Աշոտ Եղիազարյան
Տնտեսագիտության դոկտոր,
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ
Ընդհանուր առմամբ Վրաստանի տնտեսական զարգացման մոդելն ազատական է: Դրա հիմքերը դրվել են Մ. Սահակաշվիլու իշխանության գալու տարիներին` 2003-2004թթ.: Սահակաշվիլու օրոք Վրաստանը դարձավ կոռուպցիայի ընկալման շատ ցածր մակարդակ ունեցող երկիր: Եթե մինչև 2003թ. Վրաստանն աշխարհի ամենակոռումպացված երկրներից էր, ապա ներկայումս կոռուպցիայի ընկալման ավելի ցածր վարկանիշ ունի, քան ԵՄ այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Բուլղարիան և Ռումինիան կամ նույնիսկ՝ Հունաստանը և Իտալիան: Ըստ Համաշխարհային Բանկի «Doing Business» 2016-ի՝ բիզնեսի վարման ցուցանիշով Վրաստանն աշխարհի 189 տնտեսությունների շարքում 24-րդն է: Ընդ որում, բիզնեսի գրանցման հարցում Վրաստանն աշխարհում 6-րդն է, սեփականության գրանցման առումով` 3-րդը, վարկի ստացման առումով` 7-րդը, շինարարության համար թույլտվություն ստանալու առումով` 11-րդը, պայմանագրերի կատարումն ապահովելու առումով` 13-րդը, մինորիտար սեփականատերերի շահերի պաշտպանության առումով` 20-րդը[1]:
Կարդացեք նաև
Դրա հետ միասին Վրաստանում գոյություն ունի քաղաքական և բիզնես էլիտաների սերտաճում: Չնայած քաղաքացիների և իշխանությունների ամենօրյա շփումներում կոռուպցիան գրեթե բացակայում է, այն դեռևս արմատավորված է «բարձր» մակարդակներում: Այդ պատճառով շատերը Վրաստանի համակարգը հաճախ բնութագրում են որպես «ավտորիտար լիբերալիզմ»: Բնական է, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրից բխող պարտականությունների կատարումն աստիճանաբար կփոխի ներկա համակարգը, կներդրվեն նոր կանոններ, որոնք կխրախուսեն ազնիվ մրցակցությունը, կստեղծեն թափանցիկություն և կբացառեն մենաշնորհային-օլիգարխիական տիպի տնտեսությունը:
Բացի այդ Վրաստանն ունի տնտեսական և սոցիալական լուրջ հիմնախնդիրներ, արտահանման շուկաների և կառուցվածքի դիվերսիֆիկացիայի խնդիրներ: Սպասվում է, որ ԵՄ-ի հետ ասոցացումը կօգնի լուծել նշված խնդիրները:
Սույն հետազոտությունում բացահայտվել են Վրաստանի տնտեսության հիմնական բնութագրիչ գծերը, ցույց է տրվել, որ ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումն անհրաժեշտ նախադրյալ է Վրաստանի տնտեսական զարգացման համար, ներկայացվել են նաև Կառավարության կողմից Եվրասոցացման ուղղությամբ իրականացվող քայլերը և արտաքին առևտրի միտումները:
ՎՐԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉ ԳԾԵՐԸ
Ընդհանուր առմամբ Վրաստանի արդյունաբերությունը ներկայումս ներփակված է մի քանի արտադրությունների շրջանակներում, ինչպիսիք են՝ գինու, հանքային ջրի, ոչ ալկոհոլային խմիչքների, մրգի և բանջարեղենի պահածոների արտադրությունները, մանգանի հանքաքարի արդյունահանումը, մետաղական և ոչ մետաղական պատրաստվածքների, ազոտային պարարտանյութերի արտադրությունը: Վրաստանի տնտեսապես ակտիվ բնակչության շուրջ կեսն զբաղված է գյուղատնտեսությամբ:
Այնուամենայնիվ, ո´չ արդյունաբերությունը և ո´չ էլ նույնիսկ գյուղատնտեսությունն անցած երկու տասնամյակներին չեն հանդիսացել Վրաստանի տնտեսության հիմքը: Ինչպես նկատում է Վ. Պապավան, հետխորհրդային Վրաստանի հիմնական համեմատական առավելությունը նրա աշխարհագրական դիրքն է Եվրոպան և Ասիան միացնող տրանսպորտային միջանցքի երկայնքով, ինչը և որոշել է երկրի միջազգային տնտեսական գործառույթը[2]:
Իսկապես, Վրաստանի ներգրավումը տարածաշրջանային տրանսպորտային, առաջին հերթին՝ խողովակաշարային նախագծերում, էական դեր է խաղացել երկրի տնտեսական աճում: Տրանսպորտային միջանցքի ազդեցությունն ազգային տնտեսության գործնականում բոլոր ճյուղերի վրա ակնհայտ է: Վերջին տասնամյակում ամենաբարձր աճի տեմպեր նկատվել են հենց այն ճյուղերում, որոնք անմիջականորեն կապված են Վրաստանի կողմից տարանցումային-հաղորդակցային գործառույթի կատարման հետ (օրինակ, ֆինանսական միջնորդությունը, շինարարությունը, տրանսպորտը, հեռահաղորդակցությունը, ռեստորանային և հյուրանոցային բիզնեսը, անշարժ գույքը և վարձակալությունը):
Կասկած չկա, որ վճարային հաշվեկշռի, արտարժույթի կուտակման և պետական եկամուտների վրա դրական ազդեցության տեսանկյունից տարանցման ծառայությունները հետագայում նույնպես նշանակություն կունենան Վրաստանի համար: Սակայն տարանցումային-հաղորդակցային գործառույթի հետ կապված աճի գործնականում ամբողջ ներուժի օգտագործումից հետո տվյալ ճյուղերը հեռանկարում արդեն չեն կարող հանդես գալ որպես Վրաստանի տնտեսական աճի շարժիչներ: Ավելին, արտաքին տնտեսական քաղաքականությունում տարանցումային բաղկացուցչի վրա հենվելը բարձրացնում է երկրի կախվածությունը Թուրքիայից և Ադրբեջանից (այս երկրները ներկայումս Վրաստանի երկու կարևոր էներգետիկ գործընկերներն են) և, վերջին հաշվով, դառնում սպառնալիք ազգային ինքնիշխանության համար:
Իր հերթին, Վրաստանի թույլ դիրքն աշխատանքի միջազգային բաժանման համակարգում չի նպաստում դիվերսիֆիկացված կապիտալի ներհոսքին: Վերջին 15 տարիներին օտարերկրյա ներդրումները մեծամասամբ կապված են եղել հենց տրանսպորտային և էներգատարանցումային նախագծերի հետ: Արդյունքում, օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) զգալի հոսքը չի հանգեցրել տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմանը, արտահանման դիվերսիֆիկացմանը և կայուն նոր աշխատատեղերի ստեղծմանը: Այսինքն, երկարաժամկետ տնտեսական աճի համար հիմքեր չեն ստեղծվել: Բացի այդ տնտեսության նշված հատվածները, որտեղ հոսել են ՕՈՒՆ-երի հիմնական ծավալները, կապիտալատար են, և դրանցում զբաղվածությունը փոքր է: Պաշտոնական տվյալներով Վրաստանում գործազրկության մակարդակը տատանվում է 14-16%-ի սահմաններում: Իրական գործազրկության ծավալներն անհամեմատ ավելի մեծ են: Անցած տարիների տնտեսական աճը մեծ հաշվով չի լուծել նաև աղքատության խնդիրը: Վրացական հասարակությունում գոյություն ունի ընդգծված սոցիալական անհավասարություն:
Վրացական տնտեսության կարևորագույն հիմնախնդիրներից է արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը: Մինչ այժմ Վրաստանի արտահանման դիվերսիֆիկացումն աննշան է եղել, իսկ ներմուծման աճը զգալիորեն գերազանցել է արտահանումը: Վրաստանի արտահանումը կազմված է սակավաթիվ ապրանքային խմբերից` ֆերոձուլվածքներ, մետաղի ջարդոն, ոսկի, քիմիական պարարտանյութեր, մարդատար ավտոմեքենաների վերաարտահանում: Վրաստանի առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն 2015թ. տվյալներով կազմել է 5,225 մլրդ ԱՄՆ դոլար[3] կամ ՀՆԱ-ի 37%-ը: Վճարային հաշվեկշռի դեֆիցիտը ծածկվում է արտաքին աղբյուրների` տրանսֆերտների, միջազգային օգնության և օտարերկրյա ներդրումների հաշվին: Արտաքին ֆինանսավորումը հսկայական դեր է խաղում երկրի տնտեսական աճի ապահովման գործում: Այնուամենայնիվ, եվրոպական ֆինանսական շուկաներից վրացական բանկերի կողմից էժան վարկերի ներգրավումը չի նպաստել տնտեսության իրական հատվածի զարգացմանը, քանի որ միջոցների գրեթե ամբողջ ծավալը կենտրոնացվել է շինարարական բիզնեսում և սպառողական ոլորտում: Արդյունքում երկիրը միայն հսկայական արտաքին պարտք է կուտակել: Վրաստանի համախառն արտաքին պարտքը 2015թ. վերջին հասավ 15 մլրդ ԱՄՆ դոլարի, ինչը կազմում է ՀՆԱ-ի 107%-ը[4]:
Ներկայումս աներկբա է, որ երկարաժամկետ տնտեսական աճի համար Վրաստանը տնտեսության իրական հատվածում ներդրումների և իր ապրանքներն իրացնելու համար կայուն արտաքին շուկաների կարիք ունի: Այդ խնդիրները Վրաստանը փորձում է լուծել եվրոպական ինտեգրման ճանապարհով:
DCFTA-Ի ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՎՐԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼ
2006թ.-ից Վրաստանն իրականացնում է ազատ առևտրի քաղաքականություն` միակողմանի բացվելով աշխարհին: Միջին արդյունաբերական մաքսատուրքը ներմուծման համար կազմում է 0,3%, ինչը չափազանց փոքր ցուցանիշ է աշխարհում: Համեմատության համար նշենք, որ այդ ցուցանիշը ԵՄ-ում 4,6% է[5]: Վրաստանի շուկան բաց է օտարերկրյա բոլոր արտահանողների և ներդրողների համար: Երկրի արտաքին առևտրային քաղաքականության հիմնական նպատակը Ռուսաստանի ազդեցության ոլորտից դուրս գալն ու Եվրամիությանն ինտեգրվելն է:
1999թ-ից Վրաստանը ԵՄ արտոնությունների (պրեֆերենցիաների) ընդհանուր համակարգից օգտվող երկրների ցանկում է: 2005թ-ից Վրաստանի վրա տարածվում է ԵՄ-ի պրեֆերենցիաների ընդհանուր համակարգի երկրորդ ռեժիմը, որն անվանվում է «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ (GSP+)»: Այդ համակարգի շրջանակներում արտոնությունները տեսականորեն կիրառվում են 7200 ապրանքների նկատմամբ: Ներկայումս ԵՄ-ի ընդհանուր ապրանքային ցանկը կազմում է 9697 անվանում:
GSP+ կարգավիճակով պայմանավորված՝ ԵՄ-ի սակագների մակարդակները Վրաստանի համար մոտ են զրոյին: Բայց վրացի արտահանողների համար դրանից օգտվելը խնդրահարույց է: Ընդ որում, եթե GSP+ շրջանակներում Եվրոպա վրացական արտահանման բաժինը մինչև 2006թ. կազմել է 50-60%, 2008-2009թթ.` 40%, ապա 2010թ.` 25%: Այլ խոսքերով, վրացական արտադրանքի մեծ մասը վճարում է ԵՄ-ի մաքսատուրքերը: Դրանք բավականին մեծ են, հատկապես գյուղատնտեսական և սննդի արդյունաբերության արտադրանքի համար, որոնց նկատմամբ ԵՄ-ում կիրառվում են հատուկ և սեզոնային սակագներ: Փաստացի, GSP+ ձևաչափը գործնական նշանակություն և ազդեցություն չունի արտահանման դիվերսիֆիկացման տեսանկյունից: 2010թ. GSP+ համակարգով վրացական արտադրանք է արտահանվել ԵՄ-ի 23 երկիր, 2009թ.` 21 երկիր, իսկ 2008թ.` 18 երկիր: Կարելի է ասել, որ GSP+ համակարգով արտահանման աշխարհագրությունը բարելավվել է այդ ընթացքում[6], բայց ոչ էական չափով, իսկ արտահանման կազմի առումով փոփոխություն գրեթե չի եղել:
Խնդիրը նրանում է, որ սակագնային արգելքը միակ խոչընդոտը չէ եվրոպական շուկաներ դուրս գալու գործընթացում: Ավելի կարևոր են ոչ սակագնային արգելքները, որոնց վերացումը հնարավոր է միայն ինստիտուցիոնալ փոփոխությունների և տնտեսական կարգավորման եվրոպական ինստիտուտների ստեղծման միջոցով:
2009թ. մայիսին Վրաստանը միացավ Արևելյան գործընկերության (ԱլԳ) նախաձեռնությանը: Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսվեցին 2010թ. հուլիսին, իսկ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (DCFTA) մասով` 2012թ.: 2014թ. հունիսի 27-ին Վրաստանը և ԵՄ-ը ստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը, իսկ դեկտեմբերի 18-ին Եվրախորհրդարանը վավերացրեց այն:
DCFTA-ն, որն Ասոցացման համաձայնագրի անբաժան մասն է, ենթադրում է վրացի արտահանողների կողմից ԵՄ-ի նորմերի կիրառում, ինչը, նախևառաջ, նշանակում է առևտրում տեխնիկական ստանդարտների, սանիտարական և ֆիտոսանիտարական նորմերի համապատասխանեցում, առևտրի և մաքսային ընթացակարգերի պարզեցում, մտավոր սեփականության իրավունքների և մրցակցության պաշտպանության օրենսդրության ներդաշնակեցում:
ԵՄ-ի պահանջների բարձր մակարդակը Միության երկրների քաղաքացիների առողջությունը պաշտպանելու և ԵՄ-ի շուկայում արդար մրցակցության համար պայմաններ ստեղծելու նպատակ ունի: Դա նշանակում է շուկան փակել այն արտադրանքների համար, որոնք պատրաստված են ԵՄ-ի ստանդարտներին չհամապատասխանող պայմաններում և տեխնոլոգիաներով, որի պատճառով ունեն ցածր ինքնարժեք՝ դրանով ձեռք բերելով որոշակի անարդար մրցակցային առավելություն շուկայում:
Ենթադրվում է, որ ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծումը կնպաստի՝
- ԵՄ-ի հետ համաձայնեցված առևտրի համակարգի ստեղծմանը,
- գրավիչ ներդրումային միջավայրի ստեղծմանը և որպես հետևանք` օտարերկրյա ներդրումների խրախուսմանը,
- նոր աշխատատեղերի ստեղծմանը,
- վրացական արտադրանքի որակի բարելավմանը,
- վրացական արտադրանքի մրցունակության բարձրացմանը,
- վրացական արտահանման ավելացմանը,
- Վրաստանի տնտեսական աճին և, ընդհանրապես, տնտեսական զարգացմանը[7]:
Միաժամանակ, DCFTA-ն Արևելյան Գործընկերության երկրների համար ենթադրում է ԵՄ-ի պահանջների կատարման և ներդաշնակեցման զգալի ծախսեր: Ներդաշնակեցման ծախսերը Վրաստանի համար գնահատվում են մինչև 2.7 մլրդ դոլար[8]: Այս հարցում Վրաստանին օգնելու նպատակով ԵՄ-ը պլանավորում է ավելացնել երկրին հատկացվող ֆինանսական և տեխնիկական օգնությունը: Գոյություն ունի նաև սպառնալիք, որ Վրաստանը չի կարող առաջարկել ավելի մրցունակ որակի արտադրանք, քան ԵՄ-ի արտադրանքն է, որը կհանգեցնի երկրում տնտեսական վիճակի վատթարացմանը: Բայց Արևելյան Եվրոպայի երկրների անդամակցության փորձը ԵՄ-ին ցույց է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում այդ հիմնախնդիրը լուծելի է:
DCFTA-ի տեխնիկատնտեսական հիմնավորումը ցույց է տալիս, որ Վրաստանի դեպքում այն կհանգեցնի արտահանման 13,3%-ով ավելացմանը հետագա հինգ տարիներին[9] (տարեկան միջին հաշվով 2,7%): «ECORYS & CASE»-ի հետազոտության համաձայն՝ ենթադրվում է, որ DCFTA-ն կարող է Վրաստանի արտահանումը ԵՄ շուկաներ ավելացնել 12%-ով, իսկ ներմուծումը` 7,5%-ով: Այդ աճը զգալի աստիճանով կապահովվի ավանդական առևտրային ապրանքատեսակներով (ֆերոձուլվածքներ, հանքային պարարտանյութեր, շինանյութեր, բանջարեղեն, միրգ, գինի և այլն): Ենթադրվում է, որ 55%-ով կաճի տեքստիլ արդյունաբերության արտադրանքը, 4%-ով՝ մրգերի, բանջարեղենի, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը[10]: DCFTA-ն կբարելավի ոչ միայն վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշիվը, այլև արտահանման կառուցվածքը և կնպաստի ՕՈՒՆ-երի աճին: Փորձագիտական գնահատումներով՝ Վրաստան-ԵՄ հարաբերությունները կարող են հանգեցնել ՕՈՒՆ-երի աճի՝ 2008թ. 2.3 մլրդ դոլարից մինչև 11.36 մլրդ՝ 2020թ.[11]:
ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագիրն ընդգրկում է նաև համագործակցության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ էներգետիկան, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը և գյուղական շրջաններ զարգացումը, պետական գնումների և ներդրումային օրենսդրության ներդաշնակեցումը, սպառողների իրավունքների պաշտպանությունը, սոցիալական գործընկերությունը, առողջապահությունը, կրթությունը, մշակույթը, սպորտը, քաղաքացիական հասարակությունը, սահմանային և տարածաշրջանային համագործակցությունը: Չնայած համաձայնագիրը չի ներառում հակամարտությունների կարգավորման հարցերը՝ ԱԳ շրջանակներում ԵՄ-ի հետ ավելի խորը համագործակցությունը կարելի է դիտարկել որպես անվտանգության անուղղակի երաշխիք[12]:
ԵՎՐԱԱՍՈՑԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՅԼԵՐԸ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ
Կայուն և մատչելի էներգամատակարարումը կարևոր նախադրյալ է մասնավոր հատվածի մրցունակության և զարգացման համար: Վրաստանն այս ուղղությամբ հսկայական աշխատանք է կատարել: Վերջին 10 տարիներին զգալիորեն բարձրացվել և բարելավվել են էներգետիկ անկախության մակարդակն ու ոլորտում ներդրումային միջավայրը: Եթե նախկինում Վրաստանը համարվում էր զուտ էլեկտրաէներգիա ներմուծող երկիր, ապա ներկայումս վիճակն էապես փոխվել է: ՕՈՒՆ-երի ներգրավմամբ կառուցվել և կառուցվում են տասնյակ հիդրոէլեկտրակայաններ, արդիականացվում է էլեկտրաէներգիայի հաղորդման համակարգը: Կան այլընտրանքային էներգետիկայի (արևի, քամու, երկրաթերմալ) զարգացման բազմաթիվ նախագծեր:
Համաձայն «Global Competitiveness Report 2015-2016»-ի[13]՝ Վրաստանը գրավում է 60-րդ տեղն էներգամատակարարման որակի և 62-րդ տեղը՝ էլեկտրաէներգիայի մատչելիության տեսանկյունից: Ներկայումս Վրաստանը լուծել է ռուսական բնական գազի ներմուծումից ունեցած կախվածության խնդիրը, բայց միակողմանի կախվածության մեջ է հայտնվել ադրբեջանական գազից: Թբիլիսին այդ կախվածությունը փորձում է թուլացնել Իրանից գազի ներմուծման ճանապարհով: Ասոցացման համաձայնագիրը ենթադրում է ինստիտուցիոնալ բարեփոխումներ էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ էներգաարդյունավետության մասով, և ինտեգրում եվրոպական էներգետիկ շուկայի հետ, ինչն զգալիորեն կբարելավի Վրաստանի էներգետիկ համակարգի ցուցանիշները:
Տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքը ժամանակակից աշխարհի դինամիկ զարգացող ճյուղերից մեկն է: Այդ ճյուղի զարգացումը Վրաստանին թույլ կտա լավագույնս օգտագործել իր տարանցումային և առևտրային ներուժը: Ինքնին դա տնտեսական աճի և եկամուտների ավելացման կարևոր աղբյուր է: Ներկայումս Վրաստանը եվրոպական շուկաներ կասպյան ածխաջրածինների և այլ բեռների տեղափոխման կարևոր տարանցիկ օղակ է:
Կառավարությունը քայլեր է կատարում՝ ուղղված տրանսպորտային համակարգի ներուժի զարգացմանը (ճանապարհային, երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքի արդիականացում, օդանավակայանների վերակառուցում, տերմինալների ու լոգիստիկ կենտրոնների կառուցում): Նախատեսվում է մշակել ծովային նոր երթուղիներ (այդ թվում` լաստանավային անցումներ), որպեսզի վրացական տարանցումային միջանցքները միացվեն հիմնական պանեվրոպական տրանսպորտային երթուղիներին: Կառավարությունն աշխատում է նաև հարևան երկրների հետ, որպեսզի միջկառավարական մակարդակում հասնի տարանցումային շարժի աշխուժացմանը: Ասոցացման համաձայնագրի համաձայն՝ վրացական օրենսդրությունն առավել համատեղելի կդառնա եվրոպական նորմերի հետ՝ նպաստելով միջազգային և տարածաշրջանային տրանսպորտային համակարգերում Վրաստանի ինտեգրմանը:
Ներկայումս Վրաստանի կառավարությունն աշխատում է գյուղատնտեսության ենթակառուցվածքի, այդ թվում՝ ոռոգման և դրենաժային համակարգերի կառուցման ու արդիականացման ուղղությամբ: Դրա արդյունքում ֆերմերները կապահովվեն ժամանակակից տեխնոլոգիաներով: Գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման և պահպանման համար ենթակառուցվածքի զարգացումը, այլ միջոցառումների հետ միասին, կնպաստի գյուղատնտեսության արտադրողականության և մրցունակության բարձրացմանը, կավելացնի երկրի արտահանման ներուժը: ԵՄ-ի և Վրաստանի միջև ասոցացման համաձայնագրով ընդունված պարտավորությունների աստիճանաբար իրականացման համար ներկայումս մշակվել են միջազգային և եվրոպական նորմերին համապատասխանող սննդամթերքի անվտանգության, անասնապահական և ֆիտոսանիտարական համակարգեր ու համապատասխան արտահանման ընթացակարգեր:
Միջազգային շուկաներ դուրս գալու նպատակով Վրաստանի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում նաև պոտենցիալ առևտրային գործընկերների հետ արտոնյալ առևտրային ռեժիմներ ստեղծելու, տարածաշրջանում գոյություն ունեցող առևտրային կապերն ընդլայնելու և խորացնելու, հարևան երկրների հետ համագործակցությունը զարգացնելու ուղղություններով: Քայլեր են կատարվում ծագման աշխարհագրական հավաստագրումն ընդլայնելու համար, ինչը կնպաստի վրացական բրենդների հետագա զարգացմանը: Վրաստանի համար գերակա խնդիր է ռազմավարական գործընկերության ամերիկավրացական խարտիայի շրջանակներում ԱՄՆ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը և խորացումը: Այս համատեքստում շեշտը դրվում է ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի հնարավոր համաձայնագրի վերաբերյալ բանակցություններ սկսելու վրա:
Ենթադրվում է, որ բոլոր այդ միջոցառումները կհանգեցնեն արտահանման ծավալների ավելացմանը և կառուցվածքի դիֆերենցմանը, մասնավորապես՝ խթաններ կստեղծվեն ավելի մեծ ավելացված արժեքով արտադրանքների արտադրության և արտահանման համար:
2015թ. տվյալներով ԵՄ-ին բաժին է ընկել Վրաստանի արտահանման 29.3%-ը, ներմուծման` 32.6%-ը: 2006թ. այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 16.9% և 25.8%: 2006թ. ԵՄ-ի կշիռը Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմել է 29.2%, իսկ 2015թ.` 31.9%:
Վրացի արտահանողների համար գինու և հանքային ջրի ավանդական ռուսական շուկան գործնականում փակվեց 2006թ.: 2013թ. վերջին Մոսկվան խոշոր վրացի արտադրողների համար վերացրեց վրացական գինիների և հանքային ջրերի արտահանման արգելքը: Այդ ապրանքների արտահանումը կտրուկ ավելացավ մի քանի ամիսների ընթացքում: Սակայն Վրաստանի կողմից ԵՄ-ի հետ DCFTA-ի ստորագրումից հետո Ռուսաստանը վերականգնեց վրացական գինիների և կոնյակների նկատմամբ կիրառվող արգելքը՝ պատճառաբանելով դրանց ցածր հիգիենիկ նորմատիվները:
Ներկայումս Վրաստանի տնտեսական զարգացման համար ԵՄ-ի շուկան ունի որոշիչ ազդեցություն: Վրաստանի արտահանումը ԵՄ-ի երկրներ 2006-2015թթ. աճել է գրեթե երեք անգամ՝ 225.4 մլն դոլարից հասնելով մինչև 646.4 մլն դոլարի: Ավելի քան երկու անգամ աճել է ԵՄ երկրներից Վրաստանի ներմուծումը` 1,118.9 մլն դոլարից մինչև 2,518.8 մլն դոլար: Աճի այսպիսի տեմպերը գերազանցում են նույն ժամանակահատվածում դեպի ԱՊՀ երկրներ Վրաստանի արտահանման և ԱՊՀ երկրներից Վրաստան ներմուծման աճի տեմպերը: Ընդ որում, ԱՊՀ երկրներից Ռուսաստանը չի համարվում Վրաստանի գլխավոր առևտրային գործընկերը: ԱՊՀ երկրներից վերջինիս թիվ 1 գործընկերն Ադրբեջանն է: Ներմուծման մասով Վրաստանի հիմնական գործընկերը ԵՄ-ից հետո Թուրքիան է (տե’ս 1 և 2 աղյուսակները):
Աղյուսակ 1
Վրաստանի արտահանումն ըստ երկրների
Աղբյուրը` National Statistics Office of Georgia, https://geostat.ge/index.php?action=page&p_id=137&lang=eng
Հատկանշական է, որ 2015թ. տնտեսական տարին Վրաստանն ամփոփեց առավել լավ ցուցանիշներով, քան ԵՏՄ երկրները: Վիճակագրության ազգային ծառայության նախնական տվյալների համաձայն՝ Վրաստանի տնտեսությունում 2015թ. ներդրվել է 1,351 մլրդ դոլար, ինչը 6%-ով ավելին է 2014թ. նախնական տվյալների համեմատությամբ և 23%-ով քիչ՝ վերջնական ցուցանիշից: 2014թ. ներդրումների ճշգրտված տվյալների հրապարակման ժամանակ նախնական և վերջնական տվյալների միջև ֆիքսվեց 500 մլն դոլարի տարբերություն[1]: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ կարելի է ենթադրել, որ 2015թ., ամենայն հավանականությամբ, Վրաստանի տնտեսությունում կատարված ներդրումներն աճել են: Ներդրումների աճ է նկատվել տրանսպորտի և կապի սեկտորում (+27%), գյուղատնտեսությունում (+59%), ֆինանսական սեկտորում (40%) և առողջապահությունում (+80%):
2014թ. ներդրումները Վրաստանի տնտեսությունում կազմել են 1,758 մլրդ դոլար: 2014թ. առաջատարը ներդրող երկրների շարքում Ադրբեջանն է (452 մլն դոլար), ապա Մեծ Բրիտանիան (198 մլն դոլար) և Հոլանդիան (111 մլն դոլար): Այս երեք երկրներին բաժին է ընկնում բոլոր ներդրումների 63%-ը: Ըստ տնտեսության հատվածների՝ առավել մեծ քանակությամբ կապիտալ ներդրումներ բաժին են ընկնում տրանսպորտին և կապին՝ 594 մլն դոլար, ֆինանսական սեկտորին՝ 191 մլն դոլար և շինարարությանը՝ 129 մլն դոլար[2]:
2015թ. Վրաստանի տնտեսական աճը կազմել է 2,8%: Տարվա ընթացքում վերջինս հիմնականում կապված է եղել ներքին սպառման հետ, որը թուլացել է՝ պայմանավորված դրամական փոխանցումների կրճատման և վարկերի սպասարկման բեռի ազդեցությամբ: 2015թ. հաջողությամբ ավարտվել է մի շարք կարևոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը: Այդպիսիք են՝ 110 մՎտ հզորությամբ Դարյալի ՀԷԿ-ի և 230 մՎտ հզորությամբ Գարդաբանիի ջերմային էլեկտրակայանի գործարկումը, Ռուիսի և Սուրամի միջև շրջանցող ճանապարհի կառուցումը, որն էապես կրճատեց Արևելյան և Արևմտյան Վրաստանի միջև ճանապարհի ժամանակը: Վրաստանը Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի հետ Չինաստանի Մետաքսի ճանապարհի շրջանակներում սկսել է իրականացնել համատեղ տրանսպորտային նախագծեր:
ԱՄՓՈՓՈՒՄ
Վերջին տասը տարիների ընթացքում Վրաստանում կատարվել են մեծ ծավալի ներդրումներ, որոնք նպաստել են բարձր տնտեսական աճի տեմպերի ապահովմանն այդ ժամանակահատվածում: Չնայած դրան՝ վրացական տնտեսության մրցունակության բարձրացման և երկարաժամկետ համակողմանի տնտեսական աճի ապահովման համար դեռևս բավարար հիմքեր չեն ստեղծվել: Բացի այդ տնտեսական աճի արդյունքները շոշափելի չեն բնակչության զգալի մասի համար և էական ազդեցություն չեն ունեցել աղքատության և գործազրկության մակարդակների նվազման վրա:
Նշված խնդիրների հաղթահարումը և իր տնտեսական զարգացման հեռանկարները Վրաստանը տեսնում է ԵՄ-ի հետ սերտ քաղաքական և տնտեսական ինտեգրման շրջանակներում: ԵՄ-ի հետ օրենսդրական և կարգավորման համակարգերի ներդաշնակեցումը կարող է էական տնտեսական էֆեկտ ապահովել և հանգեցնել ինչպես ուղղակի արդյունքների՝ առևտրի աճի և դիվերսիֆիկացման, այնպես էլ անուղղակի արդյունքների` մասնավոր հատվածի համար ներդրումային միջավայրի բարելավման: DCFTA-ն վրացական արտադրանքի համար գործնականում բացում է եվրոպական 450 միլիոնանոց բարձր վճարունակ շուկա:
Ներկայումս իրականացվում են վրացական օրենսդրությունը եվրոպական նորմերի հետ ավելի համատեղելի դարձնելու, ինչպես նաև միջազգային և եվրոպական համակարգերի ինտեգրմանն ուղղված ազգային որակի ենթակառուցվածքի մշակման միջոցառումներ: Վերջին տարիներին զգալի ներդրումներ են կատարվել Վրաստանի էներգետիկ, տրանսպորտային և առաջնային այլ ենթակառուցվածքների զարգացման նպատակով, որի արդյունքում բարձրացվել է դրանց գործունեության արդյունավետությունը և երկրի մրցունակությունը: Վրաստանի արտահանումը ԵՄ արդեն աճել է DCFTA ստորագրումից հետ:
Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)
[1] https://bizzone.info/government/2016/1457657446.php
[2] https://bizzone.info/government/2016/1457661871.php
[1] Doing Business, Georgia, https://www.doingbusiness.org/data/exploreeconomies/georgia
[2] Папава В. “Об особенностях международной экономической функции Грузии”, Центральная Азия и Кавказ, 2002, № 2 (20). с.166-170
[3] National Statistics Office of Georgia, https://geostat.ge/index.php?action=page&p_id=137&lang=eng
[4] NBG: Georgia Has $15 Billion Foreign Debt, https://georgiatoday.ge/news/3457/NBG%3A-Georgia-Has-$15-Billion-Foreign-Debt
[5] Համաձայն Առևտրի համաշխարհային կազմակերպության 2009թ. տվյալների
[6] Kakulia M. The European Neighbourhood Policy Action Plan Implementation in trade and related fields of Georgia, Tbilisi, 2011.
[7] Economic Integration with the European Union Prospects and Opportunities. International Conference, 26-28 March 2014 Exhibition and Convention Centre – ExpoGeorgia Tbilisi, Georgia. Concept
[8] Boris Chistruga, Dorina Harcenco, Peculiarities of the Republic of Moldova trade policy within the negotiation of the association agreement with the EU, The EU as a model of soft power in the Eastern neighbourhood, Eurint, Conference Proceedings, 15-17 May 2013, p.359
[9] CASE/Global Insight, Economic Feasibility, General Economic Impact and Implications of a Free Trade Agreement between the European Union and Georgia, Final Report, May 8, 2008, https://trade.ec.europa.eu/doclib/docs/2008/october/tradoc_141169.pdf
[10] Ketevani Krialashvili, Economy and Trade: Georgia – EU Relationship, 8 October 2014, https://www.eastbook.eu/en/blog/2014/10/08/economy-and-trade-georgia-eu-relationship/
[11] Maria Maliszewska(ed.) “EconomicFeasibility. General Economic Impact and implication of a freeTrade Agreement Between the European Union and Georgia”. CASE Network Report No. 79(2008), p. 143
[12] Khidasheli T., The European Path of Georgia, Warsaw, 2010 pp.-10-12
[13] The Global Competitiveness Report 2015–2016
https://www.pemudah.gov.my/documents/10124/178798/Global_Competitiveness_Report_2015_2016.pdf