Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան կվիժեցնի բանակցային գործընթացը, ՀՀ-ին այլընտրանք չի մնա, քան ճանաչել ԼՂՀ-ն». Արմեն Աշոտյան

Մայիս 11,2016 12:25

ԼՂՀ-ն «դե ֆակտո» ճանաչված է ոչ միայն ՀՀ-ի կողմից: Դրա վառ վկայությունն են իշխանությունների միջեւ պարբերական շփումները, իրավապայմանագրային դաշտը, ռազմաքաղաքական գործակցության մասին պատրաստվող պայմանագիրը: ԼՂՀ-ն «դե ֆակտո» ճանաչված է նաեւ Ադրբեջանի կողմից, որը 1994թ. ստորագրել է եռակողմ պայմանագիր, «դե ֆակտո» ճանաչված է նաեւ Մինսկի խմբի համանախագահների կողմից»,-մայիսի 11-ին Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 40-ամյակին նվիրված քննարկումից  հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ինչ վերաբերում է «դե յուրե» ճանաչմանը, ապա այն պատմական առումով այլընտրանք չունի: Այն կարող է տեղի ունենալ երկու սցենարով: Առաջինի դեպքում՝ երկարաժամկետ խաղաղ բանակցություններն են, եւ ԼՂՀ-ի` որպես միջազգային իրավունքի սուբյեկտի ճանաչումը: Երկրորդը «ֆորսմաժորային» սցենարն է. երբ Ադրբեջանի կողմից կունենանք լայնածավալ ագրեսիա, որն ամբողջությամբ կվիժեցնի բանակցային գործընթացը, ՀՀ-ին այլընտրանք չի մնա, քան ճանաչել ԼՂՀ-ն»,-նշեց Արմեն Աշոտյանը:

Դիտարկմանը, թե լայնածավալ ագրեսիան արդեն իսկ եղել է, նա այսպես արձագանքեց. «ՀՀ-ն դրել է համապատասխան երեք կետեր, բայց դա չի նշանակում, որ բանակցային գործընթացն այժմ վիժեցվել է: Երբ խոսում ենք ագրեսիայի մասին, խնդիրը հարձակման ծավալի մեջ չէ, այլ քաղաքական հարթության: Մեր զոհերի արյամբ պաշտպանեցինք մեր երկու հայկական պետականությունները, բայց հավատացնում եմ` առաջին իսկ պատեհ պարագայում, երբ բանակցային գործընթացի որեւէ հեռահար հնարավորություն չմնա, երբ միջազգային գործընկերների ջանքերը փաստվեն որպես ապարդյուն… Եթե առաջին օրերին Ադրբեջանը մի կերպ կարողանում էր մոլորեցնել միջազգային հանրությանը, թե ով է սկսել պատերազմը, ապա որքան ժամանակ անցավ պատերազմից, այնքան ավելի ակնհայտ դարձավ, որ այդ հարցը չի էլ քննարկվում: Փաստերն ակնհայտ են, բոլորը գիտեն` ով ինչ է արել»:

ՀՀԿ փոխնախագահի բնորոշմամբ` ՀՀ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբից ակնկալում է համապատասխան հայտարարություններ, վստահության մթնոլորտի ստեղծում, ռազմական գործողությունների հետաքննության մեխանիզմների ներդրում եւ անվտանգության երաշխիքներ:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031