Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով ԼՂՀ անկախության ճանաչման մասին, ասաց, որ դա պետք է անել միջազգային հանրության աջակցությամբ, Մինսկի խմբի միջոցով:
Մեր հարցին՝ ինչո՞ւ մեր ռազմավարական գործընկերը չի աջակցում գոնե այս մասով՝ նա պատասխանեց. «Աջակցում է այնքանով, որքանով գոնե այս պահին դա անհրաժեշտ է: Մենք մեր ռազմավարական գործընկերներից դժգոհ չենք»:
Մեր հարցին՝ հայ հասարակությո՞ւնն էլ դժգոհ չի՝ նա պատասխանեց. «Ո՞վ է դժգոհ: Չեմ կարծում, որ էդ աստիճանի պետք է ծայրահեղացնել ամեն ինչ: Կարծում եմ, այն, ինչ տեղի է ունենում, պետք է դրա ենթատեքստերը տեսնել: Ցանկացած պարագայում մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ին չենք ասում զենքի առեւտուր մի արա Ադրբեջանի հետ: Մենք ասում ենք՝ դա այնպիսին պետք է լինի, որ այդ բալանսը չխախտվի: Այսօր Ադրբեջանը, բացի ՌԴ-ից, մի քանի այլ երկրներից զենք է գնում: Հայաստանը միայն ՌԴ-ի հետ է այդ հարցերը լուծում: Եթե ՌԴ-ն որոշում է զենք վաճառել Ադրբեջանին, նախեւառաջ պետք է տեսնի՝ բալանսը խախտվո՞ւմ է դրանից՝ մանավանդ, որ ՌԴ-ն հանդիսանում է միջնորդ կողմ»:
Հարցին՝ չե՞ք կարծում, որ սխալ է հենց, որ ՀՀ-ն միայն ՌԴ-ից է զենք գնում, կաշկանդում է իրեն, ՌԴ-ի հույսին է, դրա համար այս վիճակում է՝ Ռուստամյանը պատասխանեց. «Բոլոր զինատեսակները, որոնք այսօր չի կարող ապահովել, Հայաստանը կարող է դա կատարել ուրիշ երկրների միջոցով: Պիտի կարողանա դա անել»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը՝ ասում են՝ թույլ չեն տալիս՝ Ռուստամյանը չհամաձայնեց. «Ամեն ինչի մասին բացահայտ չպիտի խոսենք»:
Ինչ վերաբերում է 200 մլն դոլարի վարկի դիմաց ռուսական զենքին, թե ինչու է ուշանում, նա ասաց, որ տեխնիկական խնդիրներ են առաջացել, բայց դա չպետք է խոչընդոտ հանդիսանար, որ պայմանավորվածությունները խախտվեին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Վախեցա՞ր