Ընդհանուր մենամարտերի OFS 1 մրցաշարում ադրբեջանցի Ռուսլան Մուրթազովին վայրկյանների ընթացքում շարքից դուրս բերած Ալբերտ Ղազարյանը մարզիչ, Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանի հետ միասին երեկ վերադարձան հայրենիք:
«Առավոտի» հետ զրույցում նրանք հետաքրքիր մանրամասներ ներկայացրին ինչպես մենամարտից առաջ, այնպես էլ ընթացքում ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին:
Հայկ Ղուկասյանի խոսքերով, մենամարտից առաջ իրենց հորդորել են՝ անել այնպես, որպեսզի այն քաղաքական երանգ չստանա: Մասնավորապես, ագելել էին, որ Ալբերտ Ղազարյանը զինվորական համազգեստ կրի: Սակայն Ալբերտը վերջին պահին կուլիսների ետեւում զգեստափոխվել, հագել է զինվորական համազգեստը ու մտել ռինգ: Իրենց չի կաշկանդել անգամ, Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի ներկա գտնվելը մարզադահլիճում:
Ալբերտ Ղազարյանը ժպիտով ասաց, որ ինքը մարզչի եւ ամբողջ թիմի հետ մանրամասն ուսումնասիրել էր ադրբեջանցու վերջին մենամարտերը եւ իրենք միասին որոշել էին իրենց անելիքը: «Ուզում էի ավելի երկար ծեծել, բայց մրցավարը մի կերպ ձեռքիցս տարավ: Ադրբեջանը վերջապես պետք է գիտակցի, որ հայն ուժեղ է, որ ինքը ռազմի դաշտում եւ մրցասպարեզում չի կարող հաղթել հային», – ասաց վերջին երկու օրերի հերոսը: «Առավոտի» հարցին, թե ինքը բազմաթիվ հաղթանակներ է տարել, բայց այս մեկում էներգետիկան ավելի շատ էր, Ալբերտը պատասխանեց. «Սպորտում բոլոր հաղթանակներն էլ կարեւոր են ու դրա համար հարկավոր է շատ ջանքեր գործադրել: Բայց այս մեկն, իսկապես, ուրիշ էր: Մեջս խոսում էր ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա նենգ պատերազմում տասնյակ հայ զինվորների ու խաղաղ բնակչության նահատակման ցավը: Բայց նաեւ ոգեշնչում էր նույն հայ զինվորի սխրանքն ու հերոսությունը: Դրա համար ուզում էի ադրբեջանցուն մի լավ պատժել: Ու երջանիկ եմ, որ դա արեցի»:
Հայկ Ղուկասյանը նաեւ ասաց, որ ինքը Ալբերտին հրահանգել էր մրցակցին կոտրվածքներ չհասցնել, այլ, այսպես ասած, դաստիարակչական ծեծի ենթարկել՝ առանց շտապելու: Բայց հանգամանքներն այնպես զարգացան, որ իր սանը վայրկյանների ընթացքում ադրբեջանցուն «տակն առավ» ու սկսեց խեղդել: Դրանից հետո Ալբերտը պետք է նրան թույլ տար շարունակել մարտը ու շարունակեր իր գործը: Որպեսզի Մուրթազովն իր վրա զգա մարտից առաջ Ալբերտին խոստացած ցավը: Բայց ինչ արած. Ադրբեջանցին նախահարձակ եղավ ու արժանի հակահարված ստանալով՝ անմիջապես «զինադադար խնդրեց» մրցավարից:
Կարդացեք նաև
Պարոն Ղուկասյանը նաեւ տեղեկացրեց, որ մրցամարտի հաղթողին դրամական պարգեւ էր սահմանված եւ ինքն ու իր սանը որոշել են ամբողջ գումարով սահմանները պաշտպանող հայ զինվորների համար անհրաժեշտ պարագաներ ձեռք բերել եւ անձամբ դրանք տանել Արցախ: Հայկ Ղուկասյանը նաեւ պատմեց, որ «Լուժնիկիում» Ալբերտի եւ Մուրթազովի բավականին մեծ թվով երկրպագուներ կային, որոնք տեղ էին զբաղեցրել հակադիր տրիբունաներում: «Երբ ադրբեջանցին խայտառակ պարտություն կրեց, մարտից առաջ ադրբեջանցիների ակտիվ տրիբունայում սգո սրահի լռություն տիրեց ու նրանք շատ արագ ազատեցին տարածքը», – հիշեց պարոն Ղուկասյանը:
Ալբերտ Ղազարյանը նաեւ նշեց, որ ցանկացած պահի պատրաստ է ընդունել ադրբեջանցու ռեւանշ մրցամարտի առաջարկը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.05.2016