Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթողին վայել կեցվածք

Մայիս 11,2016 11:45

Նա, ով հաղթել է, պետք է իրեն պահի համապատասխանաբար: Հաղթողը պետք է լինի մեծահոգի, բարձր, ներողամիտ: Անկախ այն բանից, թե ինչ ծանր գնով է հաղթել: Անկախ այն բանից, որ հաղթել է ոչ թե արժանավոր հակառակորդի, այլ, ասենք, ստոր եւ քսու մի երեւույթի, լինի դա մարդ, թե պետություն:

Հաղթողը պետք չունի իրեն պարտվածի հետ համեմատելու: Հաղթողն իր քայլերը չի պայմանավորում պարտվածի քայլերով: Հաղթողը պարտվողին նայում է վերեւից, իր հաղթանակի բարձունքից:

Այդ պարտվողն է, որ այլընտրանք ունի, կամ արժանապատվորեն ընդունել իր պարտությունը, եւ արժանանալ հաղթողի ոչ թե ներողամտությանը, այլ հարգանքին, կամ անցնել ստոր եւ քստմնելի արարքների, որպեսզի մեղմի իր պարտության ցավը:

Հաղթող մարզիկը պարտված հակառակորդի ձեռքը սեղմելուց հետո իրեն չպիտի թույլ տար նրա թիկունքի հետեւում ծամածռություններ անել, միջնամատ բարձրացնել: Նախ, դա պարտվողին արժանի քայլ է, ոչ թե հաղթողին: Երկրորդ, դա ինքն իրեն հարգող մարդուն, տղամարդուն հարիր քայլ չէ՝ ձեռք սեղմել եւ թիկունքում հայհոյել: Անո՞ղ էիր, դեմ դիմաց անեիր՝ ձեռքը չսեղմեիր, այլ կանգնեիր ու աչքերի մեջ նայելով ցուցամատդ բարձրացնեիր կամ լեզու հանեիր: Չէի՞ր անի, չէ՞, որովհետեւ դա մարզիկին վայել արարք չէ, իսկ թիկունքից նման բան անելը վայե՞լ էր: Վայրկյանների ընթացքում ձեռք բերած գեղեցիկ հաղթանակի վրա արժե՞ր նման բիծ քսելը: Արժե՞ր մանրացնել հաղթանակը նման ոչ հաղթական ժեստով:

Հաղթող երկրի Հանրային հեռուստաընկերության եթերում գոնե անունով երաժշտական մրցույթի հեռարձակման ժամանակ հակառակորդ երկրի անունը չտալը պարզապես մանկամտություն է: Նման արարք եւ է՛լ ավելի ցածր քայլեր իրեն թույլ է տվել Ադրբեջանը, դա հասկանալի է, դա այն երկիրն է, որը միայն ցածր, հարգանքի ոչ արժան քայլերով է հայտնի դառնում ցանկացած ասպարեզում: Դա պարտված երկիր է: Բայց մե՞նք ինչ ունեինք՝ նման մանկամտություն դրսեւորելու համար: Հաղթանակի բերկրանքը միայն հպարտություն պետք է առաջացնի եւ ոչ թե «աբիժնիկական» դրսեւորումների տեղիք տա:

Ինձ համար անընդունելի են հակադարձումները, թե՝ բա որ Ադրբեջանը այսպես է անում, այնպես է անում… Ինձ համար Ադրբեջանը երբեք չափանիշ չի եղել, առավել եւս ընդօրինակելու համար: Տեսնես նման հակադարձումներ բերողների համար Ադրբեջանը եւ նրա կարկառուն ներկայացուցիչները ընդօրինակման արժանի՞ երեւույթ են համարվում:

Այս լուսանկարը, որ դրված է այս նոթի հետ, ինձ համար իրական հաղթողի խորհրդանիշն է: Հաղթանակած հայ զինվորը, որ մխիթարում է պարտված բանակի կողմից անտեր թողնված ադրբեջանցի տատիկին: Հաղթանակը սա՛ է:

 

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031