Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակառակորդն, անկախ նրանից, գործի է դնում իր հատուկ ջոկատայիններին, թե հզոր տեխնիկա` մարտավարությունում գրագետ չէ»

Մայիս 11,2016 17:48

Դուռը զգուշությամբ բացվում է` Արսենիս էսօր չեմ տեսել, ասեցի քեզ էլ մի հատ տեսնեմ: Դուռը չփակված` րոպեներ անց մեկ այլ բուժաշխատող է բացում` լա՞վ ես Արսեն ջան: Սպայի նկատմամբ գերհոգատարությունն այս բուժհիմնարկում սահմաններ չունի: Նույնիսկ այրվածքաբանական կենտրոնում բուժվող հիվանդները, որոնք դժվարությամբ են տեղաշարժվում, Արսենի հիվանդասենյակի կողքով անտարբեր չեն անցնում` այցելում են, զինվորի որպիսությունը հարցնում ու նոր գնում իրենց «պրոցեդուրաներին»:

Ապրիլի քառօրյա պատերազմի հետեւանքով Արսենն էլ ֆիզիկական կորուստներ է ունեցել: Արցախի բանակի սպան, սակայն այնքան չի նեղվում, որ դեմքը ձեռքերն ու մարմնի այլ հատվածներ 4-րդ 3-րդ աստիճանի այրվածքներ են ստացել, որքան որ սահմանին կանգնած 18-20 տարեկան զինվորը գիտակցված-չգիտակցված կռիվ է տվել ու իր մահով հերոսացել:
Արսեն Առաքելյանը 28 տարեկան է: Ռուսաստանի Դաշնությունում ավարտելով ռազմական ավտոմոբիլային ինստիտուտը, 2009 թվականից Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակում պայմանագրային զինծառայող է: Վիրավորվել է Մարտակերտում, ապրիլի 4-ին, անօդաչու սարքի պայթյունից: Առաջին բուժօգնությունը Մարտակերտի հոսպիտալում, այնուհետեւ Ստեփանակերտում ստանալով՝ նրան տեղափոխել են Երեւան:

Չի դժգոհում ցավերից, մարմնին ու դեմքին մնացած սպիներից: Հարցին, թե ինչպե՞ս ես քեզ զգում, ասում է` լավ եմ, մեկ-երկու օրից տուն եմ գնալու ու անցնեմ ծառայության: Նրան խնամող մայրն է կողքից հուշում, որ որդին դեռ մի քանի ամիս վերականգնողական կուրս պետք է անցնի: «Դա հեչ,-ասում է Արսենը,-Արդեն լավ եմ»: Մայրը պատմում է, որ որդու վիճակն առաջին օրերին ծայրահեղ ծանր է եղել

եւ միայն բժիշկների`հաշված ժամերի ընթացքում արագ վիրահատելու եւ բուժելու շնորհիվ է, որ Արսենը ոտքի է կանգնել ու ամբողջությամբ այրված երկու ձեռքերից չի զրկվել:
Սպասելի՞ էր լայնամասշտաբ հարձակումը, հարցին, ասում է` չէ, զինվորն ինչպես որ վերջին քսան քանի տարիներին կանգնած է եղել մարտական հերթապահության, նույնպես էլ` այդ գիշեր. «Բայց չնայած դրան, զինվորներն իրենց գործը պատվով կատարեցին, մեղմ ասած է պատվով, նրանց արարքն ավելի բարձր բառերով կարելի է բնութագրել»:

Ի՞նչ փոխեց պատերազմը զինվորի մեջ հարցին, պատասխանում է. «Որքան էլ ասենք զինվորն ուժեղ է եղել, բայց նա երեխա է, շատ բան չէր գիտակցում, նույնիսկ, այն հերոսությունը, որ նա կատարել է իր «դուխի», տղամարդ ու հայ լինելով է արել, բայց այսօր ինքը այդ ամենը գիտակցելով է անելու, քանի որ փորձ ունի, կենդանի թուրք տեսնելը մի քիչ մարդուն փոխում է, մի քիչ չէ, լավ էլ փոխում է: Դա դրական աճ է տալու բանակին, անգամ սպայի համար»:

Երկրորդ դստեր ծնվելու առիթով Արսենն արձակուրդում է եղել, սակայն, երբ ապրիլի 1-2-ի առավոտյան լսել է հակառակորդի հարձակման լուրը, միանգամից առաջնագիծ է մեկնել. «Նախկինում էլ փոքր կալիբրներով խփում էին, եւ մեզ համար սովորական էր դարձել, բայց, երբ արդեն «գրադով» արկակոծում են, վերջ, պարզ էր, որ միանշանակ պատերազմ է»:

«Հնարավոր է, որ ինչ-որ մի պահի զինվորը վախեցել է թուրքին տեսնելով, բայց մի կրակոց, երկու կրակոց, եւ երբ տեսել է, որ թուրքը թեկուզ շատ է, բայց ինքը կարողանում է հաջողության հասնել, մի քիչ ոգեւորվել է ու սկսել հանգիստ «բոյ» տալ»,-մեր հարցին, թե ուժերի անհամաչափությունը, հակառակորդի զինտեխնիկայի գերազանցումն արդյոք չէի՞ն ընկճում մեր զինվորներին, ասաց Արսեն Առաքելյանը:

Հենակետերում փամփուշտի եւ այլ զինտեխնիկայի պակասության մասին էլ նշում է.
«Չկա նման բան. ամեն մարտական դիրքում այնքան քանակության նռնակ եւ փամփուշտ կա, որքան անհարժեշտ է, բայց քանի որ հարձակումն անակնկալ էր եւ դու ութ հոգով կանգնած սովորաբար սպասում ես քո դիմաց ասենք` 50 հոգով գան, բայց ոչ թե 150 հոգով: 50-ի դեմ քո եղած զինամթերքը կհերիքեր: Այդքան մարդ անընդհատ կրակում էր եւ սա էր խնդիրը, որ չէինք կարում փամփուշտ հասցնել»:

Այդուհանդերձ սպա Առաքելյանը գտնում է, որ, եթե զինվորը թե’ խաղաղ ժամանակ, թե’ պատերազմում, իր տեղում զգոն կանգնած լինի «մեր սահմանին թուրքը չի կարող մոտենալ»:

«Զգոնության, կարգապահության խնդիր է. մեկն ասում է` պահածոի տուփեր է կախված, հին դար է, բայց, եթե զինվորը արթուն տեղում կանգնած լինի ուզում է տուփերը կախված լինեն-չլինեն, թուրքը չի կարող մոտենալ: Դիտարկողը նորմալ դիտարկում կատարի, արթուն հերթափոխը նորմալ կանգնած լինի»,-ասում է Արսեն Առաքելյանը: Նա իր փորձով է համոզվել, որ հակառակորդն, անկախ այն բանից գործի է դնում իր հատուկ ջոկատայիններին, թե հզոր տեխնիկա, մարտավարությունում գրագետ չէ. «Մեր բախտը բերել է, որ նրանք այդքան էլ գրագետ չեն: Հարյուրավոր արկեր էին կրակում արտերի մեջ, սարերի վրա: Հրետանու մեջ մեկ թվի տեղը երկու գրելն արդեն մեծ շեղում է, դու նշանակետին չես կարող խփել, Եթե իրենք օրինակ` մի զինատեսակից հանել են 12 հատ, մերոնք հանել են 4 հատ, մեր 4 հատն ավելի էֆեկտիվ ենք օգտագործել, քան իրենց 12 հատը: Մերոնք ավելի հմուտ են, կարողացել են ավելի դիպուկ կրակել, իսկ իրենք, իմ աչքի տեսածն եմ ասում` աջ-ձախ, ճիշտ է բնակավայրերին էլ է կպել, բայց հարյուր արկ են կրակում, ոնց էլ լինի 100-ից գոնե երկուսը կկպնի, բայց մերոնց կրակածից տասն էլ կպել ա»:

Սպա Առաքելյանի պատմածներից այլ մանրամասներ՝ կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031