Մայիսի 11-ին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր են այցելել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամները` Բելգիայի Վալոնիա-Բրյուսել/ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահ Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ: Խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ հարգել մեկուկես միլիոն սուրբ նահատակների հիշատակը: Պատվիրակության անդամները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում եւ ծանոթացել Օսմանյան կայսրության կողմից կատարված ոճրագործության մասին պատմող փաստավավերագրական նյութերին: Այցի ավարտին Ֆիլիպ Կուրարը գրառում է կատարել հուշամատյանում:
Բելգիայի Վալոնիա-Բրյուսել ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահը լրագրողներին տված հարցազրույցում ասել է. «Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել, եւ դա անհերքելի է: Ողջ աշխարհը պետք է ճանաչի ու դատապարտի 1915 թվականին կատարվածը: Հենց այդ անպատժելիությունն է, որ ծնեց նոր ցեղասպանություններ աշխարհում, ինչը դեռ շարունակվում է ԴԱԻՇ-ի կողմից: Միջազգային հանրությունը պետք է ստանձնի այդ պատասխանատվությունը, որպեսզի որեւէ ազգի նկատմամբ այլեւս ցեղասպանություն չիրականացվի»:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ