Հարկային նոր օրենսգիրքը, ինչպես կառավարության անդամներն ու այն մշակողներն են վստահեցնում, միտված է համակարգի բարելավմանը: Սակայն մասնագետները մի շարք մտահոգություններ ունեն նոր օրենսգրքի հետ կապված:
Այսօր տնտեսական լրագրողների ակումբը քննարկում էր կազմակերպել նոր օրենսգրքի շուրջ: Քննարկման մասնակից Հարկ վճարողների ասոցիացիայի նախագահ, հարկային խորհրդի անդամ Փայլակ Թադեւոսյանը նկատեց, որ օրենսգրքի հիմնավորման մեջ գրված է, որ այն կապահովի երկարաժամկետ կանխատեսումներ հարկ վճարողի համար, սակայն, ըստ Թադեւոսյանի, որեւէ հակակշիռներ չկան այդ կայունությունն ու կանխատեսելիությունը պահպանելու համար. «Մասնավորապես, բիզնեսմենը, որ ներդրում է կատարում, ինքը պետք է համոզված լինի, որ դրույքաչափ, հարկման բազա, վարչարարության գործիքները ժամանակի մեջ չեն փոխվելու: Եթե ինքը գալիս է 10 տարվա ներդրում է կատարում, 2 տարի հետո բազա է փոխվում, անունը դնում, ասում ենք՝ դրույքաչափ չի փոխվում, բայց եթե բազաներ ես փոխում, որեւէ տարբերություն չկա: Որոշ կազմակերպությունների դեպքում այդ շահութահարկը կարող է դառնալ ոչ թե 20%, իսկ եթե բազան մաքրում ենք, ընդհանուր, սովորական շահութահարկի 29%-ի չափ կկազմի: Օրենքներ ընդունելիս ասում են մի բան, հետեւանքները լինում են այլ բան»:
Օրենսգրքում գրված է, որ հաշվետվությունների քանակը կրճատվում է, Թադեւոսյանի ներկայացմամբ, այո, ավելացված արժեքի հարկն ու ակցիզային հարկը մի հաշվետվության ձեւ է, բայց դրա փոխարեն եռամսյակային հաշվետվությունները դառնում են ամսական. «Հիմա ավելանո՞ւմ է, թե՝ նվազում»:
Ըստ նոր օրենսգրքի հիմնավորման, այն ներդրումների խրախուսման նպատակ է հետապնդում: Այս առնչությամբ էլ Թադեւոսյանն ասաց, եթե սկսում են հարկել ֆիզիկական անձանց շահաբաժինները, ինչպե՞ս կարող են ասել՝ ներդրումներն են խրախուսում.«Հակառակը, ամեն ինչ արվում է ներդրումները նվազեցնելու համար: Ներդրումների ամենալավ խրախուսման միջոցը ամորտիզացիոն մասհանումների ժամկետների նվազեցումն է: Այս փաստաթղթով այդ ժամկետները երկարացվում են: Պարզ է, որ բյուջեի եկամուտների ապահովման խնդիր է, հիմնական նպատակը դա է լինելու, բայց մենք չենք կարող անընդհատ եկամուտ ապահովելու խնդիր լուծենք, չի կարելի անընդհատ բեռ բարձրացնել: Բեռը բարձրացնում են՝ մարդիկ գնում են, մարդիկ գնում են՝ սպառումը քչանում է, սպառումը քչանում է՝ հարկունակ բազան քչանում է»:
Կարդացեք նաև
Քննարկմանը ներկա Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Տերեսա Դամբան վստահեցրեց, որ հարկային նոր օրենսգիրքը դրական առանձնահատկություններ ունի: Դամբայի խոսքերով՝ «Լուրջ ջանք է դրվում հետեւողականությունն ապահովելու համար: Խոսքը ներքին համապատասխանության մասին է, որովհետեւ այնպիսի հարկային համակարգը, որը հատվածական եւ տարբեր ժամանակներում, տարբեր մարդկանց կողմից է կազմվել, իրավական ակտերում լինում են տարբեր փաստաթղթեր, որոնք միմյանցից տարբերվում էին: Սա մեծ գլխացավանք էր մասնավոր հատվածի համար»:
Մանրամասն՝ տեսանյութում
Հարկային նոր օրենսգրքում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելուն միտված մեխանիզմների մասին էլ բանախոսներից մեկը՝ Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ, հարկային խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանն ասաց, որ օրենքի ուժով սուբյեկտիվիզմն է հանվում, ամբողջությամբ անցում է կատարվում էլեկտրոնային համակարգի, տեսուչ-հարկ վճարող շփումը նվազեցվում է. «Հակակոռուպցիոն որոշակի դրույթներ ընդունվել են»:
Փայլակ Թադեւոսյանն էլ ասաց, որ խորհրդի անդամների նպատակներից էր՝ մոտեցումները փոխեն հարկ վճարող-տեսուչ, եւ տեսուչի համար որեւիցե պատասխանատվություն կիրառել:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ