Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀԿ-ն մայիսի 11-ին կազմակերպեց Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 40-ամյակին նվիրված քննարկում: «ԵԺԿ-ին անդամակցում են ՀՀԿ-ն, «Օրինաց Երկիր»-ը եւ «Ժառանգությունը»: Կարծում ենք` Եվրոպայի քաղաքական ընտանիքները կարող են օգտակար լինել ՀՀ-ի կուսակցական եւ քաղաքական համակարգերի զարգացման համար: Կարեւոր է, որ մեր կուսակցություններն օգտվեն Եվրոպայի քաղաքական ընտանիքներից` մեր ազգային եւ պետական շահերն առաջ տանելու համար: Հիշեցնեմ, որ նախորդ տարի ԵԺԿ-ին անդամակցող երեք կուսակցությունների ջանքերով ԵԺԿ քաղաքական համաժողովն ընդունեց աննախադեպ բանաձեւ` Հայոց ցեղասպանության շուրջ ամենախիստ ձեւակերպումներով»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին նույն համաժողովը, ՀՀԿ-ի նախաձեռնությամբ, ընդունեց բովանդակությամբ հայաստանամետ բանաձեւ:
Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե երբ է գործելու ՀՀԿ դպրոցը. «Քառօրյա պատերազմը փոխեց բոլոր օրակարգերը: Բնականաբար, մենք էլ այդ ազդեցության տակ ժամկետային փոփոխություններ ենք կատարել: Կարծում եմ` սեպտեմբերի մեկից` ավանդական ուսումնական տարվա մեկնարկի նախաշեմին, մենք կսկսենք Անդրանիկ Մարգարյանի անվան ՀՀԿ նորաստեղծ քաղաքական դպրոցի գործունեությունը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ