Չորեքշաբթի օրը՝ մայիսի 11-ին տեղի ունեցավ կոլեկտիվ հեղինակային իրավունքի հարցերին նվիրված աշխատաժողով պետական քաղաքականության փորձագետների, մտավոր սեփականության հարցերով իրավագետների և մասնավոր հատվածի փորձագետների մասնակցությամբ, որ կազմակերպվել էր ԱՄՆ դեսպանության կողմից: Մեկօրյա աշխատաժողովը նպատակ ուներ դիտարկել հեղինակային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների դերը մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հարցում:
Հեղինակային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպություններն այն կառույցներն են, որոնք կարող են հանդես գալ հեղինակների և կատարողների անունից: Այս կազմակերպությունները թողարկում են հեղինակային իրավունքի լիցենզիաներ, որոնք մյուսներին թույլ են տալիս օգտվել կազմակերպության անդամների աշխատանքներից: Նրանք ապահովում են հեղինակային իրավունքի բիզնես բաղադրիչը՝ անդամների անունից բանակցելով հոնորարների չափը և օգտագործման պայմանները: Նրանք նաև ապահովում են հոնորարների ստացումը և բաշխումը:
«Մտավոր սեփականության իրավունքի պաշպանությունը տնտեսական զարգացումը խրախուսելու հարցում կարող է առանցքային դերակատարում ունենալ, – բացման իր խոսքում ասաց ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Քլարք Փրայսը, – Միացյալ Նահանգները սատարում է մտավոր սեփականության իրավունքների ապահովման ու պաշտպանության բարելավմանն ուղղված Հայաստանի հանձնառություններին: Այդ իրավունքների պաշտպանությունը խիստ կարևոր է նորարարությունը խթանելու ու ուղղակի օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հարցերում»:
Միջոցառումը կազմակերպվել էր Դեսպանության ու ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի կողմից: Այն պլանավորվել էր տեղի երկու գործընկեր կազմակերպությունների օգնությամբ՝ Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն և ՀՀ արդարադատության նախարարության կողմից ձևավորված «Հայհեղինակ» հեղինակային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպություն:
Մեկօրյա աշխատաժողովի ընթացքում եղան զեկուցումներ հեղինակային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող երկու եվրոպական կազմակերպությունների՝ Հունգարիայի Artisjus-ի և Ֆրանսիայի SACEM-ի փորձագետների կողմից: Այլ թեմաների հետ մեկտեղ մասնակիցները քննության առան հեղինակային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների դերերն ու գործառույթները, դրանց կարևորությունը երկրի մշակութային ժառանգության պաշտպանության հարցում, լիցենզային պայմանագրերի նպատակը, սակագների սահմանման տրամաբանությունը և «Հայհեղինակի» աշխատանքի միջազգային համատեքստը:
Աշխատաժողովի նպատակներից մեկը հեղինակային իրավունքների ծառայություններ մատուցելու հարցում «Հայհեղինակի» կարողությունների խթանումն է, մասնավորապես՝ հասարակությանը հեղինակային իրավունքների պաշտպանության կարևորության ու այդ գործընթացում հեղինակային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների ունեցած դերի մասին իրազեկելու միջոցով:
«Աշխատաժողովը նպատակ ունի օգնել Հայաստանի մասնավոր ու հանրային հատվածին՝ ավելի լավ պատկերացնելու հեղինակային իրավունքի պաշտպանության կարևորությունը և հասկանալու այն դերը, որ վերապահված է հեղինակային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպություններին՝ ստեղծագործողների ու հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերի վերջնական սպառողների իրավունքների պաշտպանության հարցում, – ասաց փոխդեսպան Փրայսը, – մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը հույժ կարևոր է ուղղակի օտարերկրյա ներդրումների ներգրավման, նորարարությունների խթանման ու երկրի մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար»:
ԱՄՆ դեսպանություն