Լրահոս
Օրվա լրահոսը

Թող այսուհետ մտածեն մոզիները…

Մայիս 11,2016 20:21

Մեր ոխերիմ հարևանները մայիսի 8-9-ից օրեր առաջ տարբեր մակարդակներով սկսեցին հայտարարել, թե՝ հարձակվելու են ու «ազատագրեն» Շուշին: Ադրբեջանցիքի հոխորտանքներն ինքնին ծիծաղելի էին: Ինչ խոսք՝ վերջիններս Շուշին չեն տեսնի՝ ինչպես սեփական ծոծրակը, սակայն նոր կրակոցների ու հարձակման մտահոգությունը հանգիստ չէր տալիս: Ներքին անհանգստություն բոլորիս էր պարուրել:Ես էլ որոշեցի՝ պիտի գնամ ու մայիսի 9-ին առաջնագծում լինեմ: Տղաս ըմբոստացավ, թե՝ ինքն էլ է գալիս. «Եթե քեզ հետ չգամ, ընկերներիս հետ եմ գնալու»:

-Ախր դու բանակում չես ծառայել,-բարկացա:

-Ես էլ կգամ, իմ գրած բանաստեղծությունները կկարդամ տղերքին: Ով ինչ կարողանում է, պիտի անի:

Սիրտս ծուլ եղավ, հուզվեցի: Մայրս մի պահ ըմբոստացավ, հետո նայեց հայացքիս ու լռեց: Կինս վաղուց չի ըմբոստանում. եթե պետք է , ուրեմն՝ պետք է:

Vahan BadasyanԵվ այսպես, հասանք Արցախ՝ մինչև Հադրութ: Իմ ընկեր Վահան Բադասյանը մեզ դիմավորեց: Տեսնեմ՝ Հադրութում է նաև տեր Մխիթար քահանա Ալոյանը՝ Արտաշատից:

-Տեր հայր, դու այստեղ ի՞նչ գործ ունես: Թուրքերն ամեն պահի կարող են արկածախնդրություն անել:

Բարկացած նայեց դեմքիս.

-Հենց դրա համար էլ եկել եմ: Իսկ դու չգիտես,- շարունակեց տեր հայրը,- երբ խաչը շրջում ես, սուր է դառնում:

Հետո սկսեց բողոքել.

– Եղբա՛յր, առաջնորդարանում ինձ արգելում են զենք վերցնել, թե՝ հոգևոր մարդ ես, հիմա էլ եկել եմ՝ այստեղ զենք տվող չկա:

Մտերմիկ գրկեցի տեր հոր ուսը: Հուզմունքս խեղդում էր:

-Ես կբարեխոսեմ, միասին կգնանք առաջնագիծ, բայց խաչդ ավելի կարևոր է, զենք բռնող շատ կա:

Ter MxitarՆախկին հրամանատար, Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, Քեսաբի ազատագրումը կազմակերպած Վահան Բադասյանին տեղյակ պահեցի, որ տեր Մխիթարն էլ մեզ հետ պիտի գա: Ճանապարհին զարմացած նկատեցի, որ ամբողջ Արցախով մեկ Հայաստանի տարբեր անկյուններից եկած տղերք կան: Թուրքերի հոխորտանքն ազդել էր. բոլորը եկել էին դիմավորելու ադրբեջանական բանակին: Հպարտացա: Փաստորեն, նախորդ տարիներին արմատացած «ղարաբաղցի», «հայաստանցի» արտահայտությունները ժողովրդին չէին վերաբերում: Ինչպես ասում են՝ մի ցռան մոզին գցում է նախրի անունը, իսկ ժողովուրդը՝ մեկ է ու նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել: Թող այսուհետ մոզիները մտածեն կեղտից մաքրվելու մասին:

Հասանք առաջնագիծ: Զինվորները համեստ էին ու անմիջական: Ճանաչեցի հայացքները: 90-ականներին մենք այդ հայացքներով էինք միմյանց տարբերում՝ ով է վառոդի հոտ շնչել, ով՝ ոչ: Մենք պատերազմած մարտիկի հայացքը երբեք չենք շփոթում: Վահան Բադասյանը նախօրոք ասաց, որ մեկ շիշ խորհրդանշական շամպայն կարող ենք դիրքեր հասցնել: Շուշիի ազատագրման օրն ավելի փառահեղ նշել հնարավոր չէր: Տեր հայրն օրհնեց, տղաս՝ Տարոն Գլակն, իր ստեղծագործությունները արտասանեց՝ մի քիչ հուզված, մի քիչ կարկամած, բայց հպարտ: Տեր Մխիթարին, ինչպես ասում են, զինվորները մուրազին հասցրեցին, զինեցին ոտքից գլուխ՝ է՜լ ինքնաձիգ, է՜լ նռնակներ… հետո տարան դիտակետ, ու այնտեղից վերջինիս մի կերպ ետ բերեցինք: PIC_0089PIC_0100

Ինձ համար խոսքերն ավելորդ էին: Ձեռքս վերցրեցի տեսախցիկն ու ինչ կարող էի արձանագրեցի:

Ձախ կողմում ադրբեջանական դիրքերն էին, աջում՝ Պարսկաստանի հետ սահմանը՝ Արաքս գետով…

Առաջնագծից պատրաստած տեսանյութերն ու հարցազրույցները կներակայացնեմ առաջիկայում:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031