Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմենչիկը զորամասի անցակետից ներս մտավ, ասաց՝ զորք շարվի, զորքը շարվե՞ց». Տիգրան Վիրաբյան

Մայիս 11,2016 18:29

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով երգիչ Արմենչիկի՝ Արցախի զորամասերից մեկում շարք կանգնած զինվորներին տոպրակներ բաժանելու մասին տեսանյութին, որը մեծ աղմուկ է հանել, ասաց. «Իսկ ինչո՞ւ համացանցում խոսք չկա այն մասին, թե ո՞վ է թույլատրել երգչին այդ գործողությունը, ինչո՞ւ է տվյալ զորամասը կազմակերպել այդ ամեն ինչը: Արդյոք այսօր ամեն մի երգիչ իրավունք ունի՞ գնալ ու զորք շարե՞լ…Մենք միայն լսում ենք՝ Արմենչիկ, Արմենչիկ, իսկ դա ցույց է տալիս, որ մենք ոչ թե սեւեռված ենք երեւույթի, այլ անձի դեմ: Եթե սեւեռված լինեինք խնդրի վրա, մենք հավասարազոր պետք է բարձրաձայնեինք նաեւ այն անձի դեմ, որը կազմակերպել է, թույլ է տվել, որովհետեւ ես չեմ կարող մտածել, որ Արմենչիկը զորամասի անցակետից ներս մտավ, ասաց՝ զորք շարվի, զորքը շարվեց: Ինչո՞ւ այդ մասին չենք խոսում, ինչո՞ւ հավասարազոր իրենցից էլ արժանապատվություն չենք պահանջում, ֆիքսվել ենք այս մարդու վրա, ուրիշ ոչ մի բան»:

Armenchik

Մեր զրուցակցի կարծիքով, այս հարցը պետք է նայել երկու հարթության մեջ. «Մեզ անհանգստացնում է, որ Արմենչի՞կն է զինվորներին օգնել, թե՞ մեզ անհանգստացնում է օգնելու ձեւաչափը: Եթե անդրադառնանք հարցի առաջին մասին, ես չեմ կարծում, որ մարդու ստեղծագործական որակները, մարդու արվեստի բարձրաճաշակ կամ ցածրաճաշակ լինելը, մարդու արվեստի լայն տարածում ունենալը կամ տարածում չունենալը կարող են հիմք հանդիսանալ, որպեսզի այդ մարդուն թույլ տան, հնարավորություն տան օժանդակելու իր երկրի բանակին: Դա բացարձակապես անընդունելի է, կարեւոր չէ, ինքը ինչ կարգի ստեղծագործող է, կարեւորը ինքը հայ մարդ է , ուզում է օժանդակություն անել բանակին: Դա ընդունելի է եւ գովելի է:

Եթե անդրադառնում ենք հարցի երկրորդ հարթությանը, տալու ձեւի մեջ ենք փնտրում խնդիրը, ես առավել, քան վստահ եմ, որ ցանկացած հայաստանյան երգիչ եւ արտերկրյա երգիչ իրավունք չունի հայտնվելու ՊՆ բանակում ու ինքնակամ զորքը շարել ու փորձել բարեգործական ակցիաներ կազմակերպել: Եթե բանակում զորքը շարվում է, նշանակում է` ունի համապատասխան պայմանավորվածություններ բանակի հետ: Տվյալ պահին դա լինի գնդի հրամանատար, դա լինի մի քիչ ավելի բարձր պաշտոնյան, փաստորեն համապատասխան թույլտվություն ունեցել է, քննարկվել է այդ հարցը: Բոլորս գիտենք, որ մեր բանակում՝ բացի հրամանատարական կազմից, զորքին շարելու իրավունք չկա, ամեն մարդ չի կարող այդ գործով զբաղվել»:

Տիգրան Վիրաբյանի կարծիքով, տեսանյութը նկարահանված է հեռախոսով, որը մեկ անգամ եւս փաստում է, որ սա հանրային կազմակերպված ակցիա չէ: «Ուղղակի ցանկացած տեղ, ուր հայտնվում են հայտնի մարդիկ, հայտնվում են մարդիկ, որոնց այդ իրադարձությունը հետաքրքում է, լուսանկարահանում են, տեսանկարահանում են, տեղադրում համացանց, որպես հետաքրքիր տեսանյութ: Անձամբ իր ձեռքից նվեր հանձնելը, չեմ կարծում, որ որոշակի PR ակցիա կազմակերպելու համար է, չեմ կարծում, թե բանակը օգտագործել է , որպեսզի Հայաստանում ու Սփյուռքում մեկ անգամ եւս հիշվի:

Ուղղակի ես հավատում եմ, որ սա եղել է հայի կամքի դրսեւորում, անձամբ հասնել, անձամբ սեղմել զինվորի ձեռքը եւ առավել քան վստահ եմ, որ շատերը բանակում նրա երկրպագուներն են, շատերը ոգեւորվել են իր ներկայությունից: Սա պետք չէ դիտարկել իր անձի շուրջ կառուցվող PR քայլ, հատկապես որ մենք գիտեն, որ այս երգիչը բարեբախտաբար, թե դժբախտաբար Հայաստանում PR-ի կարիք չունի: Օժանդակության ձեւի հետ կապված ցանկացած հայ՝ ապրող Հայաստանում, Սփյուռքում, լինի երգիչ, նկարիչ, ավտոմեխանիկ եթե փորձում է 500 կիլոմետր կտրել, անցնել որեւէ զորամաս զինվորին օժանդակություն ցուցաբերելու, դա միայն գովելի է, դա միայն ընդունելի է, այդտեղ հասնելով՝ ցույց է տալիս կարեւորությունը: Այդքան ճանապարհ ինքնաթիռով գալ Հայաստան, գնալ Արցախ, կարելի է այս ամենի մեջ լավ նոտա փնտրել, կարելի է այս խնդիրն լավ տեսանկյունից նայել, բարի աչքերով նայել այս ամեն ինչին:

Եթե արվել է որպես PR քայլ, շատ վատ է, որովհետեւ այս իրավիճակն ու բանակն այն տեղը չէ, որ կառուցեն իրենց PR-ը, բայց ուզում եմ հավատալ, որ սա զուտ մարդու կողմից արված քայլ է, որ չունի այլ նպատակներ: Սա ուղղակի բարի կամքի դրսեւորում է, ինչ-որ չափով վստահ եմ, որ նրան չի հետաքրքրել սա նկարահանել, տեղադրել համացանցում: Մի խոսքով, ես ուզում եմ, որ մեր հասարակությունն այս ամենին նայի բարի աչքերով, այս օրերին մենք շատ ավելի կարեւորագույն, լուրջ խնդիրներ ունենք, շատ ավելի սեւեռվելու մեծ հարցեր ունենք, քան Արմենչիկի զորամասեր գնալ ու իր ձեռքով օգնություն տալն է: Ուղղակի մենք շատ հաճախ կարեւորությունը խախտում ենք»,- ասում է Տիգրան Վիրաբյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարինե says:

    Համաիտ եմ լիովին, քննադատել պետք ոչ թե անձի վրա սրեռվելով, այլ համակարգը որ դեռրս ձևավորման ու կատարելագործման կարիք ունի

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031