Ինչպես հաղորդում է Eurovoix.com կայքը, Հայաստանը պաշտոնապես նախազգուշացվել է Եվրոպական հեռարձակողների միության կողմից՝ երեկ գիշերը, Եվրատեսիլի 1-ին կիսաեզրափակիչի ժամանակ դրոշի հետ կապված դիպվածի վերաբերյալ:
Խոսքը գնում է Եվրատեսիլի հեռարձակման ժամանակ Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանի ժեստի մասին՝ նա կանաչ սենյակում ծածանում էր Արցախի դրոշը: Այդ կադրը ֆիքսել եւ տարածել էր Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակությունը՝ մակագրելով՝ «Հատուկ «ոմանց» համար…»: Իսկ կիսաեզրափակչի ելույթներից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ երգչուհին, ի պատասխան Արցախի դրոշը ծածանելու վերաբերյալ հնչած հարցի, ասել էր, թե դա արել է, քանի որ ինքը եւ Հայաստանը խաղաղություն են ուզում:
Հայաստանի ազգային հեռարձակողին, նույն ինքը՝ Հանրային հեռուստատեսությանը, Եվրոպական հեռարձակողների միությունից զգուշացրել են, որ եթե եւս մեկ անգամ միջադեպը կրկնվի, այսինքն՝ եթե եզրափակիչում էլ Արցախի դրոշը ծածանվի, դրանով Հայաստանն իրեն կդնի որակազրկվելու վտանգի առջեւ՝ այս տարի եւ ապագայում: Իսկ արդեն իսկ գրանցված միջադեպի առթիվ Հայաստանի պատիժը հայտնի կդառնա մինչեւ այս տարվա հունիս ամիսը:
Հայտարարության տեքստում շեշտվում է, որ այդ քայլով հարված է հասցվել Եվրատեսիլի բրենդին, ինչպես նաեւ խախտվել են Եվրատեսիլ-2016-ի հայտարարված կանոնները:
Կարդացեք նաև