Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մաջնունյանի սպանության գործով մեղադրյալը հրաժարվում է ներկայանալ դատական նիստերին

Մայիս 11,2016 18:09

Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանում այսօր` մայիսի 11-ին, դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ շարունակվեց հիրոմանտ, էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով քննությունը:

Հիշեցնենք, որ Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվում է «Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն եւ գլխավոր ռեժիսոր, 1995 թ. ծնված Մուշեղ Մխիթարյանը:

Այսօրվա նիստին նշյալ գործով 8 վկաները կրկին չէին ներկայացել: Ոստիկանության տարբեր բաժիններից դատարանին տեղեկացվել է, որ ըստ որոշ վկաների հարեւանների եւ հարազատների բանավոր հայտարարությունների` նրանք բացակայում են ՀՀ-ից: Մի վկայի գտնվելու վայրի մասին էլ տեղեկություն չկա:

Դատարանում ընթերցվեց ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանի` դատավոր Աբրահամյանին ուղղված նամակը, որում մասնավորապես ասվում է. «Պարոն դատավոր, ես հրաժարվում եմ նիստերին ներկայանալ, դրանք կարող են շարունակվել առանց իմ ներկայության: Պատճառը քննչական խմբի կողմից ներկայացված շինծու մեղադրանքն է, Դուք էլ, որպես փորձառու դատավոր, պետք է ըստ արժանվույնս գնահատեիք դա: Ես մի քանի անգամ փորձում էի հայտարարություններ եւ միջնորդություններ անել, ինչին Դուք ընդառաջ չգնացիք: Քննչական խմբի հանցավոր գործունեությունը հաշվի առնելով` հասկացա, որ սխալվել եմ` վստահելով արդար դատաքննությանը: Չեմ վստահում Ձեզ եւ քննիչին: Կարծում եմ` վճիռս արդեն պատրաստ է, եւ Դուք պետք է փրկեք քննչական խմբին խայտառակությունից, դա, ձեր ներքին համոզմամբ, ճիշտ է: Ես իմ հարցերը կլուծեմ միջազգային չափանիշներով: Կգա օրը, երբ եվրոպացիները ճշմարիտ որոշում կկայացնեն: Դուք ինձ զրկում եք ազատությունից, ընտանիքից, մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ եւ ամենայն բարիք»:

Ընթերցումից հետո դատավորն ամբաստանյալին հրամայեց ոտքի կանգնել.

-Դո՞ւք եք գրել:

-Այո:

-Նույն կարծիքին եք, որ չե՞ք մասնակցելու:

-Ես` ոչ, դատապաշտպանս նույնպես:

-Դատապաշտպանի հարցը կարգավորված է օրենքով, պաշտպանի մասնակցությունը ամրագրված է օրենքով:

-Դուք Ձեր դատերն արեք առանց մեզ, երբ վճիռը հրապարակվելու լինի, ես կներկայանամ:

-Այս անհեթեթությունը, որ գրել եք…կրկնում եմ` դատավորը դատաքննության ընթացքում չի կարող Ձեզ անմեղ ճանաչել: Կրկնում եմ` երբ ես խոսում եմ վկայի հետ, Դուք իրավունք չունեք տեղից միջամտել եւ խոսել, ինչի համար նախորդ նիստին զգուշացվեցիք: Նորից լավ մտածեք, դատարանը հակված չի Ձեզ հեռացնել, ուղղակի դուք դատաքննության ընթացքում կարգուկանոնը պահպանեք:

Մուշեղ Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը դիմեց դատավորին. «Կխնդրեի իմ պաշտպանյալին մի փոքր մտածելու ժամանակ տալ»: Դատավորն ասաց, որ նման հնարավորություն կտա, եւ պաշտպանին խնդրեց ամբաստանյալին եւս մեկ անգամ բացատրել իր իրավունքներն ու պարտականությունները:

Ամբաստանյալն էլ հակադարձեց` ասելով. «Ես չեմ հերքի` զգացմունքային մարդ եմ, բայց այս ամենը զգացմունքների հետ կապ չունի: Այդ օրենքները բացատրելու կարիք չկա: Իմ չներկայանալու որոշումը միանշանակ է: Չեմ ուզում հաջորդ նիստի օրը արթնանամ, ասեմ` չեմ ուզում գալ, հետո եսիմ ոնց հայտնվեմ դատարանում»:

Պաշտպանն էլ կրկին միջամտեց. «Հարգելի դատավոր, խնդրում եմ պաշտպանյալիս նորից իրազեկել օրենքով ամրագրված այն կարեւոր փաստի մասին, որ եթե նա չմասնակցի, ես որպես հանրային պաշտպան պարտավոր եմ մասնակցել, ես իրավունք չունեմ հրաժարվել»:

Այնուամենայնիվ, դատարանը որոշեց Մուշեղ Մխիթարյանին մտածելու ժամանակ տալ: Դատախազն առաջարկեց նիստը հետաձգել, որպեսզի ոստիկանությանը կրկին դիմեն նիստին չներկայացած վկաներին բերման ենթարկելու համար:

Ամբաստանյալ Մխիթարյանն ընդհատեց դատախազին. «Իսկ միգուցե խնդրեք` ե՞ս տեղն ասեմ, մարդ կա` բանտում է հիմա»:

Դատավորը ստիպված եղավ Մուշեղ Մխիթարյանի հետ «թատերական լեզվով» խոսել.

-Ամբաստանյալ, նորից եմ կրկնում` երբ ես կավարտեմ մեղադրողի հետ զրուցելը, Ձեզ կլսեմ, տեղից մի խոսեք…Երբ Դուք բեմադրություն եք անում, ու մի դերը չավարտած, մյուս դերասանն է խոսում, ի՞նչ եք անում:

-Պատահում է այդպես

-Բայց կանխում եք, չէ՞: Կասեք` մի րոպե, սպասի, մինչեւ մյուս դերասանն ավարտի…

Կրկին դիմելով դատավորին` Մուշեղ Մխիթարյանն ասաց. «Կարծում եմ` մյուս դատին ամեն ինչ նորից կրկնվելու է: Երկու վկայի տեղն էլ գիտեմ, չեմ ասի, դա իմ գործը չէ, բայց նրանք ՀՀ-ում են, մեկն էլ իրավապահների ձեռքի տակ է:

-Ազգանուններն ասեք,-նշեց դատավորը:

-Դժվար չէր իրենց գտնելը, եթե ես բանտում նստած կարողանում եմ իմանալ… Կասեմ, գրավոր կուղարկեմ, այնքան հարցեր կան…Եթե չուզենամ դատին ներկայանալ, չեմ ներկայանա…

Դատարանը որոշեց հաջորդ նիստը նշանակել մայիսի 17-ին, ժամը 13:00-ին:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031