Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու էր ոստիկանությունն անձնական տվյալներ հավաքում

Մայիս 12,2016 16:00

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը գրություն էր ստացել «Human Rights watch» կազմակերպությունից այն մասին, որ ոստիկանությունը բժիշկներից տվյալներ է հավաքում քաղցկեղով հիվանդ անձանց մասին:

Ըստ այդ գրության՝ ամեն ամիս տվյալներ էր հավաքվում նաեւ այն մասին, թե ով ինչ դիագնոզ ունի, ինչքան հոգեմետ դեղ է ներարկում ստանում, ով է ներարկողը, անձնագրային տվյալները եւ այլն։ Այս տեղեկատվությունը ճշտելու կապակցությամբ «Առավոտը» զրուցեց ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանի հետ:

-Օրեր առաջ տեղեկություններ տարածվեց այն մասին, թե ոստիկանությունը տվյալներ է հավաքում քաղցկեղով հիվանդների մասին: Արդյոք, տեղյա՞կ էիք նշված տեղեկատվությունից, եւ առհասարակ, որեւէ հիվանդության վերաբերյալ տվյալները կարո՞ղ ենք համարել անձնական տվյալ:

– Մենք ինքներս իրազեկ չէինք այդ մասին: Մեզ այդ մասին տեղեկացրել է «Human Rights watch» միջազգային հասարակական կազմակերպությունը, գրություն էր ուղարկել գործակալություն: Ըստ նրանց տեղեկությունների, ոստիկանությունը պարբերաբար բժիշկներից կամ բժշկական հաստատություններից հաշվետվություններ է պահանջում եւ ստանում քաղցկեղով հիվանդ անձանց վերաբերյալ, ստանալով նաեւ անձնագրային տվյալները, հատկապես այն հիվանդների վերաբերյալ, ովքեր ստանում են ուժեղ ցավազրկող հոգեմետ դեղամիջոցներ: Պահանջվող տեղեկատվության մեջ նաեւ նրանց անուններն են, ովքեր ներարկումներ են իրականացնում: Անգամ պահանջում են հասցեն:
Այսինքն, սրանք բոլորը անձնական տվյալներ են, որոնք պետք են անպայման, եթե մշակվում են այդ անձնական տվյալները, ապա ուղղակիորեն պետք է նախանշված լինեն օրենքով: Որպեսզի լինի օրինական, պետք է լինի նաեւ անձանց համաձայնությունը:

-Իսկ բուժհաստատության համաձայնությունը պետք չի՞ հաշվի առնել, չէ՞ որ կա «բժշկական գաղտնիք» հասկացությունը նույնպես:

-Այո: Խնդիրը պետք է դիտարկենք երկու կողմից: Մի դեպքում բժշկական հաստատության տվյալները հայտնի են դառնում որպես բժշկական գաղտնիք, մի պաշտպանության համակարգ, եւ երկրորդը, որ դրանք անձնական տվյալներ են, որ կարող են հայտնի դառնալ, մշակվել, միայն այն դեպքում, երբ նախատեսված է օրենքով, կամ՝ մարդը տվել է իր համաձայնությունը: Այդ մարդկանցից շատերը նույնիսկ տեղյակ էլ չեն, որ նման բան է տեղի ունեցել:

-Տիկին Դոյդոյան, «Ոստիկանության մասին» գործող օրենքվ այդ հնարավորությունը սահմանված է:

– Այո, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ «Ոստիկանությունը հանցագործություններ եւ այլ իրավախախտումներ կանխելու՝ օրենքով իր վրա դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունի օրենքով սահմանված կարգով եւ հիմքերով՝ (…) 2) քաղաքացիներից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից պահանջելու եւ ստանալու անհրաժեշտ բացատրություններ, տվյալներ, տեղեկանքներ, փաստաթղթեր եւ (կամ) դրանց պատճեններ»:

Ոստիկանությունը հանցագործությունների բացահայտման համար, այո, իրավունք ունի, առանց մասնավորեցնելու, որ դրանք կարող են լինել նաեւ անձնական տվյալներ: Բայց կոնկրետ ինչպես պետք է ստանա, ինչ հաճախականությամբ, ինչ ծավալի տեղեկություններ կարող են ստանալ այդ անձանց, խմբի մասին, օրենքով նախատեսված որեւէ գործողություն չկար: Հնարավորությունը նախատեսված էր, բայց իրականացումը՝ օրենքով կարգավորված չէր: Այդ իսկ պատճառով գործակալությունը եկավ այն եզրահանգման, որ փոխանցման գործընթացը հակասում է օրենսդրությանը, որովհետեւ չի սահմանում ընթացակարգ, թե ինչպես պետք է բժիշկները կամ բժշկական հաստատությունները փոխանցումն իրականացնեն:

-Գործակալությունը եզրակացությունը ինչպե՞ս է տալիս:

-Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սեփական նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցեց, անհանգստանալով առկա տեղեկություններով: Մոտ երկու ամիս տեւեց ամբողջ վարույթի գործընթացը:
Հրավիրել ենք առողջապահության նախարարությանը, ոստիկանության ներկայացուցիչներին, լսել ենք իրենց տեսակետները խնդրի կարգավորման վերաբերյալ, կայացնելով որոշումը: Որոշեցինք, որ այո, թեեւ հնարավորությունը սահմանված է, բայց փոխանցման գործընթացը հակասում է «Անձնական տվյալների մասին» օրենքին: Հաշվի առնելով, որ դրանք նաեւ բժշկական գաղտնիք են, եւ որ բուժհաստատությանը հայտնի են դարձել, քանի որ անձը դրանք վստահել է բուժհաստատությանը:

-Վարչական վարույթը դռնբա՞ց ընթացակարգով էր, լրատվամիջոցները կարո՞ղ են մասնակցել նման քննարկումներին:

-Որոշ դեպքերում կարող են, բայց կոնկրետ այս դեպքում՝ ոչ, որովհետեւ քննարկման առարկան անձնական տվյալների պաշտպանությունն էր, որի համար էլ վարույթ էինք հարուցել: Եթե դրանք լինեին դռնբաց, ապա անձնական տվյալների պաշտպանության խնդիրը հայտնի կդառնար երրորդ անձանց, որի իրավունքը նրանք չունեին: Որոշումը, որը մենք կայացրել ենք, հրապարակման ենթակա է, հրապարակային փաստաթուղթ է:

-Ոստիկանությունը հիմնավորե՞ց, թե ինչի համար էր բժշկական գաղտնիք պարունակող ինֆորմացիա ձեռք բերում:

– Հիմնավորումն այն էր, որպեսզի ընդհանրապես վերահսկի հոգեմետ դեղերի փոխանցումը բուժհաստատություններից հիվանդներին, որպեսզի ոստիկանությունը վստահ լինի, որ ամեն ինչ տեղի է ունենում ըստ սահմանված կարգի, հիվանդը ստանում է այնքան չափաբաժին, որքան որ պետք է ստանա, շուկան վերահսկելու նպատակով:

-Ի՞նչ է սպասվում վարչական վարույթից հետո ոստիկանությանը:

-Մենք կարծում ենք, որ նրանց հաջորդ քայլը պիտի լինի որոշման նախագիծ մշակելը, օրենքում փոփոխություն առաջարկելը, որով հստակ կկանոնակարգվի ողջ գործընթացը՝ բժշկական հաստատություն-բժիշկ-ոստիկանություն փոխհարաբերությունների համատեքստում:

– Հնարավո՞ր է «օպերատիվ տվյալներ» ստանալու անվան տակ դիմի, ոստիկանությունը չի՞ կարող ստանալ ցանկալի տվյալը:

– Քրեական գործի շրջանակում ոստիկանությունը կարող է: Խոսքն այն մասին էր, որ չունենալով որեւէ հարուցված քրեական գործ, չկար որեւէ նախաքննություն, ոստիկանությունը պահանջել էր, բժիշկներն էլ կանոնավոր տվել էին տվյալները:
-Բժիշկները ինչպե՞ս կարող են ձեռնպահ մնալ ոստիկանների հարցումներից, երբ իրենք էլ իրազեկված չեն իրավական առումով:

-Նկատենք, որ միայն ոստիկանների հետ չի պատահում նույն բանը:

Լրագրողը կարող է դիմել որեւէ բուժհաստատության, ասելով, թե իրեն այս կամ հիվանդի հետ կապված հիվանդության պատմությունն է պետք, դեղորայքային բուժումների մասին տեղեկությունները, բժիշկներն էլ տրամադրում են այդ ինֆորմացիան, առանց անհանգստանալու, որ բացահայտում են կարեւոր բժշկական գաղտնիք, անձնական տվյալներ, մանրամասների մեջ չխորանալով, առանց կողմի համաձայնության տրամադրում են: Մենք գործ ունենք բժիշկների հետ աշխատելու խնդրի հետ, բժիշկները պետք է իմանան, որ դրանք անձնական տվյալներ են, որ պետք է պաշտպանվեն:

Հարցազրույցը՝
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Հ.Գ.- Առողջապահության նախարարությունը գործակալությանը հայտնել էր. «Հիմք ընդունելով «Վարորդական վկայական ունեցող եւ վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման կարգը, այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, բժշկական հավատարմագրման մասին տեղեկանքի ձեւը, ինչպես նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի N 581-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 1327-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանն է տրամադրվում բժշկական հաստատությունում հաշվառված անձանց մասին հետեւյալ անձնական տվյալները. ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, բնակության վայրը, անձնագրի սերիան, համարը, հանրային ծառայությունների համարանիշը»:

Մինչդեռ ոստիկանությունը իրավական հիմք, որպես այդպիսին, նշել էր. «Թմրադեղեր (ափիոնային եւ սինթետիկ) ստացող հիվանդների, ինչպես նաեւ հիվանդի՝ թմրադեղերը ինքնուրույն ստանալու հնարավորության բացակայության դեպքում այն անձի անձնական տվյալների մշակման համար իրավական հիմք են հանդիսանում «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը եւ նույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը»: Այսինքն, «Ճանապարհային ոստիկանության մասին» օրենքի հետ որեւէ աղերս չկար:

 

«Առավոտ» օրաթերթ
11.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031