Մայիսի 8-ին, ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում, Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվել է Լեհաստանի հայերի առաջին համաժողովը:
Ֆորումը համախմբել է Լեհաստանում ակտիվ գործունեության զբաղվող բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներին, անհատ գործիչներին և գործարարներին` հնարավորություն ընձեռելով քննարկել համահայկական նշանակություն ունեցող ծրագրեր:
Լեհաստանի հայերի համաժողովը ողջունվել է Լեհաստանի իշխանությունների, մասնավորապես Լեհաստանի Հանրապետության նախագահ Անժեյ Դուդայի կողմից, իսկ ԼՀ Սեյմի և Սենատի նախագահներ Մարեկ Կուչինսկին և Ստանիսլավ Կարչևսկին հատուկ ներկայացուցիչների միջոցով համաժողովին հղել են գրավոր ուղերձներ: Համաժողովին իրենց ուղերձներն են հղել նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Համաժողովին ուղղված ուղերձների հետո ելույթներով հանդես են եկել ԼՀ կառավարության և Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը և Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը:
Կարդացեք նաև
Համաժողովի շրջանակներում աշխատանքներն ընթացել են երկու առանձին խմբերում` Գործարար և Հանրային համաժողովներում: Առաջին խմբում ընդգրկված Լեհաստանում ապրող հայ գործարարները քննարկել են հայ-լեհական տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Հանրային ֆորումում ընդգրկվել են Լեհաստանում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, հասարակական և մշակութային գործիչները, որոնք ներկայացրել են իրենց կազմակերպությունները և իրականացված ծրագրերը:
Ֆորումի ընթացքում ցուցադրվել է Շուշի քաղաքը ներկայացնող տեսաֆիլմ:
Համաժողովի աշխատանքներից հետո մասնակիցները ծաղիկներ են զետեղել Վարշավայի Հայկական պուրակում տեղակայված հայկական Խաչքարի մոտ:
ՀՀ ԱԳՆ