Մայիսի 10-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում բացվեց Լևոն Աթոյանցի «Արցախ-1994» լուսանկարչական ցուցահանդեսը:
Ներկայացված էին արցախյան պատերազմի տարիներին արված լուսանկարները. 200-ից ավելի լուսանկարից ցուցադրված էր 30-ը:
Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ լուսանկարիչը պատմեց, որ սրանք 1994թ.-ին ներկայիս Ակնա և Վարանդա քաղաքների դիրքերում է նկարել, նկարել է իր համար, հիշողության համար. «Այն ժամանակ կինոռեժիսոր Կարեն Գևորգյանի հետ ժապավենով ֆիլմ էինք նկարում պատերազմի մասին: Հենց ժապավենը հանձնում էի, վերցնում էի ֆոտոխցիկն ու սկսում ինձ համար նկարել: Ու մնացին այս նկարները որպես հիշողություն, շատերը երևի մահացել են, չկան: Բարեկամներն ու հարազատները կարող են պատահաբար տեսնել և հիշել նրանց»:
Կարդացեք նաև
Պարոն Աթոյանցը նշեց, որ լուսանկարներում արված տղաներին ծանոթ չէ, անգամ չգիտի, թե ովքեր են ողջ. «Կռվի դաշտում նկարած նկարներ են: Մի նկար կա, իմ ուսանողն է նկարում, նա է ինձ գտել: Ես նրանց փորձել եմ աննկատ նկարել, որ փոխանցեմ նրանց իրական մտածմունքները, հայացքն ու ներաշխարհը: Երբ մարդուն հատուկ ես նկարում, անմիջական և անկեղծ չի լինում նկարը: Դրա համար փորձում էի աննկատ մնալ: Այս տղաներից յուրաքանչյուրը մաքուր, իսկական կինոհերոս է: Նրանց ժպիտն ամեն ինչ արժի»:
Լուսանկարիչը պատմեց լուսանկարներից մեկում սափրվող բժշկի մասին. «Հոսպիտալի ղեկավարն էր, ազգանունը` Մարուքյան: Մերոնք էլ են Մարուքյան՝ Արցախից. իմ պապական ազգանունն Աթոյանց չէ: Ամեն օր մի հարյուր հոգու վիրահատում էր: Մարուքյանը ծիծաղեցնում էր, կատակներ անում ճիշտ այնպես, ինչպես մենք մեր տանն էինք կատակում: Մոտեցա, հարցրի` դուք Մարուքյա՞նն եք: Նա էլ, թե` որտեղից իմացար: Բայց մահացավ: Չհասցրի իմանալ, թե որ գյուղից էր»:
Մեր այն հարցին՝ թե ինչով էր տարբերվում այդ պատերազմը ապրիլյան քառօրյա պատերազմից, նա ասաց. «Այն ժամանակ երբ կռիվ սկսվեց, և մենք պատրաստ չէինք, փորձառու չէինք, բանակ չունեինք, բայց կռվողն ու արյան գնով հայրենիքը պահողն այս տղաներն էին: Նրանց շնորհիվ ստեղծվեց բանակը: Եթե նրանք չլինեին, տարվեին, մեզ հետ չգիտեմ այսօր ինչ կլիներ: Նայեք նրանց դեմքերին: Ամեն մեկին մի ժամ, կես ժամ առաջ կամ սպանում էին կամ ինքն էր սպանում: Ի՞նչ պատմեմ. մարդիկ հայրենիքն էին պաշտպանում, ես էլ նրանց նկարում էի»:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ