Շարմազանովը քննադատում է
բանակի հակաքրիստոնեական «բարեգործներին»
«Ես չեմ ուզում միայն Արմենչիկի պահով ասեմ, բայց տգեղ է, երբ որեւէ մեկն իր պարտքը անում է՝ 50 դրամ կլինի, 100 դրամ կլինի, թե 50 հազար կամ 1 մլն դրամ, ու դա ցուցադրում է: Մեծ բան չեն անում: Չեմ ուզում սլաքները բոլորն ուղղեն Արմենչիկի վրա, որովհետեւ Արմենչիկը միակը չի եղել: Մեզ մոտ, դժբախտաբար, այդպիսի պրակտիկա կա, երբ որ մեկը մի կոնֆետ է տալիս ու 7 հատ կամերա է տանում տնկում, թե նայեք՝ ես ի՜նչ լավն եմ»,- ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն «Առավոտի» հետ զրույցում այսպիսի պատասխան տվեց մեր հարցին՝ երգիչ, «Վաստակավոր արտիստի» կոչում ստացած Արմենչիկի տեսանյութի հետ կապված, թե ինչպես է զինվորներին ցուցադրաբար օգնություն բաժանում:
Մեր հարցին՝ չպե՞տք է արգելվի բանակում այդպիսի PR անելն ու ստորացնելը զինվորներին՝ շարք կանգնեցնելով, նա պատասխանեց. «Դա հակաքրիստոնեական է, հակահայկական է: Դա հարսանիք չի, էլի, էն, որ տաշի՜ են ասում ու մատանին տանում՝ պարացնելով: Եթե մարդն օժանդակության կարիք ունի, ու դու օժանդակում ես, քրիստոնեական դաստիարակությունն առհասարակ ասում է, որ դա պիտի անես աննկատ, որպեսզի դիմացինն իրեն վատ չզգա: Չեմ ուզում Արմենչիկին միայն բան անենք, որովհետեւ Արմենչիկը արտիստ է, այստեղ նույնիսկ խնդիրն Արմենչիկը չի: Մենք չենք ուզում, որ Արմենչիկը դառնա թիրախ, այ, սենց վերցնում ենք մենք մի հատ թիրախ, ոնց որ Ռադիկ Մարտիրոսյանին, ու տեսնում ենք՝ կոմպյուտերով ոնց են մորթում: Պետք չի մարդուն այդպես անել, երեւույթն է տգեղ: Ցավում եմ, բայց Արմենչիկին նո՞ր տեսան: Էդ չէի՞ն տեսել ինչքան մարդ կար: Էդ ի՞նչ տարբերություն՝ բա որ ավտոն տանում էին տալիս էին ու նկարում էին, էդ լա՞վ բան էր»:
Նա պատմեց, որ ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանի ընկերները ինչպես են բանակին օժանդակել՝ սուսուփուս, առանց աղմուկ-աղաղակի. «Անունները չեմ տալիս, բայց ամեն զոհի հարազատներին ամեն տեղ գնացել օգնել են, ես էլ՝ իրենց հետ, բայց մի տեղ ցո՞ւյց են տվել: Ռուսաստանաբնակ հայ տղերք են, ախալքալաքցի, ես իրանց կյանքին մեռնեմ: Որեւէ բան չեն ցույց տվել, ո՞վ գիտի դա՝ իրենք, իրենք հոգին: Ես որ ասեցի, դա իմ պարտքն էր, ասեցի՝ կամերա-մամերա, ասին՝ չէ, այ ախպեր ջան, ի՞նչ կամերա, մենք հո բա՞ն չենք: Խնդիրը հենց սա է, եթե պիտի տանես տաս ու 20 հատ կամերա… չի՛ կարելի: Այստեղ խնդիրը միայն Արմենչիկի թեման չի»:
Կարդացեք նաև
Շարմազանովը հորդորեց բարեգործներին գնալ ու Սուրբ գիրքը կարդալ. «Եթե դու մի բան անում ես, էս գրիչը, ասենք, տալիս ես ու ցուցադրում ես, դա բարեգործություն չի: Երբ որ ես դա աննկատ եմ տալիս՝ դա ուրիշ է, բայց եթե տալիս եմ ու գնում հարեւաններին պատմում եմ, ուրեմն ես իմ «ես»-ը սարքում եմ զրո: Բոլոր նրանք, ովքեր իրենց «ես»-ն են առաջ դնում, իրենք 0 են, որովհետեւ Քրիստոսն ասում է՝ առաջինը կլինի նա, ով վերջինն է: Ով ամեն ինչում դնում է իր «ես»-ը, նա պրոբլեմ ունի»:
Մեր դիտարկմանը, որ այստեղ հարցը նույնիսկ ցուցադրելը չի, հարցը այդ մարդկանց՝ PR անելու նպատակով բանակ տանելն է, զինվորականները չպե՞տք է գոնե այդ առումով արգելքներ դնեն, զինվորներին այդպես շարք կանգնեցնել՝ մանկապարտեզի հանդեսի նման, «Ձմեռ պապիից» նվեր ստանալու համար, թույլատրելի՞ է, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Այո, եւ դա է տհաճ, եւ շատ-շատ բաներ: Ամեն ինչի մեջ պիտի արժանապատվություն լինի, այդ նյութապաշտությունը պիտի լինի երկրորդական»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.05.2016
Բայց տեսնես էդ ի՞նչն ա ինչը, որ մեր պետությունը չի կարողանում իր զինվորին տալ, որ արմենչիկներն են տալիս: Ի՞նչ ա բաժանել վաստակավոր արտիստը: Հա՞ց, կարա՞գ, ի՞նչ: Գոնե մի թասիբով հրաժարվող էղել ա՞, թե՞ մատաղի նման բան ա, վերցրել են ու ասել. ընդունելի լինի: Որտեղ հայ, ընդեղ բարեգործություն ստանա՞լ (մուրալ): Էս ա՞ մեր ազգը: