Թուրքիայում կոռուպցիոն դրսևորումները հանգեցնում են Սիրիայում ԱՄՆ օգնության դադարեցմանը
Վաշինգթոն – Վկայակոչելով կոռուպցիոն դրսևորումները՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գլխավոր վերստուգիչի գրասենյակը (OIG) կասեցրել է Թուրքիայից ղեկավարվող 14 կազմակերպությունների և անհատների ներգրավվածությունը մարդասիրական օգնության ծրագրերին, հաղորդել է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):
- Քանի որ հումանիտար ճգնաժամը Սիրիայում շարունակվում է, պետք է մեր ջանքերը կրկնապատկենք` ապահովելու, որ մարդասիրական օգնությունը հասնի նրանց, ովքեր դրա կարիքն ունեն», – հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Դա է պատճառը, որ Համագումարը վերստին կոչ է անում 15 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրել Հայաստանին՝ Սիրիայից այնտեղ վերաբնակվող փախստականների համար», – հավելել է Արդունին:
- ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գլխավոր վերստուգիչի գրասենյակի վարած հետաքննությունը Թուրքիայից ղեկավարվող այս ծրագրերի մասնակցությամբ կոռուպցիոն դրսևորումներ է բացահայտել», – ասվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գլխավոր վերստուգիչի գրասենյակի մայիսի 6-ի հայտարարությունում: «Հետաքննությունն այսօրվա դրությամբ վաճառողների, հասարակական կազմակերպությունների աշխատակիցների և այլոց ցանց է հայտնաբերել, ովքեր գաղտնի համաձայնության են եկել մասնակցել Սիրիայում մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ պայմանագրերի հետ կապված հայտերի կեղծման և կաշառք տալու ու դրանից մասնաբաժին հետ ստանալու բաղադրյալ մեխանիզմներին»:
Նույն օրը Human Rights Watch-ը (HRW) արձանագրել է, որ թուրք սահմանապահները կրակում և ծեծի են ենթարկում սիրիացի ապաստան հայցողներին, ովքեր փորձել էին հասնել Թուրքիա: 2016 թ. մարտ-ապրիլ ժամանակահատվածում Թուրքիայի սահմանապահները բռնություն են կիրառել սիրիացի փախստականների նկատմամբ՝ սպանելով հինգ մարդու, այդ թվում մեկ երեխայի և ծանր վիրավորելով ևս 14 անձանց:
- Մինչ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, թե նրանք ողջունում են սիրիացի փախստականներին գրկաբաց և բաց սահմաններով, նրանց սահմանապահները սպանում և ծեծում են նրանց¦, – նշել է HRW-ի փախստականների գծով ավագ հետազոտող Ջերրի Սիմփսոնը: «Անկանոն պատերազմից և բախումներից փախչող, ցնցումների ենթարկված տղամարդկանց, կանանց և երեխաներին կրակելն իսկապես սարսափելի է»:
Մինչ Թուրքիայի սահմանի երկայնքով պայմանները վատթարանում են, Հայաստանը շարունակում է հավատարմորեն ընդունել սիրիացի փախստականներին, այսօրվա դրությամբ՝ ավելի քան 20 000 հոգու: §Որպես ընդունող երկիր, Հայաստանը բացարձակապես օրինակելի է եղել ընդունած սիրիահայ փախստականների և տեղաբնակների թվերի հարաբերակցության առումով¦, – ասել է Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գծով գերագույն հանձնակատարի (UNHCR) հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը: Ըստ §The Economist¦ -ի, Հայաստանը ընդունած փախստականների թվով երրորդն է Եվրոպայում՝ իր բնակչության թվի համամասնությամբ:
Կարդացեք նաև
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR) երեկ տեղեկացրել է, որ Հայաստանը §առանձնանում է իբրև ինտեգրման հազվադեպ օրինակ¦ և փախստականներին §ողջունում են հասարակ մարդիկ, և աջակցում է Երևանի ղեկավարությունը»: Համագումարը կոչ է անում ԱՄՆ կառավարությանը քննարկել առնվազն 15 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել Հայաստանին՝ փախստականների օժանդակության նպատակով: Համագումարը շարունակում է խրախուսել ամերիկահայերին կապվել Կոնգրեսի հետ և խնդրել աջակցել Հայաստանի կառավարության ջանքերին՝ ուղղված Սիրիայից փախչող փախստականների համար անվտանգ և կայուն միջավայր տրամադրմանը:
Մարտի 24-ին Համագումարը նույն հայցը ներկայացրել էր Ներկայացուցիչների պալատի Պետության, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովին ուղղված վկայությունում՝ առաջարկելով Վարչակազմի ներկայացրած բյուջեից մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլար տրամադրել միգրացիայի և փախստականների օժանդակությանը՝ որից առնվազն 15 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնելով Հայաստանին:
Ամերիկայի հայկական համագումար