Լրահոս
Օրվա լրահոսը

Քառօրյա պատերազմը ոչինչ չտվեց ոչ Ադրբեջանին, ոչ Հայաստանին, բայց գոնե արթնացրեց բոլորիս

Մայիս 12,2016 17:00

Ըստ ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի` Հայաստանի թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմադիր ուժերը պետք է փաստեն, որ այլեւս այսպես շարունակել հնարավոր չէ:

– Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո լայնորեն քննարկվում է ԼՂՀ ճանաչման հնարավորությունը: ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ եթե Ադրբեջանը կրկին դիմի ագրեսիայի, Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղը: Ի՞նչ է սա տալիս հայկական կողմին, եւ արդյոք դա կկանխի՞ Ադրբեջանի կողմից հերթական ագրեսիան:

– Ըստ երեւույթին երկու ճանապարհներն էլ մեզ տանում են դեպի պատերազմ: 1992-ից ի վեր գործընթացը սկսվեց, 24 տարի բանակցություններ էին ընթանում, բայց տեսանք, թե ինչով ավարտվեցին այդ բանակցությունները` ապրիլի քառօրյա պատերազմով: Մյուս գործընթացը ուղղակի Ղարաբաղի անկախության ճանաչումն է, եւ հավանական է, որ դա կառաջացնի Ադրբեջանի զայրույթը, ու Ադրբեջանը կդիմի նոր հարձակման: Այս առումով պատերազմը հավանական է: Եթե երկու ուղղություններն էլ տանում են դեպի պատերազմ` ո՞րն է ավելի լավ տարբերակը, եթե սա է իրականությունը, գնալ պատերազմի` առանց Ղարաբաղի ճանաչմա՞ն, թե՞ գնալ պատերազմի` Ղարաբաղի անկախության ճանաչմամբ: Այսինքն` գնալ պատերազմի մեկ ծնկի վրա, կամ գնալ պատերազմի` ոտքի վրա:

Kaits-Minasyan

– Իսկ գուցե Լեռնային Ղարաբաղի վերադարձը բանակցությունների սեղանին ավելի անվտանգ տարբերակ է, գուցե այն ավելի նվազեցնի պատերազմի հավանականությունը, եթե, իհարկե, Ադրբեջանը համաձայնի բանակցել Ղարաբաղի հետ: Չէ՞ որ ԼՂ-ն որպես կողմ ստորագրել է զինադադարի համաձայնագիրը 1994թ., դրանով Ադրբեջանն ամրագրել է Ղարաբաղին որպես կողմ:

– Այստեղ նախ պետք է դիտարկենք, թե ինչ տեղի ունեցավ 24-25 տարիների ընթացքում: Ղարաբաղը պետք էր ճանաչել ի սկզբանե, եւ գլխավոր հանգրվանը 1994թ. մայիսին էր: Այդ ժամանակ շատ հեշտ էր ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Ինչո՞ւ: Որովհետեւ այն ժամանակ Ադրբեջանը չափազանց թույլ էր, պարտված, թույլ էր նաեւ Ռուսաստանը: Բայց չճանաչեցինք, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն է այս առումով պատասխանատվություն կրում: Հաղթանակած հայկական կողմը եթե ճանաչեր, այն ժամանակ Ադրբեջանը չէր կարող պատերազմ սկսել, եւ մենք գոնե 22 տարիների ընթացքում կարող էինք շատ բաներ անել, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչեր ԼՂՀ անկախությունը:
Հաջորդը, Ռոբերտ Քոչարյանը եկավ իշխանության` դարձյալ ոչինչ չարեց Ղարաբաղի համար՝ ոչ Հայաստանում, ոչ Սփյուռքում: Համարեց, թե Ղարաբաղի խնդիրը ավարտված է, պատերազմում հաղթել ենք, Ադրբեջանը չի կարող նորից պատերազմել:

Սերժ Սարգսյանը, որը Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության մասն էր, 2008-ից սկսած փոքր քայլեր արեց ԼՂ խնդրի ուղղությամբ: ԱՄՆ-ում յոթ նահանգներ ճանաչել են ԼՂՀ-ն, Ուրուգվայը պատրաստ էր ճանաչել ԼՂՀ անկախությունը, բայց չգիտեմ, թե ինչ արեցինք, որ նա չճանաչի: Կային պետություններ, որոնք կարող էին ճանաչել ԼՂՀ անկախությունը, օրինակ` Կիպրոսը, Հունաստանը, բայց առանձնահատուկ աշխատանք չտարանք այդ ուղղությամբ:

Հետեւաբար մենք պետք է դասեր քաղենք 25 տարիների ընթացքից: Քառօրյա պատերազմը մեզ արթնացրեց, հնչում են` «Ղարաբաղի հարցը չի լուծվել», «Ղարաբաղը պետք է ճանաչել»… Հիմա պե՞տք է արթնանայինք:

Հիմա իրավիճակը բավական բարդ է: Հիմա պետք է Հայաստանի քաղաքական վերնախավը պատասխան տա՝ Լեւոն Տեր-Պետրոսյանից սկսած, բոլորը:
Բարեբախտաբար, հայկական բանակը հզոր է, ազգային ոգին է արթնացել, բայց ինչպե՞ս վարվել: Մի կողմ թողնելով անցած 25 տարիները՝ կարծում եմ, որ այն պայմանները, որոնք Սերժ Սարգսյանը դրեց Ադրբեջանի եւ միջազգային հանրության առջեւ, ճիշտ քայլ էր: Ադրբեջանը, եւ ոչ միայն Ադրբեջանը` Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Եվրոպան պետք է գիտակցեն, որ եթե պատերազմ վերսկսվի` Հայաստանն անմիջապես կճանաչի Ղարաբաղի անկախությունը:

Այսօր արժանապատվության հարց է մեզ համար` մենք իրավունք ունե՞նք ապրել ազատ երկրում, թե՞ ոչ, իրավունք ունե՞նք հաղթել պատերազմում, թե՞ ոչ: Մենք՝ որպես ժողովուրդ, եթե միասնական ենք, համախմբված ենք այս գաղափարի շուրջը, իսկապես, շատ բան հնարավոր է փոխել: Օրինակ` կոռուպցիայի դեմ պայքարը: Միայն խոսքով չէ: Կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է անվտանգության հարց, եթե իրական պայքար տարվի, պետությունը կհզորանա, իսկ երբ պետությունը հզորանա` բանակն էլ ավելի կհզորանա: Շատ հստակ է սա:

Հաջորդը, քանի որ ազգային պոռթկում է արթնացել հիմա, պետք է օգտագործել բոլոր կարողությունները թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Ինչպիսի ազգային հզոր բանակ ունենք, պետք է ունենալ այդպիսի ազգային հզոր դիվանագիտություն, տնտեսություն եւ այլն: Երրորդը` Հայաստանի ռազմաքաղաքական արժեքը պետք է մեծացնել: Այս առումով ճիշտ էր Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ եթե Ադրբեջանը կրկին պատերազմ սկսի, Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը, դրանով Հայաստանի ռազմաքաղաքական արժեքը մեծացավ:

Մի խոսքով՝ Հայաստանի հասարակությունը պետք է դուրս գա հետխորհրդային ինքնությունից, որպես պետություն` պետք է դուրս գանք հետխորհրդային ստատուսից, ինչպես նաեւ Սփյուռքը պետք է արթնանա: Ամենակարեւոր հարցն այսօր Ղարաբաղի անկախությունն է, Ցեղասպանության ճանաչումը, ըստ իս` երկրորդական հարց է, բայց այն էլ կապված է Ղարաբաղին: Մենք պետք է ցույց տանք Ռուսաստանին, Եվրոպային, Միացյալ Նահանգներին, որ մենք ստիպված ենք ճանաչել Ղարաբաղի անկախությունը, որովհետեւ եթե չճանաչենք` ցեղասպանություն կլինի: Մեր պատմության մեջ ցեղասպանություն արդեն տեղի է ունեցել, անհնար է կրկին դա թույլ տալ:

– Պարոն Մինասյան, այնուամենայնիվ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, միջազգային հանրությունը կոչ են անում Հայաստանին ու Ադրբեջանին բանակցությունները շարունակել: Հայաստանը կարո՞ղ է դիմագրավել միջազգային հանրության կոչերին եւ երկար ժամանակ չգնալ բանակցությունների:

– Սերժ Սարգսյանի հայտարարությունները` ստեղծված իրավիճակի պատասխանատուին մատնանշելու առումով, նույնպես ճիշտ քայլ էր: Դա նաեւ միջազգային հանրության պատասխանատվության հարց էր: Չի կարելի անվերջ ասել` եկեք բանակցությունների սեղանի շուրջ, դա այլեւս բավարար չէ, տեսանք արդյունքը: Սերժ Սարգսյանն այդպես հայտարարեց, որովհետեւ եթե որեւէ մեկը Ադրբեջանին չասի` բավական է, վստահ եղեք՝ վաղը, մեկ ամիս հետո, երկու ամիս հետո կամ չգիտեմ՝ երբ, Ադրբեջանը կրկին կդիմի ագրեսիայի, որովհետեւ որեւէ մեկը դիվանագիտական ապտակ չտվեց պաշտոնական Բաքվին: Եթե Ադրբեջանն իր վրա ճնշում չզգաց, կշարունակի նույն քաղաքականությունը: Այս առումով Ս. Սարգսյանի հայտարարությունն ուշագրավ էր, այդ նախապայմաններն ուղղված էին առավելապես միջազգային հանրությանը, քան Ադրբեջանին:

Միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրները չեն ցանկանում, որ ԼՂ խնդրի լուծումը առաջնահերթություն դառնա: ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի համար առաջնահերթությունը Սիրիան է, Ուկրաինան, ոչ թե Կովկասը, մանավանդ հիմա, երբ Իրանը միջազգային ասպարեզում դերակատար է դարձել:
Քառօրյա պատերազմը ոչինչ չտվեց ոչ Ադրբեջանին, ոչ Հայաստանին, մեզ այն մեկ բան տվեց` արթնացրեց, սթափեցրեց բոլորիս: Չգիտեմ, թե մեկ տարի հետո ինչ վիճակում է լինելու Ադրբեջանը, բայց Հայաստանին գոնե արթնացրեց քառօրյա պատերազմը: Վստահաբար, Հայաստանի իշխանությունը, թե՛ ընդդիմադիր, թե՛ ոչ ընդդիմադիր ուժերը պետք է փաստեն, որ այլեւս այսպես շարունակել հնարավոր չէ: Սերժ Սարգսյանն իր առաջ քաշած պայմաններով, թերեւս, ցանկանում է ցույց տալ միջազգային հանրությանը եւ Հայաստանի հասարակությանը, որ նախկին իրավիճակը փոխվել է, նոր մարտահրավերների առջեւ են կանգնած, մենք մեր պատկերացրած ձեւով պետք է մուտք գործենք եւ կարող ենք դա իրագործել, որովհետեւ միջազգային հանրության համար Ղարաբաղի խնդիրը առաջնահերթություն չի:

– Քառօրյա պատերազմի օրերին ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանը միջնորդական առանձին առաքելությամբ է հանդես գալիս, ռուս պաշտոնյաները այցելեցին Երեւան եւ Բաքու: Ի՞նչ տպավորություն եք ստանում Ռուսաստանի դերակատարումից, ի՞նչ խաղ է նա տանում ԼՂ կարգավորման գործընթացում:

– Քառօրյա պատերազմը ցույց տվեց Ռուսաստանի տկարությունը: Ակնհայտ է, որ Ռուսաստանը չգիտեր ինչպես վարվել` մի կողմում իր գործընկեր Ադրբեջանն է, մյուս կողմում` դաշնակից Հայաստանը:

– Այսինքն` կարծում եք, որ անակնկա՞լ էր Ռուսաստանի համար Ադրբեջանի կողմից հարձակումը:

– Կարծում եմ՝ այո՛, անակնկալ էր: Ռուսաստանին ձեռնտու էր, որպեսզի բանակցությունները սովորականի նման ընթանային, պահպանվեր այն իրավիճակը, ինչպես կար մինչեւ ապրիլի սկիզբը: Բայց պատերազմը բռնկվեց` Ադրբեջանի ու Թուրքիայի միջոցով: Քանի որ Էրդողանի ու Պուտինի միջեւ պայքար, հակասություններ կան` Էրդողանը ցանկանում էր ապացուցել, թե Կովկասը Ռուսաստանին չի պատկանում: Ռուսաստանը հայտնվեց անսպասելի իրավիճակում, չգիտեր ինչպես վարվել. Մեդվեդեւը, Լավրովը եկան-գնացին Երեւան, Բաքու, բայց ոչինչ տեղի չունեցավ: Ռուսաստանը ձգտում էր, որ պատերազմն ավարտվի, բայց հիմա ռուսների համար կարեւոր հարցը սա է` ի՞նչ անել, որպեսզի Թուրքիան այլեւս չմիջամտի: Այդ իսկ պատճառով նրանք նախաձեռնեցին հրադադարի հաստատումը, սակայն վտանգը շարունակվում է պահպանվել, անորոշություն է, որեւէ մեկը չգիտի, թե ինչ է սպասվում, եւ ռուսներն էլ չգիտեն:

Առհասարակ, Ռուսաստանի պաշտոնյաներին պետք է հետեւյալ հարցն ուղղեք` ի՞նչ է ձեզ համար Ռուսաստանը որպես պետություն եւ ի՞նչ է նշանակում ձեզ համար դաշնակից ունենալ: Եթե այսպիսին եք, ներողություն, բայց դա ապուշ կեցվածք է: Մի օրինակ նշեմ` Լավրովն ասում էր, թե Ասադը Ռուսաստանի դաշնակիցը չէ, բայց օգնում են նրան զենքով: Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, բայց օգնո՞ւմ է Ռուսաստանը Հայաստանին…

– Իսկ պատահակա՞ն եք համարում, որ «Bloomberg»-ին տված հարցազրույցում այս փուլում Սերժ Սարգսյանը խոսեց ռուս խաղաղապահների տեղակայման թեմայով՝ նշելով, որ ներկայումս չի տեսնում նման որեւէ հնարավորություն:

– Ռուսաստանի ներքին կյանքում կասկածներ, հակասություններ կան, այնտեղ էլ իրենց սխալներն են գիտակցում` իրենց գերարժեւորելն ու պատասխանատվությունը տարբեր խնդիրներում: Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը ճիշտ վարվեց՝ ցույց տալով, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է: Այդ հայտարարությունն էլ վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը գիտակցեց, որ Հայաստանը պետք է իր ռազմաքաղաքական նշանակությունը չմեծացնի, որպեսզի ավելի բարդ կացության մեջ չհայտնվի:

– Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հեռանում է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնից, ինչը նշանակում է, որ Թուրքիան շուտով նոր վարչապետ կունենա: Ի՞նչ կարող է փոխվել նրա հեռացմամբ, դեպի ո՞ւր է տանում Էրդողանը երկիրը, ավելի արմատակա՞ն Թուրքիա:

– Դավութօղլուի ներկայությունն իշխանությունում խորհրդանշում էր Թուրքիայի եւ Եվրոպայի միջեւ կապը, մտավորականության հետ կապը, նա խորհրդանշում էր փոքր-ինչ «չափավորություն»՝ բացառությամբ, իհարկե, ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ունեցած դիրքորոշման: Դավութօղլուի հեռացումից հետո Թուրքիան ավելի արմատական կեցվածք է դրսեւորելու, իսկ Էրդողանը Թուրքիան կտանի դեպի ավելի ավտորիտար կառավարում, այսինքն՝ հավանական է, որ ոչ ամբողջապես, բայց բռնատիրական պետություն դարձնի այդ երկիրը: Էրդողանի իշխանությունը կմեծանա, բայց կկղզիանա: Լավ լուրեր չեմ սպասում Թուրքիայից` Հայաստանի հետ հարաբերությունների առումով:

 
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031