Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Կոթիի բնակիչները պահանջում են ազատ արձակել Անդրանիկ Ազիբեկյանին

Մայիս 11,2016 23:06

Անդրանիկ Ազիբեկյանի եղբայրը զոհվել է հանուն հայրենիքի

 

Մայիսի 4-ին  Տավուշի մարզի Կոթի գյուղ այցելած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հանդիպել է բազմավաստակ մանկավարժ Զեմֆիրա Հարությունյանը, որը վարչապետին է հանձնել  Կոթիի բնակիչների նամակը, որն առնչվում է  Զ. Հարությունյանի որդուն՝ Իջեւանի նախկին ոստիկանապետ Անդրանիկ Ազիբեկյանին: Կոթեցիները պահանջում են ազատ արձակել համագյուղացի  Ա. Ազիբեկյանին:  Վերջինս 2015թ. օգոստոսի 5-ին  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով  դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: 2016թ. մարտի 29-ին քրեական գործերով վերաքննիչ դատարանը որոշել է  նրան  դատապարտել 4 տարվա ազատազրկման:

Տիկին Զեմֆիրան 46 տարվա մանկավարժ է, թոշակառու, սակայն իր կյանքը վտանգելով՝ ամեն  օր մեկնում է  սահմանի առավել վտանգավոր հատվածում գտնվող Բարեկամավան գյուղ եւ ռուսաց լեզու ուսուցանում տեղի դպրոցականներին: Տիկին Զեմֆիրան մեզ  ասաց, որ վարչապետին է  հանձնել  կոթեցիների նամակն՝ ուղղված   նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին,  արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, գլխավոր դատախաղ Գեւորգ Կոստանյանին, ոստիկանապետ Վլադիմիր  Գասպարյանին:

Նամակում ասվում  է. « …Երբ քրեական գործից անհետանում են մարտական զենքով կրակոց արձակած անձանց մասին տվյալները և հենց մարտական զենքը, երբ իրական հանցագործները մնում են ազատության մեջ, երբ ՀՀ քաղաքացին ազատազրկվում է չորս տարով միայն մեկ և կեղծ ցուցմունքի հիման վրա, երբ նույն հոդվածով մեղադրվող ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ավետիսյանը դատական տարբեր ատյաններում բազմիցս հայտարարել է, որ Անդրանիկ Ազիբեկյանը որևէ անօրինականություն չի կատարել, և, որ նախաքննության ժամանակ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում առաջարկել են ցուցմունք տալ, ինչի դիմաց խոստացված է եղել մեղմացնել իրեն առաջադրված մեղադրանքը, ընդ որում հորդորել են նաև խոսել Անդրանիկ Ազիբեկյանի դեմ, որպեսզի վերջինս ևս ընդունի իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն Անդրանիկը չի համաձայնվել, երբ նույնիսկ վերաքննիչ դատարանի որոշումը, որով անձը դատապարտվում է՝ հասու չի լինում մեղադրյալին վճռից անգամ քառասուն օր հետո (օրենքով՝ մինչև 3 օր), վարույթն իրականացնող մարմինները ևս մեկ անգամ ապացուցում են մարզում տարածված այն խոսակցությունները, որ սա ուղղակի պատվեր է Անդրանիկ Ազիբեկյանի դեմ։ 19.06.2014թ–ին ստացված փորձագետի թիվ 1403-14թ եզրակացության համաձայն դեպքի վայրից հայտնաբերված և փորձաքննությանը ներկայացված երկու պարկուճները հանդիսանում են 7.62մմ տրամաչափի մարտական փամփուշտներ, որոնք կրակվել են «ՏՏ» տեսակի միևնույն ատրճանակից։ Անդրանիկ Ազիբեկյանի կողմից իրականացված խուզարկությունների ընթացքում տվյալ անձանց բնակարաններից` այդ թվում Աշոտ Այդինյանի եղբոր բնակարանից, հայտնաբերվել են տարբեր տեսակի զենք և ռազմամթերք։ Այժմ, այս փաստացի պատերազմի ժամանակ, մեր համայնքը շատ է զգում Անդրանիկ Ազիբեկյանի կարիքը, ով միայն խոսքով չէ, որ գիտի թե ինչ է պատերազմը։ Անդրանիկ Ազիբեկյանի եղբայրը մեկն էր հայրենիքի սահմանը պաշտպանելու մեկնած այն 14 ոստիկաններից, ով 1991թ. մայիսի 6-ին զոհվեց Ոսկեպարի հայտնի «Կոլցո» օպերացիայի ժամանակ։

Ականատեսները պատմում են, որ Արմեն Ազիբեկյանը լինելով վիրավոր և ադրբեջանցի օմոնականների կողմից ենթարկվելով կենդանի անդամահատումների, մահացել է արյունաքամ լինելով և ոչ մի գաղտնիք չհայտնելով թշնամուն։

Կորցնելով ավագ եղբորը, Անդրանիկը նույնպես ամբողջ կյանքում ծառայել է Հայաստանի Հանրապետությանը և վստահ ենք, որ ազատվելու դեպքում նա լինելու է մեր կողքին և մեզ հետ միասին նորից պայքարելու է ընդհանուր թշնամու դեմ, քանի որ ունենալով 3 որդի, որոնցից 2-ը անչափահաս, թոշակառու ծնողներ, վերջինս ուղղակի չի կարող լքել իր բնօրրանը։ Ավելացնենք որ, Անդրանիկ Ազիբեկյանը հիմնովին հրաժարվում է իրեն առաջադրված մեղադրանքից։

Դիմելով Ձեզ, մենք՝ Կոթի գյուղի ներքոստորոգրյալ ավելի քան հազար երկու հարյուր բնակիչներս ակնկալում ենք Ձեր հատուկ ուշադրությունն այս ու դատական համանման գործերի նկատմամբ, որպեսզի Անդրանիկ Ազիբեկյանն էլ չհանդիսանա արդարադատության զոհ և արդարադատություն չփորձի գտնել միջազգային ատյաններում և խնդրում ենք միջոցներ ձեռնարկել, որպեսզի սույն գործով բացահայտվեն բոլոր հանգամանքները և Անդրանրիկ Ազիբեկյանը կրկին հայտնվի մեր կողքին»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031