Կապ հաստատեցինք մոսկովյան Euromusic Entertainment ընկերության գլխավոր պրոդյուսեր Տարոն Պողոսյանի հետ, որը Արմեն Գոնդարչյանի ընկերն է, միասին համերգներ են կազմակերպում։ Երգչի վերջին մոսկովյան համերգը նույնպես Տարոն Պողոսյանն է կազմակերպել, դրանից ստացված հասույթից էլ նա բարեգործություն էր արել։
– Տարոն, համացանցում հայտնված աղմկահարույց տեսանյութն այս օրերի՞ է, ո՞ր զորամասում է նկարահանվել, նախնական պայմանավորվածություն, թողտվություն եղե՞լ է Պաշտպանության նախարարության հետ՝ այդպես
աջակցելու զինվորներին։
– Արմենը հիմա Ղարաբաղում է: Չեմ կարող ասել՝ որ զորամասում էր, բայց կարծեմ Հադրութում էր։ Ուղղակի ապրիլի 30-ին Մոսկվայում համերգ էինք կազմակերպել, ու որոշեցինք, որ այդ համերգին աշխատած գումարը որպես օգնություն գնա Ղարաբաղին։ Քանի որ շատ դեպքերում նման օգնությունները տեղ չեն հասնում, ինքը որոշեց, որ պետք է անձամբ բերել ու անձամբ հանձնել։ Դրա մեջ ի՞նչ վատ բան կա։ Մեր հայերը միշտ բան են ման գալիս, որ մարդուն
քննադատեն։
– Քննադատողներից շատերը նշում էին, որ նվաստացուցիչ է շարքով զինվորին տոպրակներ բաժանելը։ Դուք դրա մեջ արժանապատվության ոտնահարում չե՞ք տեսնում։
– Գիտե՞ք ինչ, տեղում ինչպես գտել են հարմար, այնպես էլ երեւի վարվել են։ Այնտեղ ոչ մեկն իրենց չի առաջարկել բերել, շարք կանգնեցնել զինվորներին։ Զորամասերում ինչպես հարմար է եղել, այնպես են ասել՝ ամեն մարդ գա, ստանա իր օգնությունը։ Մարդկանց նվերն են տալիս ուղղակի, չգիտեմ ինչ չէ։
– Իսկ ի՞նչ կար այդ տոպրակներում։
– Տարբեր, սկսած սիգարետից… Այն, ինչ որ այսօր ավելի անհրաժեշտ է։ Ես կոնկրետ դրանով չեմ զբաղվել, որովհետեւ Արմենն է տեղում ամեն ինչը գնել, բայց ամեն մարդ հիմա ինչով կարողանում է, նրանով օգնում է, պետք չէ նշել՝ ինչ է, ինչ չէ։ Ինչ ասել են զինվորներին հարկավոր է, այն էլ գնել ենք։
– Եթե բարեգործություն է արվում, դա տեսախցիկների ներկայությա՞մբ պետք է
արվի՝ հետո աշխարհին ցուցադրելու:
– Չէ, դա ուղղակի հեռախոսով կողքից նկարել են։ Հեռուստատեսություն, տեսախցիկ, այդպիսի բաներ չեն եղել։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում