Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կազմակերպմամբ Բերձորում սկսել է գործել «Փեթակ» ընկերությունը, որը զբաղվում է մոմաթերթերի արտադրությամբ, վաճառքի է հանել մեղվաբուծությանը վերաբերող ապրանքներ, դեղանյութեր, այգեգործական քիմիկատներ և այլն:
Մայիսի 10-ին կայացավ «Փեթակ»-ի պաշտոնական բացումը, որին ներկա էին բելգիահայ բարերար և արտադրամասի հովանավոր-ներդրող Անդրե Կումուշճյանն իր ընտանիքով, հարազատներով, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Անդրանիկ-Ջոն Կասպարյանը, հիմնադրամի Արցախի պատասխանատու Էդիկ Գրիգորյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, մեղվաբուծությամբ զբաղվող քաշաթաղցիներ եւ այլք:
Ա. Կասպարյանը ներկայացրեց բարերարին՝ հայտնելով շնորհակալություն, որ այս դժվար ու պատերազմական օրերին մեր սփյուռքահայ հայրենակիցները ներդրում են կատարում հայրենիքում՝ նպաստելով Արցախի տնտեսության զարգացմանը: Կարևորեց արտադրամասի դերը, որը միակն է Արցախում արտադրում որակյալ մոմաթերթ:
– Վերաբնակեցում լայն իմաստով, որ նաև զարգացնենք շրջանի տնտեսությունը, որ քաշաթաղցին ունենա երաշխիք այստեղ ապրելու համար: Մեր հիմնադրամը բազում ծրագրեր է իրականացրել Քաշաթաղում, սակայն վերջին տարիներին զբաղվում ենք հիմնականում գյուղատնտեսության զարգացմամբ՝ կատարելով հացահատիկի ցանքս, ձեռնարկելով ջերմոցային տնտեսությունների զարգացում, և ահա նպաստելու ենք նաև մեղվաբուծության զարգացմանը, -հավելեց Ա. Կասպարյանը:
-Այսօր տեսնում ենք՝ պատերազմական վիճակ է այստեղ, սակայն մենք գիտենք՝ պետք է օգնենք մեր հայրենիքին. Սփյուռքը եղել է ու կլինի Արցախի թիկունքին, և այս արտադրամասի գործունեությունը մեր փոքր ներդրումն է: Հուսանք՝ այն կմեծանա, ավելի շատ աշխատակիցներ կունենա, ավելի մեծ դեր՝ Բերձորի, շրջանի համար, ավելի շատ մարդ կօգտվի «Փեթակ»-ի ծառայությունից, -ասաց ընկերության հովանավորը:
Արտադրամասի մուտքի կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Ա. Կասպարյանին և Դ. Դավթյանին: Հայտնելով շնորհակալություն՝ շրջանին տնտեսապես օժանդակելու համար, Դ. Դավթյանը տեղեկացրեց, որ Քաշաթաղում հողագործություն-այգեգործությունից ու անասնապահությունից հետո երրորդ տեղում մեղվաբուծությունն է: Կա մոտ 5000 փեթակ, և նման արտադրամասի առկայությունը կնպաստի այս ճյուղի զարգացմանը:
Արտադրամասի մի սենյակը հատկացված է մոմաթերթի արտադրությանը, մյուսը խանութն է: Համակարգող Մուրազ Ավետյանը տեղեկացրեց, որ հումքը մաքուր մեղրամոմ է, որը, անցնելով հատուկ ջերմային մշակում, դառնում է որակյալ, մանրէազերծ մոմաթերթ: Հավելեց նաև, որ հնարավորություն ունեն 1 ժամում արտադրել 120 հատ ստանդարտ և այլ չափսերի մոմաթերթ: Արդեն ունեն պատվիրատուներ Քաշաթաղի և Արցախի մյուս շրջաններից, Սյունիքի մարզից: Արտադրամասի գործունեությունն ուրախացրել է նաև շրջանի մեղվաբույծներին:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ