ՀՀ վարչապետի նշանակման առաջին իսկ օրերից հայտարարվեց, որ տնտեսությունում ստվերի կրճատման դեմ անխնա պայքար է լինելու: Մինչ օրս հանրությունը անխնա պայքարի ականատես չի եղել, առավել եւս չի նկատել, որ տնտեսությունը ոտքի է կանգնում եւ բոլոր տնտեսվարողները, հատկապես խոշոր այն գործարարները, որոնք իշխանության հետ փոխկապակցված են, ազնվորեն վճարեն հարկերն ու դրանք չթաքցնեն: Հարկային նոր օրենսգրքի հեղինակներն ու նախաձեռնողները վստահեցնում են մեզ, որ այն բեկում է մտցնելու ոլորտում եւ համակարգը բարելավվելու է:
Այսօր տնտեսական լրագրողների ակումբը քննարկում էր կազմակերպել Հարկային նոր օրենսգրքի շուրջ: Քննարկման ժամանակ կարծիք հնչեց, որ նոր օրենսգրքով նախատեսվում է նվազեցնել հարկային տեսուչ-հարկ վճարող շփումը, այն էլեկտրոնացվում է:
Արդյոք ստվերի առկայության խնդիրը, հարկերը թաքցնելը գալիս է հարկային տեսուչի անբարեխիղճ աշխատանքից, եւ արդյոք հարկային նոր օրենսգիրքը մեխանիզմներ ունի որպեսզի հարկատուներն ազնվորեն վճարեն հարկերը եւ այդ անհավասար մրցակցությունը վերանա: Aravot.am-ն այս հարցն ուղղեց քննարկման մասնակիցներին: Հարկ վճարողների ասոցիացիայի նախագահ, հարկային խորհրդի անդամ Փայլակ Թադեւոսյանի կարծիքով՝ բնավ հարկավոր չէ տեսուչ-հարկ վճարող շփումը նվազեցնել՝ փոխանակ մտածեն՝ եթե կա մեկը, որը վատ է աշխատում, նրան աշխատանքից ազատեն:
Մեր այն հարցին՝ արդյոք խնդիրն ավելի վերեւներից չի գալիս, Թադեւոսյանն ասաց. «Պարզ է, որ տեսուչով չէ, բայց եթե խնդիր կա, որ տեսուչի վրա պատասխանատվություն կա, նա իր վերադասին կհարցնի` քո այս հրամանը տալիս, որ մի բան լինի, պատրա՞ստ ես տալու այդ գումարը կամ հետս կիսվելու: Այսինքն, հարցն ավտոմատ դառնում է վերեւինը»:
Կարդացեք նաև
Թադեւոսյանի կարծիքով՝ եթե ցանկացած օրենք լավ կիրառվի, ստվերի դեմ պայքարի ուղղությամբ լավ կաշխատի:
Պարոն Թադեւոսյանի դիտարկմամբ՝ եթե օրենսգրքով հարկային բեռն ավելանալու է, այս տեսքով ավելի լավ է` չընդունվի:
Ինչ վերաբերում է անհավասար մրցակցությանը, ապա Թադեւոսյանի կարծիքով՝ դա թղթի վրա գրելով չէ, որ պետք է վերանա:
Aravot.am-ը հարց ուղղեց նաեւ Հայաստանում արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Տերեսա Դամբային: Հարցին՝ ի՞նչ է տալու հարկային նոր օրենսգիրքը, եթե հարկերից խուսափելու խնդիրը քաղաքական կամքից է կախված, մասնավորապես ՀՀ նախագահից. Մեր այս հարցին տիկին Դամբան ըստ էության չպատասխանեց:
Տերեսա Դամբայի խոսքերով՝ «Ես հասկանում եմ, մի շարք բաներ պետք է դիտարկել հարկային օրենսգրքում: Ընդհանուր առմամբ եկամուտներն ավելանալու են, ավելի շատ հնարավորություններ կլինեն, որպեսզի կատարվեն ծախսեր, որոնք կատարվելու են կարիքավոր մարդկանց համար: Ֆիզիկական անձանց եկամտահարկը, գործող օրենքով, եթե չեմ սխալվում, կապիտալ եկամուտները ներառելու տարբերակները կավելանան, շահութաբաժինները, դիվիդենտները կներառվեն եկամտահարկի մեջ: Այսինքն, հիմնականում ավելի հարուստ մարդիկ են շահութաբաժիններ ստացողները: Բացի այս, եթե նայում ենք ֆիզիկական անձանց եկամտահարկի դրույքաչափերը, ավելի ցածրը՝ 24.4%-ը, դառնալու է 23%, ցածր աշխատավարձ ստացողները, իսկ այսօր, դժբախտաբար, ավելի շատ մարդիկ են այդ խմբում, նրանք ավելի պակաս հարկեր են վճարելու: Տարբեր տարրեր կան, որոնք կօգնեն բարելավելու: Բայց կան նաեւ այլ տարրեր, համաձայն եմ ձեզ հետ, որոնք էլ հակառակ ուղղությամբ կընթանան»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ