Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարգելինե՛րս, եթե հավաքվել ասում եք` բերեք խաղաղվեք, բա ո՞ւր եք զենք տալիս». Արշակ Սադոյան

Մայիս 11,2016 23:40

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի գնահատմամբ` քաղաքական այն գիծը, որը Ղարաբաղի հարցում Հայաստանը որդեգրել է այս փուլում, շատ ճիշտ է. «Հայկական կողմի կոշտ դիրքորոշումը ճիշտ է, հատկապես Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունների ֆոնին, երբ ասում են` մեծ հաջողություններ են ունեցել, տարածքներ են գրավել, Հայաստանը թույլ է ու ինքն իրեն չի կարողանում պաշտպանել և այլն: Հայաստանի փափուկ դիրքորոշումը գուցե տպավորություն ստեղծեր, որ նրանք ճիշտ են: Բայց իրականում լրիվ հակառակն է…

Ադրբեջանն ինքը պետք է երաշխիքներ տա, որ այլևս նման պատերազմական գործողություններ չեն լինի: Բնական է, որ օտարը, առավել ևս նա, ով զենք է տալիս նրանց, որ հարձակվեն, երաշխիքներ չի կարող տալ»,- «Հայելի» ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արշակ Սադոյանը:

Նա համոզված է, որ ղարաբաղյան հարցի կարգավորման համար նոր փաստաթղթի ստորագրման անհրաժեշտություն չկա. «1994 և 1995 թվականների համաձայնությունները կնքվել են այն ժամանակ, երբ Ադրբեջանը մեծ դժվարությունների մեջ էր: Ինչո՞ւ պետք է նոր փաստաթուղթ ստորագրվի, եթե կա հինը»:

Ա. Սադոյանը գտնում է նաև, որ պետք է դրվի ղարաբաղյան կողմի` բանակցություններին մասնակցելու հարցը: Ըստ նրա` քանի դեռ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը հիմնական օրակարգում նշված չէ, բանակցությունների վարումն անիմաստ է:

«Հայկական կողմը պետք է ուշադրություն հրավիրի նաև այն հանգամանքի վրա, որ հակամարտող կողմերին որևէ երկրի կողմից զենքի տրամադրումը, վաճառքը պատերազմի հրահրման մեխանիզմ է,- շարունակեց Սադոյանը:- Հարգելինե՛րս, եթե հավաքվել ասում եք` բերեք խաղաղվեք, բա ո՞ւր եք զենք տալիս: Զենք եք տալիս խաղաղությա՞ն համար. պատից կախված հրացանը պետք է կրակի:

Այստեղից ակնհայտորեն երևում է, որ գոնե Մինսկի խմբի մի կողմը բոլորովին շահագրգռված չէ, որ խաղաղ բանակցություններ լինեն: Զենքի վաճառքից ստացված հինգ միլիարդ դոլարից երկու միլիարդն անձամբ Պուտինն է գրպանում: Երկու միլիարդ գրպանող մարդը շահագրգռված կլինի՞ արդյոք, որ զենք չվաճառվի, խաղաղ բանակցություններ լինեն, կարգավորվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարցերը, խաղաղություն լինի»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031