Նիկոլը, Զարուհին ,,Համախմբում,,-ից Վահեն, Էլինարը և այլ ձեր նման չարատավորված երիտասարդներ միասին լինեիք: Չեմ սիրում երկար գրել, խոսքս 2017թ, մասին է: Եթե մտածումեք, որ ասածս պարզունակ է` սխալվում եք:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031