ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. մարտ ամսին, «Բամբիռ» ռոք-համույթը մասնակցել է ԱՄՆ Տեխաս նահանգի Օստին քաղաքում անցկացվող ամենամյա միջազգային ռոք-փառատոնին, որտեղ փայլուն ելույթից հետո՝ տեղի հեղինակավոր ակումբներում հանդես գալու առաջարկ է ստացել:
Խումբն իր ամերիկյան հյուրախաղերը շարունակել է Չիկագոյի «Մարթըրս» համերգասրահում, որից հետո՝ Լոս Անջելեսում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումների և համերգների:
«Բամբիռ» համույթի հաջորդ կանգառը Սան Ֆրանցիսկոն էր, որտեղ խումբը հրավիրվել էր խրախուսելու և համերգով հանդես գալու ապրիլի 22-ին կայանալիք՝ Բերքլիի համալսարանի նախաձեռնած դրամահավաքին. համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Արցախում զոհված զինծառայողների ընտանիքներին:
Վերադառնալով Լոս Անջելես՝ «Բամբիռը» հանդես է եկել ավելի քան 10 համերգասրահներում, իսկ Մինեսոտա նահանգի Վայնոնա քաղաքի երաժշտական փառատոնին մասնակցելու հրավեր ստանալուց բացի՝ խմբին առաջարկվել է հանդես գալ նաև մենահամերգով:
«Բամբիռը» բոլոր ելույթներում ներկայացնում է Հայաստանն ու հայ մշակույթը և մինչև ս. թ. հուլիս ամիսը կշարունակի իր հաղթարշավը ԱՄՆ Նյու Յորք, Բոստոն, Չիկագո և այլ քաղաքներում: