«9-րդ դասարաններում որոշել են, որ պետք է ավարտական երեկո կազմակերպեն: Բնականաբար, փորձում են ինչ-որ միջոցներ հավաքել: Սա հասարակության խնդիրն է: Ուզում եմ առիթից օգտվելով` դիմել ոչ միայն դպրոցների տնօրինությանը, ուսուցիչներին, այլև մեր ծնողներին ու ասել` հաշվի առեք այսօրվա իրավիճակը: Հաշվի առեք, որ ձեր շատերի երեխաները, եղբայրները հիմա խրամատներում են: Ավելի համեստ անցկացրեք: Ոչ ոք երեխաներից չի խլում նրանց միջոցառումը, ոչ ոք չի ասում, որ նրանք չհավաքվեն, չուրախանան, բայց ցուցադրական մեծ գումարներ հավաքելը, շքեղ ռեստորաններում հավաքույթները վնասում են նույն միջոցառման հիշատակին»,- այսօր «Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման առաջընթացի գնահատում և Կայուն զարգացման օրակարգ 2030» զեկույցի ներկայացումից առաջ լրագրողներին ասաց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:
Նախարարն ավարտական միջոցառումների հարցով խոսել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, ըստ նրա, պետք է փորձեն նախ դրամահավաքը դպրոցից դուրս բերել.
«Եթե ծնողներն ուզում են միջոցառում անել իրենց համար, ապա դա դպրոցի պատերից դուրս պիտի լինի: Ուսուցիչը, տնօրենը դրամահավաքի հետ պետք է կապ չունենան: Գոնե այս տարի, հաշվի առնելով մեր երկրի իրավիճակը, կոչ եմ անում համեստ միջոցառումներ անցկացնել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ