Լրահոս
Օրվա լրահոսը

14,6 մլն եվրո գումարի չափով վարկ՝ Գյումրու փողոցների վերակառուցման և լուսավորության համար

Մայիս 11,2016 17:07

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ֆինանսավորում է Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Գյումրիի փողոցների վերակառուցման ծրագիրը՝ տրամադրելով 14,6 միլիոն եվրո գումարի չափով սուվերեն վարկ:

Ֆինանսավորումը կտրամադրվի քաղաքի հիմնական փողոցների վերակառուցման և փողոցային լուսավորության արդիականացման համար, և կհատկացվի երեք տրանշներով:

Վարկային համաձայնագիրը կնքվել է այսօր Լոնդոնում, ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի ժամանակ, Հայաստանի փոխվարչապետ՝ Վաչե Գաբրիելյանի, և Արևելյան Եվրոպայի և Կովկասի գծով ՎԶԵԲ-ի տնօրեն՝ Ֆրանսիս Մալիժի կողմից:

Փողոցների վերակառուցման ծրագիրը կներառի նոր ասֆալտապատ մայթեր, կատարելագործված դրենաժային ենթակառուցվածք, հետիոտների համար բարելավված հարմարություններ և ընդհանուր ճանապարհային անվտանգության բարելավում: Փողոցային լուսավորության արդիականացումը ներառում է նոր` էներգաարդյունավետ լուսադիոդային /LED/ լուսավորություն, վերահսկողության և մոնիտորինգի համակարգ, սյուների փոխարինում և վերանորոգում, ինչպես նաև սնուցման մալուխների փոխարինում: Սա կկրճատի էլեկտրաէներգիայի սպառումը և նվազագույնի կհասցնի շահագործման և տեխսպասարկման ծախսերը, որի արդյունքում կբարձրանա սպասարկման որակը և կբարելավվի բնապահպանական չափանիշներին համապատասխանությունը: Ակնկալվում է, որ լուսադիոդային նոր լուսավորությունը զգալիորեն կկրճատի էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը և կհանգեցնի քաղաքապետարանի համար էլեկտրաէներգիայի տարեկան ծախսերի խնայողությանը:

Գյումրին, որը գտնվում է Երևանից դեպի հյուսիս-արևմուտք մոտ 125 կմ հեռավորության վրա, կարևոր տնտեսական կենտրոն է, որի առևտրային նշանակությունը էլ ավելի կմեծանա բարելավված քաղաքային ենթակառուցվածք ունենալու շնորհիվ: Ծրագիրը կնպաստի, որպեսզի Գյումրիի 146,000 բնակիչներն ու այցելուները ավելի լավ և անվտանգ փողոցներ վայելեն:

Ծրագիրը ներդրումային դրամաշնորհների տեսքով 7.3 մլն եվրո ընդհանուր գումարի համաֆինանսավորում կստանա ՎԶԵԲ-ի Բաժնետերերի հատուկ հիմնադրամից և այլ միջազգային դոնորներից: Ներդրմանը նախորդող տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը իրականացվել է Ավստրիայի կառավարության կողմից տրամադրված՝ տեխնիկական համագործակցության միջոցներով:

ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար՝ Մարկ Դեյվիսն ասել է. «Այս կարևոր ծրագիրը զգալիորեն կբարելավի Գյումրիի բնակիչների անվտանգությունն ու կյանքի որակը: Սա նաև մասնավոր հատվածի ներգրավման միջոցով ենթակառուցվածքների որակի բարձրացման հիանալի օրինակ է»:

1992թ.-ին Հայաստանի Հանրապետությունում իր գործունեության մեկնարկից ի վեր ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 1 մլրդ եվրո 149 ծրագրերում՝ երկրի ֆինանսական, կորպորատիվ, ինչպես նաև ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում, ընդ որում ներդրումների 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031