2016թ. մայիսի 11-ին Շվեդիայի մայրաքաղաք Սթոքհոլմում տեղի ունեցավ «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որի ընթացքում ելույթ ունեցավ նաև Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը։ Այս մասին հաղորդում է Wiwibloggs.com կայքը։
Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը ելույթ ունեցավ 7-րդը, որից հետո առաջին կիսաեզրափակչի ևս 9 մասնակցի հետ իրավունք ստացավ մասնակցել մայիսի 14-ին կայանալիք եզրափակչին։
Ելույթներից հետո տեղի ունեցավ մասնակիցների մամուլի ասուլիսը։ Սթոքհոլմի լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչը հարց ուղղեց Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանին՝ կապված հայկական պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղի դրոշը ծածանելու պատճառների հետ։ Շվեդ լրագրողը մասնավորապես հարցրել էր Իվետային, թե ինչն է պատճառը, որ հայկական պատվիրակությունը որոշեց ծածանել Եվրոպայում ամենաքաղաքականացված դրոշներից մեկը համարվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը։
Կարդացեք նաև
Հարցին ի պատասխան՝ Իվետա Մուկուչյանն ասել է. «Դուք չպետք է մոռանաք, որ ես ներկայացնում եմ իմ երկիրը, իմ սիրտը, իմ մտքերը, և իմ ամբողջ զգացմունքները։ Իմ մտքերը իմ հայրենիքի հետ են։ Ես պարզապես ուզում եմ, որ խաղաղություն լինի սահմաններին, Հայաստանը պարզապես խաղաղություն է ուզում և նաև այդ է պատճառը, որ ես գրել եմ այս երգը։ Այս է պատճառը, որ մենք ծածանել ենք դրոշը։ Ես պարզապես խաղաղություն եմ ուզում այս աշխարհում»։
Տեղեկացնենք, որ Արցախի վերաբերյալ հարց էր ուղղվել նաև Ադրբեջանի ներկայացուցչին, որը հրաժարվել է պատասխանել՝ ասելով, որ Եվրատեսիլը երգի մրցույթ է։
https://www.youtube.com/watch?v=IStIDoypQqY
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա այսօր՝ մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը 2016թ. մայիսի 14-ին։ Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի հետ միասին եզրափակիչում ելույթ ունենալու իրավունք են ստացել նաև Ռուսաստանի, Ադրբեջանի, Նիդեռլանդների, Հունգարիայի, Խորվաթիայի, Ավստրիայի, Չեխիայի, Կիպրոսի ու Մալթայի ներկայացուցիչները։