Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Բաղրյան. «Ոչ մեկը իրավունք չունի արհամարհել Արցախի ժողովրդի կամքը»

Մայիս 11,2016 20:33

«Սա մեզ համար նորություն չէ, վերջին երկու տարիների ընթացքում նրանք միշտ լարվածությունը պահպանում էին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարդգես Բաղրյանը:

Նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է իր քաղաքականությունը՝ հավասարության նշան դնելով եւ «կողմերին կոչ անելով». «Քանի դեռ հասցեական չեն գնահատականները եւ սեւին սեւ չեն ասում, սպիտակին՝ սպիտակ, եւ քանի դեռ սահմանին չեն տեղադրվում այդ վերահսկող մեխանիզմները, որոնք կարող են ակնհայտ կերպով ասել, թե հակամարտ կողմերից որ կողմն է խախտում զինադադարը, Ադրբեջանը շարունակելու է իր այդ քաղաքականությունը: Իմ կարծիքով՝ վաղուց արդեն ժամանակն է, որ հասցեական գնահատականներ տրվեն: Եթե մենք ենք դա անում, ասեք՝ հայկական, ղարաբաղյան կողմն է դա անում, եթե հակառակորդն է անում, ասեք, որ նա է անում: Եվ քանի դեռ չեն խոսում, Ադրբեջանը շարունակելու է իր այդ լկտի պահվածքը»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր , որ համակողմանի լուծումը կներառի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը ու հարակից տարածքների վերահսկողությունը Ադրբեջանին վերադարձնելը: Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Վարդգես Բաղրյանն ասաց, որ դա նորություն չէ. «Անշուշտ, լուծումը պետք է լինի համապարփակ, բայց նաեւ, թե ով ինչ է հասկանում այդ համապարփակ բառի տակ: Եթե նրանց թվում է, որ մենք տարածքներ պետք է զիջենք, հետո նոր միայն, ինչպես իրենք են ասում, նստենք բանակցային սեղանի շուրջ եւ խոսենք, միանշանակ անթույլատրելի է: Առհասարակ, անթույլատրելի է ստեղծված իրավիճակում խոսել որեւէ տարածքային զիջումների եւ խաղաղապահ ուժերի տեղակայման մասին: 1990-ական թվականներին էլ ենք տեսել այդ խաղաղապահ ուժերը:

«Կոլցո» օպերացիայի 25 տարին լրացավ, թե ով էր այդ օպերացիան իրականացնում, կարծում եմ՝ որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Այնպես որ բազմիցս ամենաբարձր մակարդակով՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական ղեկավարության շուրթերից  հնչել է, որ որեւէ տարածքային զիջման մասին խոսք լինել չի կարող: Անկյունաքարում մեզ համար միանշանակ մնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի հարցը: Որքան ես եմ հասկանում, Ադրբեջանը այսօր պատրաստ չէ գնալ կառուցողական բանակցությունների»:

Վարդգես Բաղրյանը հավելեց, որ որեւէ մեկին իրավունք վերապահված չէ տարածքներ զիջել. այդ տարածքները Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքներ են: Եվ միայն ժողովուրդը հանրաքվեի միջոցով կարող է տալ այդ  հարցի պատասխանը. ոչ մեկը իրավունք չունի արհամարհել Արցախի ժողովրդի կամքը. «Եթե տարածքները հանձնենք, պատկերացնում եք՝ ինչ շահեկան վիճակում իրենք կհայտնվեն, եւ ինչ դիրքերից են արդեն մեզ հետ խոսելու, եթե հիմա են այդպես խոսում: Այնպես որ անիմաստ է այդ մասին խոսել: Անկեղծ ասած, կհորդորեի, որ մենք առհասարակ չխոսեինք տարածքային զիջումների մասին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031