2015թ. գարնանը Եվրամիության աջակցությամբ Շվեդիայի «Հզոր զգացմունքներ» պարային անսամբլի եւ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի համատեղ ջանքերով իրականացվեց «Երգենք եւ պարենք հանուն խաղաղության» երիտասարդ արտիստների փոխանակման ծրագիրը, որի շրջանակներում անցյալ տարվա մայիսին Ազգային օպերային թատրոնում կայացավ շքեղ համերգ: Որպես շարունակություն այս խաղաղասիրական նախաձեռնության, «Բարեկամություն» անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Նորայր Մեհրաբյան, տնօրեն՝ Տիգրան Մխոյան) օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում նախաձեռնել էր «Եղիցի լույս» խորագրով համատեղ համերգ՝ մասնակցությամբ Շվեդիայից ժամանած Սուրբ Յոհաննեսի անվան կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Կարին Օլգրեն) եւ «Սպեղանի» կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Սարինա Ավթանդիլյան): Համերգն իրականացվեց ՀՀ-ում Շվեդիայի թագավորության դեսպանության աջակցությամբ:
«Առավոտի» հետ զրույցում Նորայր Մեհրաբյանը հիշեցրեց, որ 2015թ. երեւանյան համերգին մասնակցել են Եվրոպայի եւ Արեւելյան համագործակցության 8 երկրներից ժամանած 40 արտիստներ, որոնք Հայաստան էին եկել սեփական երկրի մշակույթները ներկայացնելու, այլ մշակույթներին ծանոթանալու, միասին ստեղծագործելու եւ հանուն համընդհանուր խաղաղության՝ համատեղ ելույթ ունենալու նպատակով:
Օրերս կայացած համերգի առիթով էլ Տիգրան Մխոյանը նշեց, որ երեկոն աղոթք էր առ Աստված՝ ողջ աշխարհում եւ հատկապես Հայաստանում խաղաղություն հաստատելու ջերմագին աղերսով:
Մեզ հետ զրույցում Շվեդիայից ժամանած Սուրբ Յոհաննեսի անվան կամերային երգչախմբի մենեջեր Սերգեյ Ռիդերհոլմը հայտնեց, որ 2002թ. ստեղծված իրենց կոլեկտիվի ստեղծագործական առանցքում է այցելություններ այնպիսի երկրներ (Ճապոնիա, Չինաստան, Ռուսաստան, Ֆինլանդիա, Դանիա, Բելառուս եւ այլն), որոնք ունեն հարուստ դարավոր մշակույթ: «Մենք ելույթ ենք ունեցել Էջմիածնում, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում, որտեղ Սարինա Ավթանդիլյանի օգնությամբ ներկայացրել ենք կոմիտասյան երկու ստեղծագործություն՝ «Յարիս անունը» եւ «Աղչի անունդ Շուշան», ընդ որում՝ հայերենով»,- ասաց մեր զրուցակիցը: Նաեւ հավելեց. «Ցավում եմ, որ ձեր երկրի նման այլ երկրներ էլ կան աշխարհում, որի սահմաններին լարված իրավիճակ է: Մենք մերժում ենք պատերազմը ու արվեստի լեզվով հնչեցնում՝ ինչ էլ որ լինի, մշակութային կապերը չեն անհետանա, ընդհակառակը՝ կգցվեն մշակութային նոր կամուրջներ, որ ժողովուրդները չմեկուսանան իրենց խնդիրների ու ցավերի հետ»:
Մենեջերից հետաքրքրվեցինք, թե իրենց երգացանկում ունե՞ն շվեդաբնակ ճանաչված կոմպոզիտոր եւ դաշնակահար մեր հայրենակցուհի Կարինե Հելման-Գեւորգյանի երկերից: «Լսել ենք տաղանդավոր հայուհու մասին, բայց դեռ ձգձգվում է մեր համագործակցությունը: Տեղեկացված ենք, որ վերջերս Երեւանում նախաձեռնել է «Ա՜խ, երանի՜ տեսնեի…» ժողովածուն՝ նվիրված եղեռնից մազապուրծ եղած ղարսեցի իր տատիկին: Կոմիտաս թանգարան-ինստիտուտում ելույթից հետո մեզ նվիրեցին տիկին Կարին Հելման-Գեւորգյանի երկերի ժողովածուն»,- ասաց Սերգեյ Ռիդերհոլմը:
Կարդացեք նաև
Հավելենք, որ ինչպես Շվեդիայից ժամանած, այնպես էլ «Սպեղանի» երգչախումբը, նաեւ «Բարեկամություն» անսամբլը, ներկայացրին առանց ընդմիջման ընդարձակ ծրագիր, արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: Այս առիթով ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մորթեն Էմբերգից հետաքրքրվեցինք՝ այս նախաձեռնությունը կունենա՞ շարունակություն: «Միանշանակ՝ այո»,- հակիրճ պատասխանեց պարոն Էմբերգը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` «Բարեկամություն» անսամբլ»:
«Առավոտ» օրաթերթ
11.05.2016