Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տնօրեններն ավելի աշխույժ են, քան իրենց աշակերտները». Կարո Նասիբյան

Մայիս 11,2016 14:45

«ՀՀ կրթության և գիտության նախարարությունը փորձելու է հնարավորինս պարզեցնել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների հավաստագրման քննությունները»,- այսօր Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների հավատարմագրման քննության մեկնարկին ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Նա նշեց, որ գործընթացը պարզեցնել այս տարի չեն հասցնի, բայց հաջորդ տարիներին այն տնօրենները, որոնք մեկ անգամ անցել են հավաստագրում և ունեն հավաստագիր, պարզապես զրույցի կհրավիրվեն. «Հանձնաժողովի կազմում զրույցին կմասնակցեն մեր հանրապետությունում հարգված մասնագետները: Պարզապես զրույց կլինի, և նրանք կստանան հավաստագրերը: Քննություններն ավելի պարզ կդառնան նրանց համար, որոնք առաջին անգամ կփորձեն մասնակցել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար քննություններին»:

Հանձնաժողովի անդամ Կարո Նասիբյանը փաստեց, որ քննությանը մասնակցում է 116 տնօրեն, տևում է 90 րոպե. «Թեստը բաղկացած է 60 առաջադրանքից, ի տարբերություն միասնական քննությունների՝ պատասխանների ձևաթղթում սխալն ուղղելու տեղ չկա: Տնօրենները կարող են կատարել ընդամենը 6 սխալ, այսինքն` 54 առաջադրանք պետք է ճիշտ կատարեն: Թեստերում առանձնապես փոփոխություն չի եղել, հիմնականում խմբագրական աշխատանքներ են կատարվել: Թեստը կազմվել է ԿԳՆ-ում և Գնահատման և թեստավորման կենտրոնի հետ որևէ առնչություն չի ունեցել»:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ հանձնաժողովի անդամն ասաց, որ մասնակցել է թե՛ դիմորդների ընդունելության, թե՛ տնօրենների հավաստագրման քննություններին, և տարբերությունը դիմորդների ու տնօրենների միջև սկզբից ևեթ երևում է. «Դիմորդները, երբ գալիս են, հանգիստ նստում են իրենց տեղերը, իսկ տնօրեններն ավելի աշխույժ են, քան իրենց աշակերտները: Հետաքրքիրն այն է, որ նստելուն պես տնօրենները սկսեցին աշխատել և կողքերը չնայել, իսկ աշակերտների մոտ այլ է. չգրող աշակերտը 10 րոպե հետո արդեն իր թեստին կամ պատասխան ձևաթղթին չի նայում»:

Նա նաև անդրադարձավ թեստի բովանդակությանը, նկատելով, որ չկա այնպիսի հարց, որ նրանց բնագավառից չէ. «Հարցերն օրենսդրական դաշտից են, սահմանադրությունից, կրթության մասին օրենքից, գնումների մասին օրենքից, այսինքն՝ այն ամենից, ինչը կապված է տնօրենի աշխատանքային գործունեության հետ, թե որ օրենքին է առնչվում»:

Քննության պատասխանները փակցվելու են դպրոցում քննության ավարտից մոտ մեկ ժամ հետո, հաջորդ փուլը բանավոր է լինելու՝ հարցազրույց, որն անցկացնելու է ԿԳՆ-ն:

 

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031