Մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովում կայացել է Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի հիմնադիր նիստը, որին մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը՝ Բելգիայի Վալոնիա-Բրյուսել/ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահ Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ:
Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի եւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Գեւորգ Բաղդասարյանը օրը պատմական է համարում: Նա տեղեկացրեց, որ Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի հիմնադիր նիստին, որին մասնակցում էին 4 համալսարանների ուսանողներ, ընդունվել է առաջին դեկլարացիան: Երիտասարդը կարեւորում է Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի դերը ոչ միայն Հայաստանի ներսում երիտասարդներին աջակցելու, նրանց ձայնը լսելի դարձնելու առումով, այլեւ այլ երկրների ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանների միջեւ համագործակցության տեսանկյունից:
«Մեր նիստին ներկա էին բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, ինչպիսիք էին Վալոնիա-Բրյուսել/ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահը, ներկայացուցիչներ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունից, մեր դեսպանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, ՀՀ ԱԺ պատգամավորներ: Այնպես որ, այն հարցերը, որոնք բարձրացրինք, շատ արագ կարող են հասնել Ֆրանկոֆոն հասարակությանը:
Օրինակ՝ այսօր մեր խորհրդարանի անդամները բարձրաձայնեցին Ղարաբաղյան հիմնահարցի մասին: Մենք այդ հարցին մոտեցանք Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքների տեսանկյունից, քանզի այն, ինչ տեղի է ունենում Արցախում, առաջնագծում, չի կարող չհետաքրքրել Ֆրանկոֆոն արժեքներ կրող մարդուն. ոտնահարվում են մարդկանց հիմնարար իրավունքները, մարդիկ ստիպված տեղահանվում են: Կարծում ենք, որ իրականությունը, որ կա այսօր Արցախում, պետք է մտահոգի նաեւ ողջ ֆրանկոֆոն հասարակությանը»,- նշեց Գեւորգ Բաղդասարյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ