Ամուր եղունգներ ունենալու համար, նախ պետք է հետազոտել օրգանիզմը, քանի որ շատ ժամանակ այն օրգանիզմի հիվանդության հետեւանքով վնասվում է եւ ունենում անառողջ տեսք:
Եղունգների էսթետիկ գեղեցկությունը պահպանելու համար կարող եք շփել կարտոֆիլի խյուսով, որի վրա նախապես պետք է ավելացնել մի քիչ կաթ եւ քացախ։
Դյուրաբեկ եւ կոտրվող եղունգները մեկ շաբաթ առավոտյան եւ երեկոյան շփել կիտրոնով։
Ծխախոտի կամ այլ պատճառով մատների վրա առաջացած բծերը շփել կիսված կիտրոնով։
Կոտրվող եւ փափուկ եղունգներն ամրացնելու համար շաբաթը 1-2 անգամ որոշ ժամանակ պահել բուսական յուղի մեջ, որին նախապես ավելացնել A վիտամին, 3 կաթիլ յոդ կամ 5 կաթիլ կիտրոնահյութ, կամ 2 օրը մեկ որոշ ժամանակ պահել տաք աղաջրի մեջ։
Կոտրվող եղունգները պահել գոլորշու վրա տաքացրած մեղրամոմի մեջ։ Մատների վրա առաջացած թեփը թողնել մինչեւ առավոտ։
Սպիտակուցներով, հանքային աղերով, A եւ D վիտամիններով, ժելատինով հարուստ սնունդ օգտագործելու պարագայում եղունգները կլինեն ավելի ամուր եւ կաճեն ավելի արագ։
Փայլուն եղունգներ ունենալու համար պարզապես պետք է դրանք շփել քացախով։
Եղունգների փխրունության եւ շուտ կոտրվելու դեպքում օգտագործել հետեւյալ լուծույթը` 10-15 գրամ քացախ, 20 գրամ գլիցերին եւ 40 գրամ օղի։
Եղունգների առողջության համար շաբաթը մեկ անգամ դրանք դնել աղաջրի մեջ (1 լիտր ջրին 100 գրամ աղ ավելացրեք եւ 5 րոպե տաքացրեք կրակի վրա)։ Ապա յուրաքանչյուր եղունգ շփել ձիթայուղով։
Եղունգները կարճ կտրելու դեպքում մատներն ավելի կարճ ու հաստ են թվում։
Անհարթ եղունգները խարտել խարտոցի մեջտեղի մասով, այն շարժել թեթեւ, առանց սեղմելու։
Սպիտակ բծերը խոսում են այն մասին, որ օրգանիզմում ցինկի կամ կալցիումի պակաս կա։
Պարտեզում` հողի հետ աշխատելիս, նախապես եղունգներով ճանկռտել խոնավ օճառը, օճառը կլցվի եղունգների տակ եւ թույլ չի տա, որ հող ու ավազ մտնեն։ Գործն ավարտելուց հետո պարզապես օճառով լավ լվացվել։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
11.05.2016