Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը մայիսի 11-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում ներկայացրեց Երեւանի կոշտ թափոնների ծրագիր վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:
Նա իր զեկույցի ընթացքում նշեց, որ ծրագիրն, ընդհանուր առմամբ, վերաբերվում է Երեւան քաղաքում քաղաքային նոր աղբավայր կառուցելուն: Ծրագրի ընդհանուր արժեքն է 24 միլիոն վարկային ռեսուրս, որից 8 միլիոն եվրոն տրամադրում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, 8 միլիոն եվրոն՝ Եվրոպական ներդրումային բանկը եւ 8 միլիոն եվրոն՝ Եվրոպական միության Հարեւանության ներդրումային գործիքը: Կամո Արեյանը հայտնեց, որ վարկային ռեսուրսի 8 միլիոնը դրամաշնորհ է:
«Դեռեւս 1950-ականներից ձեւավորված մայրաքաղաքի Նուբարաշեն թաղամասի բաց աղբավայրը իր բնապահպանական, առողջապահական, սոցիալական, քաղաքաշինական տեսանկյունից խնդրահարույց է, վտանգավոր եւ հետագա շահագործման տեսանկյունից անթույլատրելի: Բոլոր առումներով շահագործվող աղբավայրը այսօր որեւէ կերպ մազաչափ անգամ չի համապատասխանում միջազգային ստանդարտներին, որոնք սահմանված են եվրոպական կոնվենցիաներով քաղաքային աղբավայրերի շահագործման ուղղությամբ:
Որեւէ ստանդարտի, որեւէ չափորոշիչի չի դիմանում քաղաքային այս աղբավայրը: Հետեւապես, դրա հետագա շահագործումը համարվում է անթույլատրելի, որքան որ անթույլատրելի է այդ շահագործումը բնապահպանական, առողջապահական սոցիալական տեսանկյունից, նույնքան հրատապ, անհետաձգելի եւ անհրաժեշտ է քաղաքային նոր աղբավայրի կառուցումը»,- ասաց Կամո Արեյանը:
Կարդացեք նաև
Երեւանի փոխքաղաքապետը նշեց, որ գործող 30 հա-ին հարակից առանձնացվել է 29 հա եւ բաժանվել է հինգ գոտիների: Այդ 29 հա-ի վրա պետք է ստեղծվի նոր աղբավայրը, այն ցանկապատվելու է, ունենալու է արտաքին լուսավորություն:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ