Եվրոպայում ամենամեծ ճանաչում վայելող երգի մրցույթներից մեկի՝ «Եվրատեսիլի» այս տարվա մրցույթի մասին ծավալուն անդրադարձ է տպագրել ռուսական Аргументы и Факты պարբերականը, փորձելով պարզել, թե ինչ կարելի է սպասել «Եվրատեսիլ 2016»-ից։
Ռուսական պարբերականի կարծիքով՝ ժամանակներն անցել են, երբ գնահատվում և ուշադրության էին արժանանում կատարողների գեղեցիկ ոտքերը, կամ տարօրինակ հագուստները. այսօրվա հանդիսատեսը շատ ավելի պահանջկոտ է, որին դժվար է զարմացնել։
Հոդվածի սկզբում АИФ-ը անդրադառնում է Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևի ելույթին, նշելով, որ ձևավորումների և դիզային առումով այն բավականին հագեցած և բարդ էր։ Այս ամենը նույնիսկ պատճառ դարձավ, որ կիսաեզրափակիչից առաջ տեղի ունեցած փորձերից մեկի ընթացքում Լազարևը սայթաքեց և վայր ընկավ։ Ինչեւէ, Լազարևին հաջողվեց հաղթահարել կիսաեզրափակիչի արգելքը, իսկ Ռուսաստանը սպասում է մայիսի 14-ին կայանալիք եզրափակիչին։
Կարդացեք նաև
АИФ-ը հիշեցնում է, որ դեռևս 2016թ. մարտին եվրոպացի հանդիսատեսը ցնցվեց, երբ Բելառուսի ներկայացուցչի պրոդյուսերը՝ Վիկտոր Դրոբիշը հայտարարեց, որ այդ երկիրը ներկայացնող Իվանը Սթոքհոլմի բեմ դուրս կգա ամբողջովին մերկ և գայլերի ուղեկցությամբ։ Դրոբիշի կարծիքով՝ այսպիսի նախաձեռնությունը չի կարող հաջողություն չբերել Բելառուսին։ Իրենց այս մտադրությունն իրականացնելու համար Բելառուսի ներկայացուցիչները երկարատև բանակցությունների մեջ էին կազմակերպիչների հետ, որից հետո Իվանին թույլատրվել է բեմ դուրս գալ գայլի ուղեկցությամբ, իսկ երգիչի հագուստի մասին հանդիսատեսը կիմանա հենց ելույթի ընթացքում, որը տեղի կունենա այսօր՝ մայիսի 12-ին՝ երկրորդ կիսաեզրափակիչի ընթացքում։
Չի դադարում աղմուկը նաև Իսրայելը ներկայացնող Հովի Սթարի շուրջ։ Իսրայելը ներկայացնող այս երգիչը հայտնի է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ, որի պատճառով բռնության էր ենթարկվել Ռուսաստանի օդանավակայաններից մեկում։
Այս ամենից բացի, «Եվրատեսիլ 2016»-ին հետևողները հնարավորություն կունենան հետևել պարող ռոբոտներին, որոնք կերևան մասնակիցների ելույթներից հետո տեղի ունեցող քվեարկության ընթացքում։
Դե իսկ երգի այս մրցույթի ամենասպասված իրադարձություններից մեկը Ջասթին Թիմբերլեյքի նոր Can’t stop the feeling երգի պրեմիերան է, որը կհնչի 2016թ. մայիսի 14-ին՝ «Եվրատեսիլ 2016»-ի եզրափակիչի քվեարկության ընդմիջմանը ։