«Երբ որ ժամանակը գա, կխոսենք»,- «Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման առաջընթացի գնահատում և Կայուն զարգացման օրակարգ 2030» զեկույցի ներկայացումից առաջ ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ե՞րբ ՀՀ-ն կճանաչի ԼՂ անկախությունը:
Քանի որ վարչապետը նոր է վերադարձել ԼՂՀ-ից, լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ ինչ վիճակ է առաջնագծում, վարչապետի պատասխանն էլի հակիրճ էր. «Կայուն»:
Վարչապետը նաեւ հավելեց, որ Արցախում թե զինվորները, թե պատգամավորները շատ հստակ ու բարձր վստահություն ունեն մեր ապագա հաղթանակների նկատմամբ:
Նա նաեւ ասաց, որ Արցախում քննարկվել են նաեւ տնտեսական խնդիրներ ու բոլոր հարցերի շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ. «Ինչ վերաբերում է ԼՂ ճանաչմանը, հանրապետության նախագահը շատ հստակ իր դիրքորոշումը հայտնել է, որ եթե ադրբեջանական կողմը շարունակի պատերազմը, մենք ստիպված կլինենք գնալ այդ քայլին, առայժմ դրա անհրաժեշտությունը չկա»:
Հարցին, թե ինչու է ուշանում փոխօգնության պայմանագիրը կամ հնարավոր է դա չլինի, պարոն Աբրահամյանը շարունակեց. «Չի ուշանում, քննարկման նախապատրաստական փուլում է.:
Aravot.am-ի հարցին, թե նախօրեին Հայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինը զարմացել էր լրագրողների հարցից, թե ինչու է ՌԴ-ն շարունակում զենք վաճառել Ադրբեջանին եւ ասել, թե ցույց տվեք փաստեր, որոնք կվկայեն, որ ՌԴ-ն շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, ինչ որ բան փոխվե՞լ է, վարչապետը պատասխանեց. «Ինքը հարց է տվել փաստաթղթերի հետ կապված, ես ինչ արձագանքեմ: Մենք մեր ցանկությունը, նպատակը, որպես ռազմավարական գործընկեր, մի քանի հարթակներից հայտնել ենք եւ մեր դիրքորոշումը չի փոխվել: Պարզապես, զբաղված ենք կարեւոր գործով՝ տնտեսության զարգացումը, որից կախված է մեր ապագա բոլոր հաջողությունները, որոշ քայլեր ենք ձեռնարկում, վաղը կառավարության նիստից առաջ հանդես կգամ հայտարարությամբ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ