Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են փոխանցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ԵԽԽՎ համազեկուցողներին

Մայիս 11,2016 15:10

Քիչ առաջ ավարտվել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` Եվրոպայի խորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողներ բրիտանացի Ալան Միլի և իտալացի Ջուզեպպե Գալատիի հանդիպումը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ համազեկուցողներին հիմնականում հետաքրքրում էին սահմանադրական փոփոխությունների և ընտրական օրենսգրքի վերաբերյալ խնդիրները:

Պարոն Իշխանյանը նշեց, որ հանդիպումը եղել է փակ, համանախագահները չեն ցանկացել, որ զրույցի մանրամասները հրապարակվեն: Պարոն Իշխանյանը պարզապես փոխանցեց, որ համազեկուցողները հիմնականում եղել են լսողի դերում, իսկ իրենք ներկայացրել են իրենց մտահոգող հարցերը:

Այս առիթով պարոն Իշխանյանն ասաց. «Ես բարձրաձայնեցի մտահոգիչ կայուն մեծամասնության հարցը, որ ըստ նոր ընտրական օրենսգրքի` ընտրությունից հետո նույնիսկ երեքից ավելի կուսակցության թույլ չեն տա ստեղծել կոալիցիա, որ մյուս մարմիններն էլ, օրինակ, դատաիրավական և այլն, ստեղծվում են 3/5-ով, որը 60 տոկոսն է և կարող է համընկնել կայուն մեծամասնության հետ»:

Մեր այն դիտարկմանը` ԵԽԽՎ դիրքորոշումը հստակ է. այս հարցերում նրանք պահանջում են իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության կոնսոլիդացիա, բայց ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ համազեկուցողները ՀՀ իշխանության` որոշումների կայացման հարցում, պարոն Իշխանյանը պատասխանեց. «Սա մոնիտորինգի խումբն է, որը լսում է տարբեր կողմերին` ընդդիմությանը, քաղաքացիական հասարակությանը, եզրակացություններ անում և մտահոգությունները ներկայացնում իշխանությանը: Այլ հարց է, թե իշխանությունները հաշվի առնո՞ւմ են դրանք, թե՞ ոչ»:

Պարոն Իշխանյանը նշեց, որ բացի խորհրդատվական լծակներից ԵԽԽՎ պատվիրակներն այլ լծակներ չունեն:

Մեր այն հարցին` հետևաբար բարձրացված խնդիրների լուծումը հիմնականում կախված է ՀՀ իշխանությունների քաղաքական կամքի՞ց, իրավապաշտպանը պատասխանեց. «Խնդիրն այն է, որ ցանկացած տեղում, եթե հասարակությունն ուժեղ է, կարողանում է ինչ-որ իմաստով ինչ-որ հարցեր ստիպել, որ անի իշխանությունը, եթե հասարակությունն այդ ուժը չունի, իշխանությունները միշտ էլ անում են այն, ինչ իրենց ձեռնտու է»:

Հավելենք, որ սպասվում է, որ համազեկուցողները հանդիպումներ կունենան նաև ՀՀ նախագահի, վարչապետի, արդարադատության նախարարի, ՀՀ գլխավոր դատախազի, մի շարք խորհրդարանականների հետ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031